13.01.2025
Ադրբեջանը չէր ակնկալում, որ 3 տարի անց հնարավորություն կտրվի Արցախն օկուպացնել
29.07.2024
Ադրբեջանը չէր ակնկալում, որ 3 տարի անց հնարավորություն կտրվի Արցախն օկուպացնել

44-օրյա պատերազմից հետո, երբ ՀՀ իշխանությունն Ադրբեջանին զիջեց/հանձնեց Քաշաթաղի, Քարվաճառի, Հադրութի, Ակնայի շրջանները, Շուշին ադրբեջանցիները Արցախի` այդ պահին հայկական վերահսկողության տակ մնացած տարածքի շուրջ, խոշոր ենթակառուցվածքային աշխատանքներ սկսեցին: Նախ մեկնարկեց դեպի Շուշի ճանապարհը, որից մեկ տարի անց արդեն երկրորդ` դեպի Շուշի գնացողը, որն անցնում էր նաև թունելներով: Երկրորդ խոշոր ուղղությունը` դեպի Քաշաթաղ ու այնտեղից Քաշաթաղը Քարվաճառին կապող ճանապարհներն էին, որոնց մի մասը ևս թունելներով էր կառուցվում: Ադրբեջանը 2021-22 թթ.-ին փորձում էր իր վերահսկողության տակ անցած հայկական շրջանները միմյանց կապելու և հայկական Արցախը օղակի մեջ վերցնելու ռազմավարական խնդիր լուծել: 2023 թվականի սեպտեմբերի ռազմական գործողություններից հետո, վերոնշյալ ուղղություններով ենթակառուցվածքային աշխատանքներում լուրջ փոփոխություններ մտցվեցին, որոշ տեղամասերում աշխատանքի ինտենսիվությունը կա´մ կտրուկ ընկավ կա´մ նույնիսկ դադարեց: Իհարկե, ոչ միայն այս առումով, բայց այս հանգամանքը ևս հստակ ցույց է տալիս, որ Ադրբեջանի ամբիցիաները նույնիսկ կապիտուլյացիայից հետո այն աստիճան ամբիցիոզ չէին որքան 22 թ.-ի աշնանից հետո: Ավելի պարզ ասած, ակնհայտորեն, պատերազմից անմիջապես հետո, Ադրբեջանը չէր ակնկալում, որ 3 տարի անց հնարավորություն կտրվի Արցախն ամբողջությամբ օկուպացնել, հակառակ դեպքում որոշ մեգապրոյեկտներ լրիվ այլ կերպ կպլանավորվեին ու կիրացվեին: Հայաստանի կառավարչի հայտնի հայտարարություններն Արցախն Ադրբեջան հռչակելու վերաբերյալ, ինչպես նաև` դրան հաջորդած քաղաքական քայլերը, տարածաշրջանում իրադրային կտրուկ փոփոխությունների բերեցին, որի հետևանքով նաև միջազգային դերակատարների դիրքորոշումներում վերանայումներ եղավ: Հետևանքը` հանձնված ու հայաթափված Արցախն է: ՀԳ. Լուսանկարում Արցախը Հայաստանին կապող Հակարի կամուրջն է, որը վերջին շրջանում միակ հագույցն էր մնացել, որով ՀՀ-ից Արցախ ու հակառակ ուղղությամբ տեղաշարժերն էր ապահովում: Մինչև 2023 թվականն այս հատվածը ամենաակտիվ ադրբեջանական շինհրապարակներից էր, իսկ հիմա շարժն անգամներով նվազել է: ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյան