ՌԴ-Ադրբեջան. Մոսկվան բալանսավորում է թուրք-ադրբեջանական տանդեմի կապերը

ՌԴ-ի նախագահ Վլադիմիր Պուտինն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Բաքվում քննարկել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցեր, որոնց թվում՝ էներգետիկ-տրանսպորտային նախագծերը:


ՌԴ-Ադրբեջան հարաբերությունների հիմքում ընկած են տնտեսական շահերը. Ադրբեջանը ՌԴ-ի հարավային հարևանն է, կողմերի համար կարևոր է հագեցնել երկկողմ օրակարգը տնտեսական նախագծերով` գյուղատնտեսական, էներգետիկ, տրանսպորտային և այլ ոլորտներում: ՌԴ-Ադրբեջան հարաբերություններում այս պահին առանցքային է Հյուսիս-Հարավ տրանսպորտային միջանցքը, որը թույլ կտա երկաթգծով միավորել ՌԴ-ն ու Իրանն Ադրբեջանի տարածքով, ինչպես նաև ռուսական ապրանքները դուրս կգան Պարսից ծոց ու Հնդկաստան:


Ինչ վերաբերվում է ՌԴ-ի շահերին Ադրբեջանի հետ կապված, ապա Մոսկվայի համար կարևոր է, որպեսզի Ադրբեջանը շարունակի պահպանել բալանսավորված արտաքին քաղաքականությունը` չանդամակցի ՆԱՏՕ-ին, Կասպից ծովի ադրբեջանական նավահանգիստները չդառնան ամերիկյան ռազմածովային կայաններ: Սերտացնելով հարաբերությունները Բաքվի հետ, Մոսկվան բալանսավորում է թուրք-ադրբեջանական տանդեմի խորը կապերը:


Անդրադառնալով անվտանգության ոլորտում համագործակցությանը պետք է նշել, որ ՌԴ-ի համար Ադրբեջանը ռուսական զենքերի խոշոր գնորդներից է` Մոսկվան ցանկանում է պահպանել իր տեղն ադրբեջանական շուկայում, որտեղ սուր մրցակցություն է: Բաքուն զենքեր է գնում նաև Ուկրաինայից, Բելառուսից, Թուրքիայից, Իսրայելից, Պակիստանից: Զենքերի վաճառքը նաև ազդեցության լծակ է և ստեղծում է որոշակի կախվածություն գոնե ռազմա-տեխնիկական ոլորտում:


ՌԴ-ն, հանդիսանալով Մինսկի խմբի համանախագահ, ակտիվորեն զբաղված է ղարաբաղյան հակամարտության կարգավորմամբ, և դա հարաբերություններում նույնպես անկյունաքարային ոլորտ է: Մոսկվայի համար այդ խնդիրը շատ նուրբ է, քանի որ ղարաբաղյան հակամարտության մեջ է ներգրավված նաև Հարավային Կովկասում Մոսկվայի թիվ մեկ ռազմավարական դաշնակից` ՀՀ-ն:


Ադրբեջանը սահմանակցելով ՌԴ-ին Հյուսիսային Կովկասով, որոշակի առումով պահպանում է ռուսական հարավային սահմանների կայունությունը, քանի որ Ադրբեջանում անկայունությունը դոմինոյի էֆեկտով կարող է տեղափոխվել հարևան բազմազգ Դաղստանի տարածք, որտեղ, ի դեպ, առկա է բավականին մեծաթիվ ադրբեջանական համայնք: Պատահական չէ, որ պարբերաբար տեղի են ունենում ռուս-ադրբեջանական համատեղ զորավարժություններ` սահմանային անվտանգության հսկման հետ կապված:


Ռուս-ադրբեջանական հարաբերությունների վրա ազդում է նաև ՌԴ-ում առկա ադրբեջանական մեծաթիվ համայնքը, որը երկկողմ հարաբերություններում կամրջող դերակատարում ունի` ադրբեջանցիները ՌԴ-ում վաստակած գումարներն ուղղում են Ադրբեջան, ինչը նույնպես որոշակի կախվածության և ազդեցության լծակ է Մոսկվայի համար:


Եվ, ի վերջո, Մոսկվայի համար կարևոր է, որպեսզի Ադրբեջանը չվերածվի հակառուսական պլացդարմի, հաշվի առնելով Ադրբեջանի կարևոր աշխարհաքաղաքական դիրքը` հարևանությունը Կովկասին, Կասպից ծովին, ինչպես նաև այն, որ Ադրբեջանի տարածքով են անցնում նաև ՌԴ-Իրան հաղորդակցության ուղիները:


 

Տպել

Թեմայի այլ նորություններ