Կրեմլում չեն վստահում Նիկոլ Փաշինյանի թիմին, չնայած ՄԱԿ-ում քվեարկության ժամանակ Երևանի ռևերանսին և ռուսական զորքերի կազմում հայ սակրավորների Սիրիա մեկնելուն։ Ռուսաստանը շարունակում է օգտագործել իր ռեսուրսները Հայաստանում իր ֆավորիտներին աջակցելու համար՝ բանտարկված նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանից մինչև Երևանում Կրեմլի նոր դրածոյի դերի հավակնորդներ։ Այդ մասին Armenia.Az-ի հետ զրույցում հայտարարել է Հայաստանի Եվրոպական կուսակցության նախագահ Տիգրան Խզմալյանը:
Խզմալյանը կրկին անգամ, ինչպես տասնամյակներ շարունակ, շարունակում է իր ռուսաֆոբ հայտարարություններն առանց որևէ փաստական տվյալների կամ հիմնավորման: Կրեմլը թավշյա հեղափոխությունից սկսած ակտիվ աշխատում է Նիկոլ Փաշինյանի հետ, չմիջամտելով Հայաստանի ներքաղաքական զարգացումներին, չնայած կարող էր, և Պուտին-Փաշինյան բազմաթիվ հանդիպումները վառ ապացույցն են, որ ՌԴ-ն հաշվի է առնում այն ստատուս-քվոն, որն այժմ առկա է ՀՀ-ում և շարունակում է ՀՀ-ի հետ ռազմավարական հարաբերությունների ամրապնդումը՝անկախ թե ինչ քաղաքական թիմ է եկել ՀՀ-ում իշխանության:
Խզմալյանը խոսում է ՀՀ-ում և Երևանում Կրեմլի դրածո-ֆավորիտների մասին՝ չնշելով այդ դրածոների անունները, քանի որ դրանք չկան և չեն կարող լինել: Խզմալյանը կուսակցության նախագահ է և զբաղվում է քաղաքական գործունեությամբ, ով պետք է հարգի իր պետությունը, նրա սուվերենությունն ու չխոսի Կրեմլի դրածոների մասին, քանի որ ՀՀ-ում իշխանություն է փոխվում ընտրությունների միջոցով, իսկ Հայաստանը ռուսական մի մարզ չէ, որ այստեղ մարզպետ նշանակեն: Ինչ վերաբերվում է Ռոբերտ Քոչարյանին, ապա ՀՀ-ՌԴ միջպետական հարաբերությունների օրակարգում դրված չէ Քոչարյանին ազատելու նախապայմանը՝ սկվա-Երևան հետագա հարաբերությունների խորացման համար:
Ըստ Խզմալյանի, Հայաստանում գնալով մեծանում է մարդկանց թիվը, որոնք հասկանում են երկրի վրա Ռուսաստանի վերահսկողության պահպանման կործանարար լինելը։ Դրան նպաստում է ԵՄ-ի հետ շարունակվող ինտեգրումը:
Միայն քաղաքականությունից հեռու մարդն ու հակառուսական քարոզչության զբաղվող մեկը կարող է խոսել ՀՀ-ում ՌԴ-ից դժգոհ մարդկանց թվի աճի մասին: Որևէ սոցիոլոգիական հարցում նման բան չի բացահայտել, ավելին՝ ՀՀ-ի բնակչության մեծամասնության հարազատները բնակվում են ՌԴ-ում կամ աշխատանքային միգրանտներ են ու այնտեղից եկող տրանսֆերտների հաշվին է գոյատևում ՀՀ-ի մեծամասամբ աղքատ բնակչությունը:
ՌԴ-ն Հայաստանի անվտանգության գլխավոր երաշխավորն է՝ թուրք-ադրբեջանական տանդեմի առկայության պայմաններում ռուսական զորքերն ապահովում են հայաստանյան սահմանների անվտանգությունը Թուրքիայի և Իրանի ուղղությամբ, իսկ ՀՀ տնտեսությունն ուժեղ կախվածություն ունի թե՛ ռուսական գազից, թե՛ ռուսական շուկայից:
Խզմալյանը խոսում է այն մասին, որ ՀՀ բնակչության շրջանում աճում է դժգոհությունը ՌԴ-ից, սակայն պաշտոնական տվյալների համաձայն վերջին մեկ-երկու տարվա ընթացքում մի քանի տասնյակ հազար մարդ ստացել է ՌԴ քաղաքացիություն: Դա նույնպես վերաբերմունքի ինդիկատոր է և, իհարկե, ՀՀ-ում ստեղծված սոցիալ-տնտեսական ծանր վիճակի, որ մարդիկ ցանկանում են արտագաղթել ՌԴ: Այսինքն, Մոսկվան մեղավոր չէ ՀՀ-ի սոցիալական ծանր վիճակի և աշխատատեղերի բացակայության համար:
«Հայաստանի Եվրոպական կուսակցությունն իր առջև դրել է երեք կոնկրետ նպատակներ. 1. Դուրս գալ ԵԱՏՄ/ՀԱՊԿ-ից, 2. Անդամակցել ԵՄ/ՆԱՏՕ-ին, 3. Եվրոպայի հետ լիովին ինտեգրվել»,- նշել է Խզմալյանը։
Խզմալյանի կուսակցության այս երեք դրույթները խոսում են այն մասին, որ այս կուսակցությունը հեռու է քաղաքական իրականությունից կամ չի հասկանում, թե ինչ հարևաններով է շրջապատված երկիրը:
ՀՀ-ն չի կարող գոյատևել ՀԱՊԿ-ից ու ԵԱՏՄ-ից դուրս՝ առաջինը ազգային անվտանգության ապահովման կարևորագույն բաղադրիչն է, իսկ ԵԱՏՄ-ն ՀՀ-ի թույլ տնտեսությանը շնչելու և նոր շուկաներ դուրս գալու շանս է տալիս, եթե իհարկե դրանից ՀՀ իշխանությունները կարողանան գրագետ օգտվել:
ՀՀ-ին ՆԱՏՕ-ում և ԵՄ-ում ոչ ոք չի սպասում բազմաթիվ պատճառներով: Խզմալյանը չի խոսում, ինչպես կարող է ՀՀ-ն անդամակցել ՆԱՏՕ-ին ՌԴ-ի ու Իրանի առկայության պարագայում, քանի որ Մոսկվան ու Թեհրանը դա երբեք թույլ չեն տա՝ դա 180 աստիճանով կփոխի ողջ գեոպոլիտիկ ու ռազմական իրավիճակը տարածաշրջանում ի վնաս այդ տերությունների:
Այսպիսով, ՀՀ-ում արևմտամետ քաղաքական ուժերը կա՛մ չեն գիտակցում ՀՀ-ի առջև առկա իրական սպառնալիքները, կա՛մ կատարում եմ Արևմուտքի, ԱՄՆ-ի պատվերներն ու հարվածում հայ-ռուսական հարաբերություններին՝ դրանով իսկ հարվածելով ՀՀ-ի անվտանգության ու պետականության հիմքերին: