ՌԴ-Ադրբեջան-Թուրքիա համագործակցության ձևաչափը կարող է ձևավորվել մոտ ապագայում. Ալիև
Եռակողմ՝ Ռուսաստան-Ադրբեջան-Թուրքիա համագործակցության ձևաչափը կարող է ձևավորվել մոտ ապագայում: Այս մասին երեկ ՏԱՍՍ-ի գլխավոր խմբագիրների ակումբում ռուսական լրատվամիջոցների ղեկավարների հետ հանդիպմանը հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը։
«Հավանաբար որևէ մեկի համար գաղտնիք չէ, որ արդեն ձևավորվում է համագործակցության դե ֆակտո և եռակողմ ձևաչափ: Այն դեռ ձևակերպված չէ, դեռ չեն եղել արտգործնախարարների հանդիպումներ, էլ չեմ խոսում նախագահների մասին, բայց ձևավորվում է ընդհանուր շահերի, պրագմատիզմի և նմանության հիման վրա»,- ասաց նա։
Ալիևը գոհունակությամբ նշել է Թուրքիայի և Ռուսաստանի նախագահներ Ռեջեփ Էրդողանի և Վլադիմիր Պուտինի հետ վստահելի հարաբերությունները։
«Երկուսն էլ հրապարակավ խոսում են այս մասին։ Կարծում եմ՝ հեռու չէ այն օրը, երբ մենք կձևակերպենք այդ հարաբերությունները։ Քանի որ Ադրբեջանը Ռուսաստանի և Թուրքիայի դաշնակիցն է, հաջորդ քայլը կարծես ինքն իրեն հենց դա է հուշում։ Սա մեր գործը չէ, բայց մենք մեր կողմից միշտ աշխատել ենք երկու երկրների շահերն իրար մոտեցնելու ուղղությամբ»,- ընդգծել է թշնամական երկրի նախագահը։
Ալիևը պատմական ձեռքբերում է անվանել երեքշաբթի օրը Ռուսաստանի և Ադրբեջանի միջև դաշնակցային համագործակցության մասին հռչակագիրը։
«Ադրբեջանը դաշնակցային հարաբերություններ ունի երկու հզոր երկրների հետ, իր երկու հարևանների հետ: Կարծում եմ, որ ոչ մի այլ երկիր չի կարող պարծենալ դրանով: Էլ չեմ խոսում այն մասին, որ խոսքը ՆԱՏՕ-ի անդամ երկրի և ՀԱՊԿ-ը ղեկավարող երկրի մասին է. սա իրականում ձեռքբերում է»,- ասել է Ալիևը։
ՏԱՍՍ-ը հիշեցնում է, որ Ռուսաստանի և Ադրբեջանի միջև դաշնակցային համագործակցության մասին հռչակագիրը ստորագրվել է երկու երկրների նախագահների կողմից երեքշաբթի օրը Կրեմլում կայացած բանակցություններից հետո։