Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Փակ են Տավուշի մարզի Բերդ-Ճամբարակ և Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհները։ Վարդենյաց լեռնանցքը (բուք է) փակ է կցորդիչով բեռնատարների համար, մյուս տրանսպորտային միջոցների համար՝ դժվարանցանելի։ Դժվարանցանելի են Շիրակի մարզի Մարալիկ-Լանջիկ և Արթիկ-Ալագյազ ավտոճանապարհները։ Արագածոտնի մարզի Ապարան, Գեղարքունիքի մարզի Գավառ, Սևան, Կոտայքի մարզի Հրազդան, Չարենցավան, Վայոց ձորի մարզի Ջերմուկ քաղաքներում և Շիրակի մարզում տեղում է ձյուն։ Երևան-Սևան ավտոճանապարհին մառախուղ է։ Լարսի մասին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է։ Ռուսական կողմում կա մոտ 455 կուտակված բեռնատար ավտոմեքենա: Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։