ՌԴ ԱԳՆ-ն՝ Բաքվում հակահայկական ակցիային մասնակցած պատգամավորների մասին
Սարսափելի եւ արյունալի ղարաբաղյան հակամարտությունը մահ եւ տառապանք է բերել բազմաթիվ անմեղ մարդկանց՝ և՛ հայերին, և՛ ադրբեջանցիներին: Այս մասին ավանդական ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ մեկնաբանելով հարցը, թե ինչպե՞ս են Պետդումայի տարբեր խմբակցություններից պատգամավորները Բաքվում մասնակցել վառ արտահայտված հակահայկական ակցիային եւ ով է եղել այդ ակցիայի նախաձեռնողը՝ նախագահի աշխատակազմը, Պետդուման թե ՌԴ-ում աշխատող օտարերկրյա հիմնադրամենրը:
Զախարովան հիշեցրել է, որ ՌԴ-ն հակամարտությունը միշտ մեծ ողբերգություն է համարել եւ շարունակում է այդպես կարծել: Ինչ վերաբերում է հարցին, թե ովքեր են նախաձեռնողները եղել՝ շեշտել է, որ այդ հարցը ճիշտ է տալ հենց մասնակից պատգամավորներին.
«Ռուսաստանը զգալի, շատ մեծ և վճռական ջանքեր է գործադրում այս հակամարտության խաղաղ հանգուցալուծմանը հասնելու հարցում, մենք հետագայում էլ դրան առաջնային ուշադրություն կդարձնենք տվյալ տարածաշրջանում մեր քաղաքականության համատեքստում: Դուք ասացիք, որ այնտեղ մասնակցել են ռուս պատգամավորներ... ինձ թվում է, որ ինքնակազմակերպման տեսանկյունից ճիշտ կլինի հարցն ուղղել հենց նրանց, ովքեր անմիջական մասնակցություն են ունեցել այդ միջոցառմանը: ՌԴ ԱԳՆ-ն տվյալ միջոցառման կազմակերպիչը և համակազմակերպիչը չի եղել»,- ասել է Զախարովան:
Հիշեցնենք, նախօրեին Ռուսաստանի Դաշնության խորհրդի լիագումար նիստում ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը տարակուսանք է հայտնել առ այն, որ ռուսաստանցի որոշ գործընկերներ, նրանցից ոմանք անգամ հայ-ռուսական միջխորհրդարանական հանձնաժողովի անդամ, երկու օր առաջ Բաքվում մասնակցել են վառ արտահայտված հակահայկական ակցիայի։
«Ռուսաստանցի մեր որոշ գործընկերներ Բաքվում մասնակցել են վառ արտահայտված հակահայկական ակցիայի: Ավելին, արդարացի տարակուսանք է հարուցում, որ նրանցից ոմանք անգամ հայ-ռուսական միջխորհրդարանական հանձնաժողովի անդամ են»,- մասնավորապես հայտարարել է Արարատ Միրզոյանը։
Նշենք, որ հակահայկական վառ ընդգծված ակցիային մասնակցել է նաև պատգամավոր Իրինա Ռոդնինան, որը հանդիսանում է հայ-ռուսական միջխորհրդարանական հանձնաժողովի անդամ: