Փետրվարի 24-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանն ընդունել է Հայաստանում Վրաստանի նորանշանակ դեսպան Գիորգի Շարվաշիձեին՝ հավատարմագրերի պատճենը հանձնելու կապակցությամբ: ԱԳՆ-ի մամուլի ծառայությունից հայտնում են, որ ԱԳ նախարարի տեղակալը, շնորհավորելով նորանշանակ դեսպանին, հաջողություն է մաղթել բարդ և պատասխանատու գործում։ Զրուցակիցները բարձր են գնահատել Հայաստանի և Վրաստանի միջև առկա հարաբերությունների զարգացման դինամիկան, քննարկել դրանց խորացմանն ուղղված երկկողմ հարցերի լայն շրջանակ։ Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձ են կատարել տարբեր ոլորտներում ծրագրերի իրականացման հնարավորությանը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության և Վրաստանի միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի 12-րդ նիստի շրջանակներում ձեռք բերված պայմանավորվածությունների կյանքի կոչմանը: Նախարարի տեղակալը նորանշանակ դեսպանին է ներկայացրել տարածաշրջանում կայունության և խաղաղության հաստատման Հայաստանի Հանրապետության կառավարության ջանքերը։ Դեսպանին տեղեկատվություն է տրամադրվել Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի շրջափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում ստեղծված հումանիտար ճգնաժամի վերաբերյալ։