Կարևոր է հասկանալ մեկ բան՝ բոլոր տղաներին չեն կարող փռել ասֆալտին. Բալասանյան

VERELQ-ը ներկայացնում է հարցազրույց Արցախի Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանի հետ:


-Պարո՛ն Բալասանյան, դեռ մի քանի ամիս առաջ Դուք հայտարարեցիք, որ մտադիր եք հանդիպել հասարակական-քաղաքական շրջանակների ներկայացուցիչներին, որպեսզի գնահատեք 2020 թ.-ին Արցախում կայանալիք նախագահական ընտրություններին ձեր առաջադրման նպատակահարմարությունը: Ի՞նչ որոշում կայացրեցիք այդ հանդիպումների արդյունքում:

- Իրոք շատ հանդիպումներ եմ ունեցել Արցախի հասարակության ներկայացուցիչների հետ՝ թե՛ մարզերի և թե՛ քաղաքների բնակիչների հետ. հանդիպումներ եմ ունեցել նաև ինչպես Արցախի, այնպես էլ Հայաստանի քաղաքական շրջանակների հետ: Հանդիպումներ են եղել Սփյուռքի ներկայացուցիչների հետ: Զրույց ունեցա Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի հետ, ով օրհնեց իմ որոշումը՝ ընդգծելով, որ ով էլ ընտրվի որպես Արցախի նախագահ, նա կաջակցի նրան և համագործակցում նրա հետ: ՀՅԴ ներկայացուցիչների հետ առանձին հանդիպում անցկացրեցի: Այս բոլոր հանդիպումների արդյունքում ես զգացի, որ իմ մտադրություններին աջակցում և սատարում են, ինչը չեմ կարող անտեսել:

Այս բոլոր հանդիպումների ժամանակ հնչում էր այն գլխավոր միտքը, որ Արցախի նախագահ պետք է ընտրվի այն մարդը, ով կարող է ապահովել Արցախի ժողովրդի համար կարևորագույն խնդրի իրականացումը՝ պետության անվտանգությունը: Ես պարտավոր եմ հաշվի առնել և կատարել Արցախի ժողովրդի, Սփյուռքի ներկայացուցիչների, Արցախի և Հայաստանի որոշակի քաղաքական շրջանակների կամքը: Այնպես որ, այս հանդիպումների արդյունքներում էլ ավելի ամրապնդվեց 2020 թ. նախագահական ընտրություններին իմ թեկնածությունն առաջադրելու մտադրությունս:

-Պարո՛ն Բալասանյան, դուք ասացիք, որ հանդիպումներ եք ունեցել Արցախի, Հայաստանի և Սփյուռքի հասարակական-քաղաքական շրջանակների հետ, իսկ ինչ վերաբերում է ՀՀ իշխանություններին, նրանց հետ հանդիպե՞լ եք:

- Ոչ, Հայաստանի իշխանությունների ներկայացուցիչների հետ ես չեմ հանդիպել, քանի որ դա համարում եմ սխալ: Հայաստանի իշխանությունները չպետք է միջամտեն Արցախի ներքաղաքական գործընթացներին և հակառակը:

-Արդեն կան թեկնածուներ, որոնք պաշտոնապես հայտարարել են 2020 թվականին առաջադրվելու իրենց մտադրության մասին. ինչպե՞ս եք գնահատում ձեր շանսերը առաջիկա մրցապայքարում:

- Դեռ վաղ է խոսել շանսերի մասին. կլինեն նոր առաջադրումներ, իրավիճակը կփոխվի ընտրությունների մոտենալու հետ մեկտեղ: Օրինակ, բացառված չէ, որ իմ թեկնածությունն առաջադրած «Արդարություն» կուսակցությանը միանան այլ քաղաքական ուժեր, և ես թեկնածու կդառնամ միացյալ դաշինքի կողմից: Այնպես որ դեռ վաղ է շանսերի մասին կանխատեսումներ անել:

-Ձեր կարծիքով, որքանո՞վ Հայաստանի գործող իշխանությունների աջակցությունը այս կամ այն թեկնածուին կազդի ընտրությունների արդյունքների վրա:

- Չեմ բացառում, որ Հայաստանի իշխանությունները կփորձեն միջամտել Արցախում ընտրական գործընթացներին, չնայած նրան, որ ժամանակին վարչապետ Փաշինյանը անձնական հանդիպումների ժամանակ և հրապարակավ վստահեցրել է հակառակը: Այնուամենայնիվ, օրերս մենք ականատես եղանք այն բանի, որ Փաշինյանը հանդես եկավ Արցախի բնակիչներին ընտրական գործընթացներում ուղղորդող հայտարարությամբ, մասնավորապես՝ կոչ անելով քվեարկել այն ուժի համար, որը, իր կարծիքով, վայելում է ՀՀ ժողովրդի վստահությունը: Այսինքն, կարճ ժամանակահատվածում նա մի քանի անգամ փոխել է իր դիրքորոշումը, և ապագայում չի կարելի ոչինչ բացառել:


-Իսկ արդյո՞ք Ձեզ առաջադրելու մտադրություն ունեցող «Արդարություն» կուսակցությունը պատկանում է, Փաշինյանի խոսքերով, ժողովրդի վստահությունը վայելող ՀՀ ներկայիս իշխանությանը սատարող ուժերի շարքին:

-Ոչ, «Արդարություն» կուսակցությունը չի պատկանում այդ ուժերի շարքին: Ընդ որում, այդ կուսակցության խորհուրդը նախապես որոշել է, որ չի աջակցելու ՀՀ նոր իշխանություններին և ընդհանրապես չի միջամտելու Հայաստանի ներքաղաքական գործընթացներին:

-Իսկ Արցախի նախագահ Բակո Սահակյա՞նը. արդյոք նա մտադիր է հանդես գալ հայտարարությամբ՝ հօգուտ այս կամ այն թեկնածուի:

- Ոչ, իմ ներկայությամբ նեղ շրջանակներում Բակո Սահակյանը վստահեցրել է, որ ընտրություններում պաշտոնապես չի աջակցի որևէ թեկնածուի, այլ միայն երաշխավորելու է ընտրական գործընթացի ժողովրդավարական և արդար արդյունքը: Ես սա լսել եմ անմիջապես Սահակյանից:

-Դուք, որպես Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար, վստա՞հ եք, որ ընտրություններն իսկապես ազատ և արդար կլինեն:

-Ես՝ որպես պաշտոնատար անձ, արել եմ ուժերիս ներածին չափով, որպեսզի ապահովեմ ընտրությունների ժողովրդավարական ընթացքը:

-Պարո՛ն Բալասանյան, վերջին շրջանում հաճախ ասեկոսեներ են շրջանառվում Հայաստանի և Արցախի իշխանությունների միջև առկա լարվածության մասին. որպես իրավիճակին ներսից ծանոթ մարդ, ի՞նչ կասեք այդ մասին:

-Չեմ փորձի թաքցնել: Այո, իսկապես լարվածություն կա, և այն բնավ արցախյան իշխանությունների մեղքով չի առաջացել: Վարչապետ ընտրվելու հաջորդ օրը Նիկոլ Փաշինյանը այցելել է Արցախ՝ շատ ջերմ ընդունելության արժանանալով Արցախի իշխանությունների կողմից: Մեր կողմից նույնիսկ հակազդեցության ակնարկ չի եղել Հայաստանի նոր իշխանություններին: Ավելին, նախագահ Բակո Սահակյանը շնորհակալություն է հայտնել Հայաստանի իշխանություններին իրենց օգնության համար: Նշեմ, որ մայիսի 9-ին Փաշինյանի՝ Արցախ կատարած վերջին այցի ժամանակ նա ևս շատ ջերմ ընդունելության է արժանացել, ուստի ես չեմ հասկանում, թե ինչով էին պայմանավորված հեղափոխությունն արտահանելու մասին, ինչպես նաև ապակայունացման և տարածքների հանձնման մեջ շահագրգռված որոշ շրջանակների առկայության մասին նրա հայտարարությունները: Կարող եմ հավաստիացնել, որ Արցախում նման ուժեր չկան:

-Դուք չհերքեցիք Արցախի և Հայաստանի իշխանությունների միջև լարվածության փաստը, այդ դեպքում, ինչպե՞ս եք պատկերացնում Ձեր հետագա համագործակցությունը ՀՀ իշխանությունների հետ Արցախի նախագահ ընտրվելու դեպքում:

-Ինձ համար միևնույն է, թե ով կլինի Հայաստանում իշխանության ղեկին. ես պատրաստ եմ համագործակցելու բոլոր ուժերի հետ: Արցախի իշխանությունները պարտավոր են հարգել Հայաստանի իշխանություններին և հակառակը. ես պատրաստ եմ պահպանել այդ հավասարությունն իմ ընտրության դեպքում: Իմ բոլոր ասածները հաստատվում են գործով. Հայաստանի իշխանությունների` Արցախի ղեկավարությանը սադրելու շարունակական ջանքերը անպատասխան մնացին: Մենք շարունակում ենք բարյացակամությամբ վերաբերվել Հայաստանի իշխանություններին, և դա այդպես էլ կշարունակվի: Քանի որ ՀՀ իշխանություններին հակազդելու ցանկացած փորձ լուրջ հետևանքներ կունենա ինչպես ՀՀ-ի, այնպես էլ Արցախի համար, մենք չենք գնա նման արկածախնդրության:


Միևնույն ժամանակ, ես չեմ կարող չընդգծել, որ Հայաստանի իշխանությունների նման գործողությունները լուրջ վտանգ են պարունակում: Վերջին հայտարարությունները, անկախ նրանից, թե ում կողմից են դրանք հնչում, դավադրական և նույնիսկ դավաճանական բնույթ են կրում: Ես չեմ ուզում ավելի կոշտ սահմանումներ օգտագործել: Ես խորհուրդ կտայի հետագայում զերծ մնալ նման մեթոդներից: Այնուամենայնիվ, այդ ուժերը չեն հասնի իրենց նպատակներին. նրանց գործողությունները և հայտարարությունները չեն դառնա Արցախի և Հայաստանի ժողովուրդների միջև թշնամանքի պատճառ: Ես դրանում համոզված եմ:

-Պարո՛ն Բալասանյան, ինչպե՞ս եք գնահատում Հայաստանի նոր իշխանությունների արցախյան օրակարգը:

- Ես չեմ կիսում Հայաստանի իշխանությունների նոր մոտեցումները ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում: Նման հարցեր երբեք ժողովուրդը չի լուծել, դրանք լուծվել են երկրի ղեկավարների միջև բանակցությունների միջոցով: «Ժողովուրդը պետք է լուծի ղարաբաղյան հակամարտությունը» հայտարարությունը նշանակում է, որ ՀՀ իշխանությունը փորձում է թոթափել ղարաբաղյան հակամարտության կարգավորման պատասխանատվությունը: Այո, երբ հակամարտող կողմերի ղեկավարները գալիս են ընդհանուր հայտարարի, ապա այդ համաձայնությունը պետք է դրվի համաժողովրդական հանրաքվեի և միայն վերջինիս արդյունքներով կորոշվի հակամարտության վերջնական լուծումը: Դա խնդիրը լուծելու միակ ճանապարհն է, բոլոր մյուս ճանապարհները դատապարտված են ձախողման. նրանք արդեն ձախողվել են:


-Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների և արտաքին գործերի նախարարների հանդիպումներից հետո պայմանավորվածություն է ձեռք բերվել ՀՀ և ԱՀ միջև օպերատիվ կապի հաստատման մասին. որքանո՞վ է այդ համաձայնությունը, ըստ Ձեզ, օգնում առաջնագծում լարվածության նվազեցմանը:

- Մենք առաջին հերթին տեղեկացված չենք, թե դա ինչ կապ է, ինչ նպատակ է հետապնդում, և ով է այն իրականացնում: Այո, կապ պետք է լինի, բայց ոչ ՀՀ-ի և ԱՀ-ի միջև: Ի սկզբանե, պայմանավորվածությունը սխալ է: Հայաստանի և Ադրբեջանի միջև անմիջական կապ չպետք է լինի, քանի որ Հայաստանը հակամարտության կողմ չէ: Կապ պետք է ստեղծվի Արցախի և Ադրբեջանի միջև, քանի որ դրանք են հակամարտության կողմերը: Մենք պետք է դիվանագիտական մակարդակով հայտարարենք, որ ՀՀ-ն հակամարտության կողմ չէ: 1991-1994 թթ. Արցախի և Ադրբեջանի միջև ուղիղ կապ էր հաստատվել:


Ժամանակ առ ժամանակ Արցախի և Ադրբեջանի համապատասխան պաշտոնյաները միմյանց հետ շփվում էին կապի միջոցով, որը կոչվում էր ВЧ (ռուս.՝ բարձր հաճախականություն): Դա բավականին արդյունավետ կապ էր: Հիմա ես չգիտեմ, թե ինչ կապի մասին է խոսքը: Ավելին, վերջերս հայկական դիվանագիտությունը լուրջ սխալ է թույլ տվել` հրաժարվելով Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի համաձայնություններից, որոնք փաստաթղթային մակարդակով ամրագրում էին ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի մանդատի ընդլայնման, սահմանային միջադեպերի հետաքննման մեխանիզմների ստեղծման անհրաժեշտությունը: Վաղ թե ուշ, այդ համաձայնությունները կյանքի կկոչվեին Մինսկի խմբի ճնշման ներքո և Երևանի պնդմամբ:


Այս համաձայնություններից հրաժարվելը շատ կոպիտ դիվանգատական սխալ է. ոչ մի կապ կամ համաձայնություն չի կարող լրացնել այդ բացը: Ավելին ասեմ՝ այսօր անգամ չի գործում 1994թ.-ին հրադադարի համաձայնագիրը: Ես պնդում եմ, որ Հայաստանը, Ադրբեջանն ու Արցախը նոր խաղաղության պայմանագիր կնքելու կարիք ունեն, որին կարող են միանալ տարածաշրջանային խաղացողները՝ ի դեմս Իրանի, և ինչու չէ նաև՝ Թուրքիայի: Առանց նոր խաղաղության պայմանագրի ստորագրման, բանակցություններում առաջընթաց չի լինի:

-Օրերս ՀՀ վարչապետը հայտարարել էր 2016թ. Ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրելու խորհրդարանական հանձնաժողով ստեղծելու անհրաժեշտության մասին. ինչպե՞ս եք գնահատում այս նախաձեռնությունը:

- Ես չեմ կարծում, որ այդ հանձնաժողովը արդյունավետ կլինի: Ես կտրականապես դեմ եմ դրա ստեղծմանը: Ո՞րն է դրա ստեղծման նպատակը, եթե կան պատկան մարմիններ, որոնք կարող են հետաքննել այս գործը նման անհրաժեշտության դեպքում: Պատերազմից հետո ուժեղացան այն պնդումները, որ հայկական զինված ուժերը կռվել են 80-ականների տեխնիկայով: Բայց ով ասաց, որ 80-ականների տեխնիկան օգտագործումից դուրս է եկել, որ այն անարդյունավետ է և դրանով չի կարելի կռվել: Այս ամենը դիլետանտային գնահատականներ են, որոնցից ձեռնպահ պետք է մնան ռազմական գործի մասին պատկերացում չունեցող մարդիկ: Նույնը վերաբերում է սննդամթերքի հարցին. ողջ պատասխանատվությամբ կարող եմ պնդել, որ այդ օրերին Զինված ուժերում սննդամթերքի և պարենային ապրանքների հետ խնդիր չկար. այո՛, կային կազմակերպչական թերություններ, կապի խնդիրներ, բայց դա գլոբալ բնույթ չէր կրում:


-Ինչպե՞ս եք գնահատում իրադրությունն առաջնագծում այսօր՝ որպես Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար:

- Արցախի զինված ուժերը հաջողությամբ կատարում են իրենց առջև դրված խնդիրները, սակայն շփման գծում հարաբերական կայունություն է տիրում: Լայնածավալ ինժեներական աշխատանքներ են կատարվում թե՛ Արցախի, թե՛ Ադրբեջանի կողմից: Կարող եմ ասել, որ հակամարտության ռազմական կարգավորման բոլոր փորձերը դատապարտված են ձախողման:

-Դուք նշեցիք, որ Ձեր նախընտրական ծրագրում շեշտը դնելու եք անվտանգության հարցերի վրա. իսկ ի՞նչ եք պատրաստվում առաջարկել այլ ոլորտներում:

- Իմ նախընտրական ծրագիրն, ըստ էության, 2012 թ. նախընտրական ծրագրիս նորացված տարբերակն է: Այստեղ շեշտը դրվելու է կրթության ոլորտում բարեփոխումների վրա: Ես կողմնակից եմ, որ կրթության և առողջապահության ոլորտները լիովին անցնեն պետական ֆինանսավորման, սակայն հիմա դեռ վաղ է դրա մասին խոսելը. անհրաժեշտ է կոնկրետ հաշվարկներ կատարել: Զինված ուժերի բարեփոխման կոնկրետ ծրագիր ունեմ, որը ենթադրում է սահմանապահ զորքերի ստեղծումը, մարտական ծառայության իրականացման համակարգի փոփոխությունը, պահեստային զորքերը պայմանագրային և ընդհանուր զորքերի բաժանելը: Պայմանագրայինների ծառայությանը կհամարվի աշխատանքային փորձ:


Ես արդեն իմ պաշտոնում վարում եմ համապատասխան աշխատանքներ այդ բարեփոխումների իրականացման ուղղությամբ: Այս գործընթացում մենք համագործակցում ենք Հայաստանի իշխանությունների հետ: Հայաստանի ռազմական ղեկավարության հետ միասին մենք մշակում ենք համատեղ զորավարժությունների անցկացման ռազմավարություն: Մշակվում է նաև մի ռազմավարություն, որի իրականացման արդյունքում զինծառայողները ծառայությանը զուգահեռ կստանան երկրորդ կրթություն: Ինչ վերաբերում է ներդրումային նախագծերին, ապա այստեղ ես առաջարկում եմ խորքային բարեփոխումներ իրականացնել, որոնք ենթադրում են Սփյուռքի ներդրողների ուղղակի աշխատանքը Արցախի ղեկավարության հետ, այլ ոչ թե «Հայաստան» համահայկական հիմնադրամին նվիրատվությունների տեսքով: Ընտրվելու դեպքում, ես մտադիր եմ ստեղծել համահայկական հիմնադրամ Արցախում:

-Հայաստանի նոր իշխանությունների քաղաքականության հիմքում ընկած է կոռուպցիայի դեմ պայքարը: Այս չարիքի դեմ արդյունավետ պայքարելու համար ՀՀ ղեկավարությունը մտադիր է նրեդնել անցումային արդարադատության համակարգը. ընտրվելու դեպքում արդյո՞ք դուք մտադիր եք ակտիվացնել հակակոռուպցիոն պայքարը և ներդնել անցումային արդարադատության ինստիտուտը:

-Ես առհասարակ սխալ եմ համարում անցումային արդարադատության ներդրումը, և արդյունավետ եմ համարում այդ ինստիտուտը. կան պատկան մարմիններ, որոնք պետք է զբաղվեն այդ երևույթներով, այդ դեպքում ինչո՞ւ ներդնել նոր ինստիտուտ: Ինչ վերաբերում է կոռուպցիայի դեմ պայքարին, ես կարծում եմ, որ այս խնդիրը իրավապահ մարմինների և դատական իշխանությունների իրավասության շրջանակներում, որոնց գործունեությանը, նախագահ ընտրվելու դեպքում, ես չեմ միջամտելու:

-Ինչպե՞ս կմեկնաբանեք Երևանում Ձեր մեքենայի խուզարկման հետ կապված վերջին միջադեպը:

- Ես միանշանակ կասեմ, որ ես գոհ չեմ ոստիկանության բացատրություններից, թե նրանք չգիտեին՝ ով է մեքենայի մեջ: Ավելին, ես դեռևս սպասում եմ ավելի մանրամասն բացատրությունների, և թե ինչու Հայաստանի իշխանությունները ներողություն չեն հայտնում՝ և ոչ միայն իմ նկատմամբ վերաբերմունքի համար: Սակայն, միջադեպից հետո, նրանք նույնիսկ չեն էլ փորձել կապ հաստատել ինձ հետ: Ցավոք, ես տեղի ունեցածի մեջ ես չեմ կարող բացառել քաղաքական ենթատեքստը: Բայց ուզում եմ միանշանակ հայտնել, որ ցանկացած ուժի հետ ինձ կապելու բոլոր փորձերն անհիմն են և ապարդյուն. ես չեմ ներկայացնում որևէ մեկի շահերը և մտադիր չեմ կոծկելու որևէ մեկի հանցագործությունները: Ես անկախ քաղաքական գործիչ եմ, և թող ոչ ոք դա կասկածի տակ չդնի և լրացուցիչ ինտրիգներ չփնտրի:

-Ինչպե՞ս եք գնահատում նախընտրական իրավիճակը Արցախում:

-Կան մարդիկ և ուժեր, որոնք շահագրգռված են իրավիճակի ապակայունացմամբ, և, ցավոք, նրանց հաջողվում է անկայունության տարրեր մտցնել Արցախի քաղաքական կյանքի մեջ: Խոսքը «Սասնա Ծռեր» կուսակցության, Արցախի նախկին պաշտպանության նախարար Սամվել Բաբայանի մասին է: Կարծում եմ, իրավապահ մարմինները պետք է համապատասխան գնահատական տան նրանց գործունեությանը: Ցավոք, նրանց գործունեության մեջ նկատվում է Հայաստանից հետքը:


 

Տպել

Թեմայի այլ նորություններ
Загрузка...