20.08.2025
Ինչո՞ւ է Ադրբեջանը բարձրացնում աղմուկ Հայաստանի ռազմական մատակարարումների մասով
14.11.2023
Ինչո՞ւ է Ադրբեջանը բարձրացնում աղմուկ Հայաստանի ռազմական մատակարարումների մասով

Ադրբեջանը Հայաստանի ռազմական մատակարարումների դեմ մեծ արշավ տանելուն զուգահեռ շարունակում է զինվել: Այս մասին գրում է ԱԺ "Պատիվ ունեմ" խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը: "Զինված ուժերի բարեփոխումների առաջնահերթությունների շրջանակներում, մեծ ուշադրություն է կենտրոնացնում ՆԱՏՕ-ի կազմում գործող թուրքական բանակի մոդելին և գնում այդ ուղղությամբ: Վերջին տարիներին անընդհատ մեծացվող հատուկ նշանակության ստորաբաժանումներից բացի «Կոմանդո» տիպի զորատեսակն է զարգացնում, որն ամբողջովին վերցված է թուրքական զինուժից: Մեծ թվով զորամասեր վերակազմավորվել են և բավականին մեծ շեշտ է դրվում զորքերի նոր մարտավարական փոփոխությունների, անհատական պաշտպանական միջոցների և նոր տեխնոլոգիաների զարգացմանը: Թուրքական բանակի հետ ներդաշնակ գործելուն զուգահեռ, մեծ ուշադրություն է հատկացվում զորքերի կառավարման հարցին, հատկապես, որ 44-օրյա պատերազմի ժամանակ և հետո դրանք համատեղ են իրականացվում: Ադրբեջանի նախաձեռնած աղմուկը Հայաստանի ռազմական մատակարարումների մասով բացի խոչընդոտներ ստեղծելուց, նպատակ ունի քողարկել Ադրբեջանի ակտիվ վերազինումները և այս պայմաններում նույնիսկ կարևոր էլ չէ, թե ի՞նչ է գնվել կամ ի՞նչ ծավալով: Ադրբեջանը տարածաշրջանային խաղաղության միակ ու գլխավոր սպառնալիքն է, որը շարունակում է իր ապակառուցողական քաղաքական կուրսը", - գրել է Աբրահամյանը: