25.11.2024
Ադրբեջանի ՊՆ-ն հերթական ապատեղեկատվությունն է տարածել. ԼՂ ՊԲ
prev Նախորդ նորություն

Ակնկալում ենք՝ ԱՄՆ-ի դատապարտող հայտարարությունները վերածվեն գործնական քայլերի․ Արցախի ԱԳՆ

Արցախի ԱԳՆ-ն մեկնաբանություն է տարածել ԱՄՆ Կոնգրեսի հանձնաժողովում Արցախի վերաբերյալ տեղի ունեցած լսումների կապակցությամբ:


«Ողջունում ենք ԱՄՆ Կոնգրեսի Թոմ Լանթոսի Մարդու իրավունքների հանձնաժողովում Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի շարունակվող ապօրինի արգելափակման վերաբերյալ արտակարգ լսումների անցկացումը: Բարձր ենք գնահատում Թոմ Լանթոսի Մարդու իրավունքների հանձնաժողովի համանախագահներ՝ Կոնգրեսականներ Սմիթի եւ ՄակԳովերնի ակտիվ ջանքերը՝ Արցախում ստեղծված մարդասիրական աղետը միջազգային հանրության ուշադրության կենտրոնում պահելու ուղղությամբ։


Կարեւորում ենք, որ լսումների ընթացքում բանախոսների կողմից Ադրբեջանի գործողություններին տրվել է հստակ իրավական եւ քաղաքական գնահատական՝ դրանք բնորոշելով որպես Արցախի ժողովրդի դեմ իրականացվող ցեղասպանություն: Այս համատեքստում բանախոսները կոչ են արել ԱՄՆ իշխանություններին անհապաղ գործուն քայլեր ձեռնարկել՝ Արցախում ցեղասպանությունը կանխելու ուղղությամբ:


Ակնկալում ենք, որ ԱՄՆ-ի եւ մյուս միջազգային դերակատարների կողմից արված բազմաթիվ դատապարտող հայտարարությունները կվերածվեն գործնական քայլերի՝ պարտադրելով Ադրբեջանին անհապաղ եւ անվերապահորեն դադարեցնել Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակումն ու վերականգնել միջանցքի գործունեության ռեժիմը՝ համապատասխան 2020 թ. նոյեմբերի 9-ի հայտարարության դրույթների եւ Արդարադատության միջազգային դատարանի պարտադիր որոշումների:


Ցեղասպանության կանխարգելումը միջազգային հանրության բոլոր անդամների ինչպես անհատական, այնպես եւ հավաքական պարտավորությունն է, ինչը ենթադրում է հստակ եւ գործուն քայլերի ձեռնարկում։ Համոզված ենք, որ Արցախում ցեղասպանության կանխումն անհրաժեշտ է ոչ միայն Ադրբեջանի անպատժելիությունը վերացնելու, այլեւ մարդկության դեմ նման հանցագործությունների կրկնությունն աշխարհի այլ անկյուններում բացառելու համար», - հայտարարել է ԱՀ ԱԳՆ-ն: