ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը հանդես է եկել հայտարարությամբ. "Սիրելի հայրենակիցներ, վաղ առավոտյան մեր հայրենիքի Արցախյան հատվածի սահմանի ողջ երկայնքով Ադրբեջանի իշխանությունները սանձազերծել են լայնածավալ ռազմական գործողություններ՝ մեծ տրամաչափի զինատեսակներով թիրախավորելով անգամ խաղաղ բնակավայրերը: Հայկական Զինված ուժերը, ինչպես եւ նախկինում, լավագույնս կատարում են իրենց առաջ դրված մարտական խնդիրները: Եվս մեկ անգամ ուզում եմ վերահաստատել, որ Արցախի ազատ ինքնորոշման իրավունքը որեւէ պարագայում, անգամ ուժի սպառնալիքի դեպքում, չի կարող սակարկման առարկա լինել: Հայաստանի Հանրապետության քաղաքացիները եւ վստահաբար ողջ հայությունը կանգնած են Ազատ Արցախի թիկունքին եւ պատրաստ իրականացնել բոլոր, ընդգծում եմ՝ բոլոր անհրաժեշտ գործողությունները ի պաշտպանություն ինքնիշխան Արցախի", - ասված է հայտարարության մեջ: VERELQ-ը հիշեցնում է, որ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանը սկսել է ինտենսիվ հրետակոծել Արցախի բնակավայրերը, այդ թվում՝ մայրաքաղաք Ստեփանակերտը՝ անցնելով հարձակման շփման գծի ողջ երկայնքով։ Հայտնի է հակառակորդի կողմից ուղղաթիռների, տանկերի եւ անօդաչուների կորստի մասին։ Հակառակորդն ունի նաև կենդանի ուժի կորուստներ։ Արցախը տեղեկացնում է, որ Մարտունու շրջանում երկու մարդ է զոհվել՝ կին և երեխա: Տուժածներ կան նաեւ այլ շրջաններում, տվյալները ճշտվում են: