5.11.2024
Գնորդ չկա. Ծաղկաձորի «Գոլդեն Փելես» հյուրանոցի աճուրդը չի կայանա
18.12.2019
Գնորդ չկա. Ծաղկաձորի «Գոլդեն Փելես» հյուրանոցի աճուրդը չի կայանա

Ծաղկաձորի «Գոլդեն Փելես» հյուրանոցի աճուրդը չի կայանա, քանի որ տվյալ «օբյեկտի» գնման համար որեւէ հայտ չի ներկայացվել: Այս մասին հայտնում է «Հայկական ժամանակ»-ը՝ հղում անելով Պետգույքի կառավարման կոմիտեի նախագահ Նարեկ Բաբայանի խոսքին: Բաբայանը նշել է, որ «Գոլդեն Փելես» հյուրանոցի աճուրդը, որը նախատեսված է վաղը, չի կայանալու: Միևնույն ժամանակ նա հայտարարել է, որ աճուրդին մասնակցելու ցանկություն հայտնողներ եղել են, սակայն կա՛մ չեն հասցրել հայտ ներկայացնել, կա՛մ մտափոխվել են: Բաբայանը նշել է, որ հաջորդ աճուրդի ժամանակ արդեն, ըստ կարգի, մեկնարկային արժեքը (7 մլրդ 526 մլն 457 հազար 800 դրամ) պետք է 5 տոկոսով նվազի, սակայն դեռ օր որոշված չէ: Հարցին՝ ինչո՞ւ գնորդ չհայտնվեց, Նարեկ Բաբայանը պատասխանել է. «Որոշ ներդրողներից արձագանք ենք ստացել, որ հաշվարկը չի արդարացնում, այսինքն՝ գինը բարձր է, եւ չեն կարողանալու իրենց ներդրումը հետ բերել»: Բացառված չէ նաեւ, որ պետությունը շահագործի հյուրանոցը. «Եթե եւս 1 աճուրդ, օրինակ, չկայանա, հնարավոր է, որ այդ պարագայում այլ ելք գտնվի եւ հանձնվի հավատարմագրային կառավարման»: Կառավարությունն ավելի վաղ որոշել էր Մաքսային կոմիտեի նախկին նախագահ Արմեն Ավետիսյանի` պետությանը նվիրած Ծաղկաձորի «Գոլդեն փելիս» հյուրանոցը օտարել աճուրդի միջոցով։ Հայտարարված աճուրդով հյուրանոցային շենք-շինությունները և շարժական գույքը գնահատվել են ավելի քան 7,5 միլիարդ դրամ։ Ըստ որոշման նախագծի՝ գնորդը պարտավորվելու է նաև վճարել գույքի զբաղեցրած տարածքի կադաստրային արժեքը՝ ավելի քան 62 միլիոն դրամ։ Ինչպես ավելի վաղ VERELQ-ը տեղեկացրել էր, ՀՀ մաքսային ծառայության նախկին ղեկավար Արմեն Ավետիսյանի ընտանիքի անդամները հարուցված քրեական գործի շրջանակում 2018 թվականի նոյեմբերի 19-ին «Գոլդեն Փելես» հյուրանոցը պետությանը նվիրաբերելու դիմում էին ներկայացրել Պետական գույքի կառավարման կոմիտեին: 2019 թ. սեպտեմբերի 26-ին Կառավարությունը հաստատեց որպես նվիրատվություն գույք ընդունելու մասին որոշումը, որով նախատեսվում էր ընդունել «Գոլդեն Փելես» հյուրանոց» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության սեփականությունը հանդիսացող 19.04.2019 և 11.06.2019 թթ. դրությամբ 7 535 889 000 ՀՀ դրամ գնահատված շուկայական արժեքով Կոտայքի մարզի Ծաղկաձոր քաղաքի Տանձաղբյուրի փողոց, 34/1 հասցեում գտնվող 19 758 քմ մակերեսով շենք-շինությունները և դրանց օգտագործման և սպասարկման համար հատկացված 1.38 հեկտար մակերեսով հողամասը, ինչպես նաև շենք շինությունների ներսում առկա շարժական գույքը որպես նվիրատվություն Հայաստանի Հանրապետությանը: