26.11.2024
Ադրբեջանում կընդլայնեն ճանապարհը մինչև Վրաստանի սահման
prev Նախորդ նորություն

Հայաստանի դեմ ուղղված ռազմական պլանը դեռ վավե՞ր է. Փայլանը՝ Թուրքիայի ՊՆ-ին

Թուրքիայի մեջլիսի պոլսահայ պատգամավոր Կարո Փայլանը գրավոր հարցադիմում է ներկայացրել Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարին՝ պահանջելով պատասխանել Հայաստանի դեմ ռազմական գործողության պլանի վերաբերյալ մի շարք հարցերի, որի վերաբերյալ հրապարակմամբ էր ահնդես եկել Nordic monitor կայքը, գրում է ermenihaber.am-ը:


Շվեդիայում գրանցված «Nordic monitor» կայքը հրապարակել էր հոդված այն մասին, որ Թուրքիան Հայաստանի դեմ ռազմաօդային գործողությունների ծրագիր է մշակել, որը կրում է «ALTAY» ծածկագիրը։ Շվեդիայում գործող այս կայքը համակարգում են թուրք լրագրողները։ Ընդ որում նրանք բոլորն էլ համարվում են գյուլենական շարժման FETÖ-ի անդամներ, որը Թուրքիայիում համարվում է «ահաբեկչական կազմակերպություն»:


Հարցադիմումի մեջ Փայլանը նշել է, որ Հայաստանի դեմ ուղղված «Թուրքիայի զինուժի Ալթայ պլանավորման հրահանգ և Օղուզթյուրք օդային ռազմական գործողության պլան» անունով ռազմական պլանի մասին տեղեկությունները բավականին անհանգստացրել են Հայաստանի ժողովրդին:


Պոլսահայ պատգամավորը Աքարին հետևյալ հարցերն է ուղղել.


1. «Արդյո՞ք Թուրքիայի ԶՈՒ-ն նման փաստաթուղթ ունի: Խնդրո առարկա դարձած պլանը դեռ վավե՞ր է:


2. Վերոնշյալ պլանը ի՞նչ հիմնավորմամբ և ի՞նչ նպատակով է կազմվել:


3. Ջանքեր գործադրելո՞ւ եք Հայաստանի ժողովրդի շրջանում այս պնդումների հետևանքով առաջացած անհանգստությունը մեղմելու և խաղաղությանն ուղղված ակնկալիքները վերականգնելու համար»:


Հրպարակմանն անդրադարձել է նաև թուրքական իշխանամետ մամուլը՝ նշյալ տեղեկությունները հրապարակող լրագրողներին անվանելով դավաճաններ, որոնք մատնում են Թուրքիային և գործում պետական շահի դեմ։


«Ուշագրավ է այն հանգամանքը, որ իշխանական մամուլը ոչ թե հերքում է «ALTAY» ծածկանվամբ Հայաստանի դեմ ռազմական արշավի ծրագրի առկայությունը և կասկածի տակ առնում նման ծրագրի գոյությունն ընդհանրապես, այլ այն հրապարակողներին մեղադրում է պետական դավաճանության մեջ։


Թուրքական մամուլը նույնպես ընդգծում է այդ տեղեկությունը հրապարակողների՝ գյուլենական շարժման անդամ լինելու հանգամանքը և անդրադառնում Հայաստանի ու Հունաստանի արձագանքներին։


Հունական մամուլում տեղ գտած մեկնաբանություններում կան այնպիսի տեսակետներ, ըստ որոնց՝ Սիրիայից հետո չի բացառվում, որ Թուրքիան հայացքն ուղղի դեպի Հայաստան», - գրում է ermenihaber.am-ը։


Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը մտահոգություն էր հայտել այդ հրապարակման վերաբերյալ՝ նշելով, որ առաջնը պաշտոնական Անկարան պետք է արձագանքի:


«Չեմ կարող հաստատել կամ հերքել այդ հրապարակման իսկությունը: Եթե նման պնդում կա, թուրքական կողմն առաջին հերթին պետք է հայտարարություն անի: Կարիք չունեմ ասելու, որ հարցը լուրջ մտահոգություն է պարունակում: Բայց կրկնեմ, որ առաջին արձագանքը պետք է գա Թուրքիայից», - ասել էր օրեր առաջ Զոհրաբ Մնացականյանը


Նա նշել էր, որ Թուրքիայի կողմից շարունակվող շրջափակումը ՀՀ-ի հանդեպ, հարաբերություններ հաստատելու քայլի բացակայությունը, ռազմական-քաղաքական աջակցությունն Ադրբեջանին Արցախի հարցում արտահայտում են անվտանգային սպառնալիք ՀՀ-ի համար: