ՀՀ Կառավարության հերթական նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ դրությունը շարունակում է մնալ ծայրահեղ լարված, հարյուրավոր ընտանիքներ շարունակում են մասնատված մնալ: Նա հիշեցրեց, որ նախորդ շաբաթվանից ի վեր Լաչինի միջանցքում ստեղծված ճգնաժամը չի հանգուցալուծվել, միայն վերականգնվել է ԼՂ-ում գազի մատակարարումը։ Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքն ապօրինի փակելու հետևանքով ԼՂ-ում հումանիտար դրությունը մնում է ծայրահեղ լարված. «Լաչինի միջանցքն Ադրբեջանի կողմից փակելն ապօրինի է։ Ադրբեջանը կոպտորեն խախտում է իր ստանձնած միջազգային պարտավորությունները՝ նոյեմբերի 9-ի հայտարարությամբ երաշխավորվել է Լաչինի միջանցքով անխափան երթևեկությունը, դե ֆակտո երևում է, որ եռակողմ հայտարարությամբ արձանագրված պարտավորությունը, այն է՝ վերահսկողության տակ պահել Լաչինի միջանցքը, չի կատարում նաև ՌԴ խաղաղապահ զորախումբը»,- շեշտեց Նիկոլ Փաշինյանը։ Նա նաև ասաց, որ Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված հումանիտար ճգնաժամը միջազգային հանրության կողմից լուրջ արձագանք է ստացել։