Էրդողանը համաձայնել է չեղարկել 2 տարուց ավելի շարունակվող արտակարգ դրության ռեժիմը

206

Թուրքիայի վերընտրված նախագահ, իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության հիմնադիր ու ղեկավար Ռեջեփ Թայիփ Էրդողանն ու «Գորշ գայլեր» ազգայնական խմբավորման քաղաքական թևը համարվող «Ազգային շարժում» կուսակցության նախագահ Դևլեթ Բահչելին երկրում կայացած արտահերթ ընտրություններից հետո առաջին համատեղ հանդիպումն են ունեցել, գրում է թուրքական «Սյոզջու» պարբերականը։


Հայտնի է, որ կողմերը կպահպանեն խորհրդարանական կոալիցիան։ Էրդողանն ու Բահչելին հանդիպման ժամանակ խոսել են հետագա անելիքներից ու քննարկել օրակարգում առկա մի շարք առանցքային հարցեր։


Նշվում է, որ Էրդողանն ու Բահչելին համաձայնության են եկել երկրում շուրջ երկու տարի շարունակվող արտակարգ դրության ռեժիմը չեղարկելու հարցում։ Նշենք, որ այն Թուրքիայում գործում է 2016 թվականի հուլիսին տեղի ունեցած հեղաշրջման փորձից հետո։ Արտակարգ դրության ռեժիմի վերացումն Էրդողանի նախընտրական խոստումներից մեկն էր։


Հիշեցնենք, որ խորհրդարանական ընտրություններում Էրդողանի կուսակցությունը կորցրել է խորհրդարանական մեծամասնությունը՝ ստանալով ընտրողների ձայների միայն 42,54 տոկոսը։ Պահպանելով կոալիցիան «Ազգային շարժում» կուսակցության հետ, որն ունի ընտրողների ձայների 11,11 տոկոսը, Թուրքիայի իշխանությունները խորհրդարանում փաստացի կկազմեն Մեջլիսի 53,6 տոկոսը։


Թուրքական ընդդիմադիր Ժողովրդահանրապետական, «Լավ» և «Երջանկություն» կուսակցությունների կազմած միասնական դաշինքը հավաքել է ընտրողների ձայների 34,04 տոկոսը, ընդդիմադիր դաշինքից դուրս մնացած քրդամետ ժողովրդադեմոկրատներն էլ խորհրդարան կմտնեն 11,69 տոկոսով։ Այսպիսով՝ երկրի ընդդիմությունը կկարողանա կազմել Մեջլիսի 45,73 տոկոսը։

Տպել

Թեմայի այլ նորություններ
Загрузка...