Ռուսական «Սպուտնիկ V» պատվաստանյութի 15 հազար դեղաչափից բաղկացած առաջին խմբաքանակը Հայաստան է առաքվել։ Այս մասին Facebook-ի իր էջում հայտնել է Երեւանում ՌԴ դեսպանատան խորհրդական Պավել Կուրոչկինը։ «Հայաստանում ՀՀ առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի ղեկավարության հետ համատեղ դիմավորեցին ռուսական «Սպուտնիկ V» պատվաստանյութին», - գրել է Կուրոչկինը: VERELQ-ը հիշեցնում է, որ նախօրեին Մոսկվայում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ժամանակ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ ռուսական պատվաստանյութի առաջին խմբաքանակը՝ 15 հազար դեղաչափ, կտեղափոխվի Հայաստան: Վարչապետի խոսքով՝ Հայաստանը «ավելի քան մեկ միլիոն դոզայի» կարիք ունի։