29.07.2025
Մեզնից ուզում են խլել մեր ինքնիշխանությունը, մեր պետությունը. Փաշինյանը՝ Կութի բնակիչներին
27.05.2021
Մեզնից ուզում են խլել մեր ինքնիշխանությունը, մեր պետությունը. Փաշինյանը՝ Կութի բնակիչներին

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն այցելել է Գեղարքունիքի մարզի Կութ համայնք, որի սահմանային հատվածում այսօր առավոտյան գերեվարվել վեց զինծառայողները, և համախմբվածության կոչ արել՝ նշելով, որ Ադրբեջանի գործողությունները նապատակ են հետապնդում պառակտում մտցնել Հայաստանում: «Մեզ պետք է այս իրավիճակում համախմբվել։ Ինչո՞ւ, որովհետև ամեն անգամ, երբ Ադրբեջանը տեսնում է, որ ունի շանս մեզ իրար դեմ հանելու, ավելի է ոգևորվում ու ակտիվանում։ Մենք պետք է հստակ ցույց տանք, որ անկախ նրանից, թե ներսում ինչ տարաձայնություններ կան, իրենց գործողություններին մեր առաջին արձագանքը լինելու է համախմբումը», - ասել է վարչապետի պաշտոնակատարը Կութի բնակիչների հետ հանդիպման ժամանակ։ Այնուհետև նա սթափության կոչ արեց. «Շատ հուզական է, պետք է մենք մեր սթափությունը չկորցնենք։ Եթե սթափությունը և հավասարակշռությունը կորցնենք, դա մեզ կխանգարի իրավիճակը ճիշտ գնահատել և ճիշտ որոշումներ կայացնել», - ասել է նա ու հավելել, որ հաջորդ ամենակարևոր խնդիրը՝ տեղեկատվությունների մեջ թացը չորից կարողանալ տարբերել, չգնալ ամեն տեղեկատվական հնարքի, տեղեկատվական պատերազմի զոհ չդառնալ։ «Հանկարծ խնդրում եմ որևէ մեկի մտքով չանցնի, թե էսօրվա կառավարությունը ինչ-որ ստվերային, մութ գործարքների մեջ է, դավադրությունների մեջ է, այդպիսի բան լինել ի բնե չի կարող։ Հաջորդ ամենակարևոր բանը՝ մեր հաստատակամությունը պետք է չկորցնենք։ Հստակ պետք է կանգնենք մեր ինքնիշխանության, մեր անկախության դիրքերում»,- ասել է նա։ Վարչապետի պաշտոնակատարի գնահատմամբ ոչ մի նոր բան չկա, ուղղակի «մեզնից ուզում են խլել մեր ինքնիշխանությունը, մեր պետությունը, մեզնից ուզում են խլել մեր հայրենիքը»։ «Այսօրվա իրավիճակը հստակ է, որ Ադրբեջանը խախտել է ՀՀ պետական սահմանը։ Այստեղ որևէ այլ տեսակետ, կարծիք լինել չի կարող։ Եվ այստեղ զիջման մասին խոսք լինել չի կարող, որովհետև եթե մենք մեր սահմանը զիջենք, դա նրանց ավելի է ոգևորելու։ Մենք ասում ենք հստակ՝ միջազգային իրավունքի համաձայն՝ սա մեր սուվերեն տարածքն է, և Ադրբեջանի զինված ուժերը միանշանակ պետք է մեր տարածքից դուրս գան», - ասել է նա։