ՀՀ-ն ՌԴ-ին դիտարկում է, որպես իր ռազմավարական դաշնակից՝ դա Նիկոլ Փաշինյանի կառավարության արտաքին քաղաքականության առաջնահերթությունն է: Այդ մասին ՌԴ-ի Դաշնային Խորհրդում իր ելույթի ժամանակ հայտարարել է ԱԺ խոսնակ Արարատ Միրզոյանը:
Ըստ նրա, անհնար է սեպ խրել հայ-ռուսական հարաբերությունների մեջ, քանի որ դրանք քաղաքական կոնյուկտուրայից վեր են:
Միրզոյանի ելույթը Մոսկվայում շատ կարևոր ազդակ է Երևանի կողմից Մոսկվային, որ հայ-ռուսական հարաբերությունները զարգանալու են անկախ ՀՀ-ի ներքաղաքական զարգացումներից: ՀՀ-ի նոր կառավարությունն այս կերպ նաև մեսիջ է հղում Մոսկվային, որ ՌԴ-ն կարող է լիովին վստահել և հենվել այս կառավարության և Փաշինյանի թիմի վրա՝ չփորձելով գտնել այս էլիտային այլընտրանք:
Միրզոյանն իր ելույթում կարևորեց հայ-ռուսական համագործակցությունը Սիրիայում, հայկական պատվիրակության գործուղումը արաբական այդ երկիր, ինչը նաև Երևանի կողմից իր դաշնակցային պարտքի կատարումն է ՌԴ-ի առջև՝ ՀԱՊԿ-ի շրջանակներում, ինչպես նաև Մոսկվա-Երևան երկկողմ ֆորմատներում:
Միրզոյանի ելույթում կարմիր գծով անցնում էր այն միտքը, որ ՀՀ-ում տեղի ունեցած թավշյա հեղափոխությունը չունի հակառուսական բնույթ, դա Մոսկվայի դեմ ուղղված Մայդան կամ գունավոր հեղափոխություն չէ ու Երևանը չի պատրաստվում խզել ռազմավարական կապերը ՌԴ-ի հետ կամ 180 աստիճանով շրջվել դեպի Արևմուտք, ինչպես դա տեղի ունեցավ Վրաստանում և Ուկրաինայում:
Միրզոյանը մի քանի անգամ շեշտեց Մոսկվա-Երևան հարաբերությունների ռազմավարական բնույթը: Փաստորեն, ՀՀ-ի այսօրվա իշխող վերնախավը հասկացել է, որ առանց Մոսկվայի հետ սերտ ռազմավարական կապերի Հարավային Կովկասի տարածաշրջանում ՀՀ-ի պետականության ու Արցախի գոյությունը լուրջ հարվածի տակ է լինելու՝ ռազմական, էներգետիկ, տնտեսական առումներով հայ-ռուսական հարաբերությունները սերտորեն կապված են և դուրս են քաղաքական այսօրվա կոնյունկտուրայից:
Միրզոյանը Մոսկվայում փաստացի ընդգծեց Հայաստանի արտաքին քաղաքականության real politik բնույթը՝ ՀՀ-ն չի կարող դուրս գալ ՌԴ-ի ազդեցության գոտուց, ՌԴ-ի ռազմական ներկայությունը ՀՀ-ում հայկական պետության անվտանգության կարևորագույն տարրն է, իսկ թուրք-ադրբեջանական ռազմական տանդեմին հակազդելու և փխրուն բալանսը պահելու համար Երևանը կարող է հենվել միայն ՌԴ-ի վրա:
ԱԺ խոսնակ Արարատ Միրզոյանի ելույթը ՌԴ Դաշնային Խորհրդում հնարավոր է եղել կազմակերպել ՌԴ-ում ՀՀ-ի դեսպան Վարդան Տողանյանի ակտիվ ջանքերի ու կապերի շնորհիվ: