ԵԱՀԿ գործող նախագահ, Լեհաստանի արտաքին գործերի նախարար Զբիգնև Ռաուն և ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Հելգա Մարիա Շմիդը Հայաստանին և Ադրբեջանին կոչ են անում անհապաղ դադարեցնել կրակը, ասվում է կառույցի տարածած հայտարարության մեջ, հայտնում է Ազատությունը: ԵԱՀԿ-ն ղեկավարող Լեհաստանի արտգործնախարարն ասել է, որ դիվանագիտական ճանապարհով մինչ այժմ ձեռք բերված առաջընթացը չպետք է մսխվի։ «Վերջին տասնութ ամիսների ընթացքում առաջընթաց է գրանցվել, այդ թվում՝ Հայաստանն ու Ադրբեջանը համաձայնել են շարունակել աշխատանքը խաղաղության պայմանագրի շուրջ: Այս բախումները սպառնում են առաջընթացին ու վտանգում անթիվ կյանքեր», - ասել է լեհ պաշտոնյան։ Կառույցի գլխավոր քարտուղար Հելգա Մարիա Շմիդն էլ նշել է, որ ԵԱՀԿ-ն, հենվելով տասնամյակների փորձի վրա, պատրաստ է օգնել կողմերին՝ ռազմական գործողությունների դադարեցման համար։ «Մենք բոլորս կիսում ենք տարածաշրջանում կայուն խաղաղության և բարգավաճման հասնելու համատեղ նպատակը», - նշել է ԵԱՀԿ գլխավոր քարտուղարը։