ԵԽԽՎ նախագահ է ընտրվել Սոցիալ-դեմոկրատների ներկայացուցիչ, Իտալիայի պատվիրակության ղեկավար Միկելե (Միշել) Նիկոլետտին։ Նիկոլետտին ընտրվել է առանց ֆորմալ քվեարկության, քանզի այլընտրանքային թեկնածու չի եղել: ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության նախկին անդամ Նաիրա Կարապետյանի խոսքով, անձամբ ճանաչելով Նիկոլետտիին վստահորեն կարող է փաստել, որ նման սկզբունքային, լուրջ, օբյեկտիվ, արդար և խիստ հավասարակշռված մարդը բարձր է պահելու Վեհաժողովի վարկանիշը։ «Բարձր դասելով ժողովրդավարական սկզբունքները, Նիկոլետտին առաջիններից մեկն էր, որ ընդվզեց կոռուպցիայի մեջ թաղված Ագրամունտի դեմ, նախաձեռնելով Վեհաժողովի առողջացմանն ու ինքնամաքրմանը տանող մի շարք քայլեր։ Ի սրտե հաջողություն եմ մաղթում ԵԽԽՎ նոր նախագահին»,- facebook-յան իր էջում գրառել է Կարապետյանը: Հիշեցնենք, այսօր Ստրասբուրգում մեկնարկել է ԵԽԽՎ ձմեռային նստաշրջանը, որի ընթացքում ելույթով հանդես կգա նաև ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը: