Հեռակա սովորելը Ենոքյանին ազատ արձակելու հիմք պետք չէ դիտարկել. Սլավոնական համալսարան

123

Հայ-Ռուսական համալսարանի մամուլի ծառայության հայտարարությունը ցմահ դատապարտյալ Մհեր Ենոքյանի հետ կապված իրավիճակի վերաբերյալ:


«Վերջին օրերին ԶԼՄ-երում և սոցցանցերում տեղեկություններ են տարածվում ցմահ ազատազրկման դատապարտված Մհեր Ենոքյանի հնարավոր ազատ արձակման մասին։


Գրեթե յուրաքանչյուր նյութում շեշտվում է նրա՝ Հայ-Ռուսական համալսարանը ավարտելու հանգամանքը, և դա ներկայացվում է ներում շնորհելու հնարավոր հիմնավորումների շարքում:


Այս կապակցությամբ հարկ ենք համարում պարզաբանել, որ համալսարանի կողմից Մհեր Ենոքյանին հեռակա կարգով սովորելու և իրավաբանի որակավորում տրամադրելու որոշումը ընդունվել է բացառապես ցմահ դատապարտյալի նկատմամբ մարդասիրական դրսևորում ցուցաբերելու հիմքով, նաև՝ հաշվի առնելով նրա՝ բարձրագույն կրթություն ստանալու անխոնջ ձգտումը:


Այդ որոշումը որևէ կերպ չի կարելի դիտարկել որպես դատապարտյալ Ենոքյանին ազատ արձակելու հիմք կամ հնարավոր արձակմանը նպաստող դրական գործոն:


Նման հիմքեր և/կամ գործոններ (եթե կան) պետք է փնտրել բացարձակ այլ տիրույթներում»:


Վերջին օրերին մամուլում հայտնվել են տեղեկություններ, թե դատապարտյալների ներման հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել Մհեր Ենոքյանին ներում շնորհելու հարցին: Եթե դա այդպես է, ապա եզրակացությունը պետք է հաստատի ՀՀ նախագահը կամ վարչապետը:


Հիշեցնենք, համաձայն այս դաժան քրեական գործի նյութերի, Իոսիֆ Աղաջանովը առևանգվել է համակուրսեցի Մհեր Ենոքյանի կողմից, որի դիմաց նրա ծնողներից պահանջվել է 20 հազար ԱՄՆ դոլար փրկագին: Սակայն սպանվել է դաժանաբար. նրա մարմինը հայտնաբերել են մաս-մաս կտրատված: Մհեր Ենոքյանը պնդում է, որ ինքը մեղավոր չէ: Կատարվածին մասնակից է եղել նաև նրանց մյուս ընկերը՝ Աշոտ Հարությունյանը, որը 15 տարի պատիժը կրելուց հետո այժմ ազատ է արձակվել: Հարությունյանի ցուցմունքների հիման վրա Մհեր Ենոքյանին սպանության մեղադրանք է առաջադրվել: Վերջինս նախ դատապարտվել է գնդակահարության, սակայն ավելի ուշ գնդակահարման դատապարտվածների նկատմամբ նախագահի որոշմամբ կիրառվում է ցմահ ազատազրկում պատիժ ու, Ենոքյանը 100-ից ավելի ցմահ դատապարտյալներից մեկն է:

Տպել

Թեմայի այլ նորություններ