Ռուսաստանը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի լրագրողների փոխայցելությունները, ինչպես նաև այլ հումանիտար ակցիաներ, որոնք ղարաբաղյան հակամարտության շրջանակում միտված են հասարակություններին խաղաղության պատրաստելուն: Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան: Նա հիշեցրել է, որ ընթացիկ տարվա ապրիլին Մոսկվայում ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի նախաձեռնությամբ կայացած ՀՀ և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպմանը կողմերը համաձայնել են սկսել պրակտիկ քայլեր իրականացնել մի շարք հումանիտար հարցերում, ներառյալ ԶԼՄ-ների ներկայացուցիչների փոխայցեր: «Մենք դիտարկում ենք այդ փոխայցելությունը, որպես կողմերի՝ հայերի և ադրբեջանցիների միջև շփումների հաստատման պատրաստակամության ցուցանիշ: Կարծում ենք, որ նման հումանիտար ակցիաները, որոնք միտված են բնակչությանը պատրաստել խաղաղության, հարկավոր է շարունակել և մենք դրանց միանշանակ աջակցում ենք»,- նշել է Զախարովան: ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը նաև կրկնել է, որ Ռուսաստանը կշարունակի իր միջնորդի աջակցությունը ղարաբաղյան հակամարտության կողմերին: