1.08.2025
Թեբրիզ քաղաքում հայկական Արարատ ֆուտբոլային ակումբի շենքի վրա անհայտ անձինք գրառումներ են կատարել՝«Ղարաբաղն՝ Ադրբեջանի անբաժանելի մասն է»
02.03.2019
Բաքուն ցանկանում է Իրանի հյուսիսում ստեղծել հակահայկական ճակատ

Իրանի հյուսիսում գտնվող ադրբեջանաբնակ Թեբրիզ քաղաքում հայկական Արարատ ֆուտբոլային ակումբի շենքի վրա անհայտ անձինք գրառումներ են կատարել՝«Ղարաբաղն՝ Ադրբեջանի անբաժանելի մասն է»: Բացի այդ, Տրակտորսազի ֆուտբոլային ակումբի խաղի ժամանակ մարզադաշտում երկրպագուները վանկարկում են «Ղարաբաղը մերն է և մերն էլ մնալու է»: Տեսանյութերում նաև երևում է, թե ինչպես երկրպագուներից ոմանք իրենց մատերով ցույց են տալիս պանթուրքական Գորշ գայլեր խմբավորման նշանը: Իրանի հյուսիսային ադրբեջանաբնակ շրջանում՝ Արևելյան Ադրբեջանում, այդպիսի պանթուրքական, ազգայնական և հակահայկական գրառումներն ու վանկարկումները հաջորդել են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի Իրան կատարած այցին: Այսպիսի հակահայկական և ադրբեջանամետ ակցիաները պետք է մտահոգեն նաև Իրանի հատուկ ծառայություններին, քանի որ առանց լուրջ կազմակերպչական միջոցառումների այդպիսի ակցիաներ չէին կարող կյանքի կոչվել: Երևում է, որ Իրանի հյուսիսում ակտիվորեն գործում են Ադրբեջանի և Թուրքիայի հատուկ ծառայությունները, ում դրդմամբ էլ տարածվում են այսպիսի հակահայկական կոչեր՝նպատակ ունենալ ՀՀ-ի համար հակահայկական ճակատ բացել նաև հարավից՝Արաքս գետից այս կողմ: Իրանում միշտ էլ ակտիվ են եղել անջատողական, ազգայնական շարժումները՝քրդական, բելուջական, ադրբեջանական, արաբական և այլն: Սակայն այս պարագայում ՀՀ-ին ու Արցախին պետք է մտահոգի հատկապես Իրանի հյուսիսի ադրբեջանական ազգայնականությունը, քանի որ Իրանի Արևելյան Ադրբեջան շրջանը սահմանակցում է ՀՀ-ին ու Արցախին: Դա նշանակում է, որ Բաքուն և Անկարան կփորձեն այստեղ ձևավորել հակահայկական խմբեր, որոնք կարող են գործել նաև ընդդեմ ՀՀ-Իրան էներգետիկ-տրանսպորտային կապերի ու շահերի՝հարձակումներ իրականացնելով հայկական մեքենաների, զբոսաշրջիկների վրա, ինչպես նաև Ղարաբաղում պատերազմի դեպքում Արցախի հարավից նոր լարվածության օջախ ստեղծել, որպեսզի Արցախը գրեթե բոլոր կողմերից շրջապտված լինի ադրբեջանական օղակով: Չմոռանանք, որ Բաքվի ազգայնական շրջանակների մոտ առկա է Մեծ Ադրբեջան ստեղծելու պանազերիական, պանթուրքական ռազմավարությունը, որի շրջանակներում պետք է ստեղծվի Մեծ Ադրբեջան: Այն պետք է իր մեջ ներառի այսօրվա ՀՀ-ի ու Արցախի սահմանները, Վրաստանի՝Բորչալուի կամ Քվեմո-Քարթլիի ադրբեջանցիներով բնակեցված շրջանները: Մեծ Ադրբեջանը պետք է ապագայում սահմանակցի Թուրքիային՝Մեծ Թուրանի ռազմավարության շրջանակներում: ՀՀ-ն ու Իրանը դրան պետք է հակազդեն սերտ տնտեսական և քաղաքական կապեր հաստատելով, իսկ Իրանի հատուկ ծառայությունները պետք է ավելի ակտիվ զբաղվեն իրենց երկրի ազգայնական, սեպարատիստական շարժումներով: ՀՀ-ի հարավային դարպասներն՝Իրանի հետ սահմանը հսկում են ՌԴ-ի Անվտանգության դաշնային ծառայության սահմանապահ զորքերը՝դրանով Երևանը կարող է ապահով զգալ իրեն նաև հարավից՝խնայելով մարդկային ռեսուրսներն ու դրանք ավելի շատ կենտրոնացնելով հայ-ադրբեջանական սահմանին ու Արցախում: