Մամուլ. Դավիթ Հարությունյանը աշխատանք է փնտրում, քանի որ «բիզնեսմեն չէ»

542

VERELQ-ը ներկայացնում է հայաստանյան մամուլի ամենաուշագրավ հրապարակումները:


«Հրապարակ» թերթը գրում է. ««Երեկ համացանցում տե­ղեկություն տարածվեց, թե արդարադատության նախկին նախարար Դավիթ Հա­րությունյանը մտադիր է իրեն փորձել փաստաբանի դերում, և որ դա նրան խորհուրդ են տվել իր փաստաբան եղբայրները: Փա­ստաբանների գործը հեղափոխու­թյունից հետո լավացել է, նախկին իշխանավորներից շատերն են այս օրերին լավ փաստաբանի կարիք զգում: Նշված էր, որ առաջիկա­յում հնարավոր է Հարությունյանը զբաղվի որևէ օլիգարխի շահերի պաշտպանությամբ: Դավիթ Հարությունյանը մեզ հետ զրույցում չհերքեց այս տեղեկությունը՝ որոշ ճշգրտումներով: Նա ասաց, որ ոչ թե փաստաբանությամբ, այլ հնարավոր է իրավաբանական խորհրդատվությամբ զբաղվի: Փաստաբանությամբ զբաղվելու համար, նկատենք, նախ պետք է փաստաբանի լիցենզիա ձեռք բե­րել և այլն: «Դա կարող է լինել իրավաբա­նական խորհրդատվական գրա­սենյակ, բայց չեմ կարող ասել՝ հա­ստատ էդ ճանապարհն եմ ընտրել: Ընդհանուր առմամբ, հետևյալը կասեմ, քանի որ ես բիզնեսմեն չեմ, բնականաբար, որոնում եմ, թե ինչով եմ զբաղվելու: Դա գործընթաց է, ես չեմ բացառում նաև այդ տարբերա­կը, որ կզբաղվեմ իրավաբանական խորհրդատվությամբ»,- ասաց նա՝ նշելով, որ չի պատրաստվում այս պահին դառնալ փաստաբան: Չբացառեց նաև, որ իրավաբա­նական խորհրդատվությամբ կա­րող է զբաղվել հենց իր եղբոր՝ Հայկ Հարությունյանի «Հարությունյան և գործընկերներ» իրավաբանա­կան ընկերությունում: «Իհարկե, ինչ-որ տեղ պետք է աշխատեմ, չէ՞, դրա համար էլ որոնումների մեջ եմ»,- հավելեց նախկին նախարա­րը՝ նորմալ համարելով, որ փորձում է զբաղվել որևէ աշխատանքով: Իսկ հնարավոր է առաջիկայում ստանձնի նախկին իշխանավոր­ներին իրավաբանական խորհր­դատվություն տրամադրելու հոգսը, և իր՝ այս դաշտ մտնելը նաև դրա­նով է պայմանավորված:


Հարու­թյունյանը կարճ պատասխանեց՝ դրանք իրար հետ կապված չեն: Հարցրինք նաև՝ նոր իշխանու­թյունների կողմից որևէ առաջարկ եղել է, փորձել են օգտագործել իր ռեսուրսները: «Եթե խոսքը վերա­բերում է հանրային ծառայության պաշտոնին, ապա՝ ոչ: Իսկ տարբեր առաջարկություններ, բնակա­նաբար, ես ստանում եմ տարբեր ոլորտներից, և´ Հայաստանից, և´ դրսից: Որոնումների փուլում եմ, կարծում եմ՝ դեռ մտածելու ժամանակ ունեմ, որովհետև ինձ պետք է աշխատանք, որը նաև ինձ հետաքրքրի»,- ասաց նա: Իսկ եթե նոր իշխանությունների կող­մից առաջարկ լիներ աշխատել արդարադատության նախարարի պաշտոնում, կհամաձայներ, Դա­վիթ Հարությունյանը բացասաբար պատասխանեց»:


«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ելք» դաշինքում ներքին խմորումները շարունակվում են: Մինչ քաղաքական ուժը քննարկում է ԸՕ փոփոխությունները` պատրաստվելով արտահերթ խորհրդարանական ընտրություններին, դեռևս անհայտ է մնում, թե ինչ է լինելու «Ելք» դաշինքի հետ և այդ դաշինքում ներգրավված ուժերի՝ առաջիկա ընտրություններին մասնակցության ձևաչափը: «Ժողովուրդ» օրաթերթի աղբյուրների պնդմամբ` վերջերս հանդիպել են Նիկոլ Փաշինյանը, Արամ Սարգսյանն ու Էդմոն Մարուքյանը, քննարկման թեման էլ հենց սպասվելիք ընտրություններն են եղել: Ընդ որում` թե՛ Արամ Սարգսյանը, թե՛ Էդմոն Մարուքյանն իրենց խոսքում նշել են, որ իրենք պատրաստ են միասնական գնալ ընտրությունների, և որոշողը պետք է լինի հենց ՔՊ-ն, Նիկոլ Փաշինյանն էլ խոստացել է այդ մասին քննարկում ունենալ իր կուսակցությունում, սակայն մինչ այժմ որևէ պատասխան չի տվել Սարգսյանին և Մարուքյանին: Բայց ՔՊ ներսում մեծամասնությունը շարունակում է դեմ արտահայտվել ընտրություններին միասնական մասնակցելու տարբերակին` համարելով, որ այդ ուժերն իրենց հաշվին ցանկանում են հետագա կարիերան ապահովել»:


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Նախկին իշխանության ներկայացուցիչներից շատերն այս օրերին պարզապես խուճապի մեջ են: Բանն այն է, որ ժամանակին պաշտոնյաներից ու պատգամավորներից շատերն իրենց երեխաներին ազատել են բանակից ոմանք օբյեկտիվ, ոմանք սուբյեկտիվ պատճառներով: Ու հիմա, ինչպես պնդում են «Ժողովուրդ» օրաթերթի աղբյուրները, նրանք զբաղված են այդ արխիվային փաստաթղթերը վերանայելով, վերաձեւակերպելով, որպեսզի ստուգումների դեպքում օրինականության հետ կապված խնդիրներ չառաջանան: Բանն այն է, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրահանգով այս թեմայով սկսվել են լուրջ ստուգումներ, խնդիր է դրված պարզելու՝ իշխանության ներկայացուցիչների զավակներն այս տարիներին ազատվել են ծառայությունից օրինակա՞ն, թե՞ ապօրինի հիմքերով, կոնկրետ ի՞նչ պատճառներով: Ըստ մեր աղբյուրների` առաջիկայում այս թեմաներով լուրջ աղմուկ, լուրջ բացահայտումներ են սպասվում: Կպարզվի, որ այնպիսի անձանց երեխաներ չեն մեկնել ժամկետային զինծառայության, որ անհնար է պատկերացնել՝ ՀՀԿ-ական Աշոտ Արսենյանի զավակները, ԲՀԿ-ական Սերգեյ Բագրատյանի տղան, գեներալ Սեյրան Սարոյանի որդին, Վարդան Ղուկասյանի տղան, Սուրիկ Խաչատրյանի տղան եւ այսպես շարունակ:


«Հրապարակ» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով՝ արտաքին քաղաքական տիրույթում վարչապետ-նախագահ մրցակցությունը սրվում է։ Լուրեր կան, որ հնարավոր է Արմեն Սարգսյանը մեկնի Բաքու, թեեւ նախագահականի մեր աղբյուրները դա «աբսուրդ» համարեցին։ Լուրեր կան նաեւ, թե Արմեն Սարգսյանը մեկնելու է Իրան։ «Եվրոպա, ԱՄՆ այցերից առաջ Արմեն Սարգսյանը հանդիպել է, այո, ՀՀ-ում Իրանի դեսպանի հետ, սակայն նման հարց չի քննարկվել»,- ասացին մեզ։ Այնուհանդերձ, մեր տեղեկություններով, Արմեն Սարգսյանը պատրաստվում է Իրան այցելել։ Ի դեպ, Իրան է մեկնելու նաեւ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ մեզ ասացին, որ «վերջնական ժամկետները ճշտվում են»։ Իսկ առաջիկայում՝ հուլիսի 11-12-ին, Փաշինյանը կմեկնի Բրյուսել՝ մասնակցելու ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին, որի օրակարգում առանցքային ուշագրավ հարց կա՝ ՆԱՏՕ-ն քննարկելու է ռուսական ագրեսիայի զսպման հարցը։


«Ժամանակ» թերթը գրում է. ««Ժամանակ»-ի տեղեկություններով` երեկ բերման են ենթարկել գործարար Բարսեղ Բեգլարյանի` Ֆլեշի Բարսեղի ընկերության տնօրենին: Մեր աղբյուրի փոխանցմամբ` իրեն ուղղված բոլոր հարցերին տնօրենը պատասխանել է. «Ես ոչինչ չգիտեմ, ինձ ոնց ասել են, այդպես էլ արել եմ, էլ հարցեր մի տվեք»: Նկատենք, որ Սերժ Սարգսյանը Ֆլեշի Բարսեղի ընտանիքի քավորն է, և նրանք հաճախ են իրար հետ շախմատ խաղում»:


«Հրապարակ» թերթը գրում է. «Երեկ տեղեկացանք, որ Մանվել Գրիգորյանի կինը՝ Նազիկ Ամիրյանը, ներկայացել է իրավապահներին, և նրան ձերբակալել են։ Նա կասկածվում է «մեծ քանակությամբ զենք և ռազմամթերք» ձեռք բերելու և պահելու մեջ՝ ՔՕ հոդված 235, 2-րդ մաս։ Իսկ մանվելականները շարունակում են «արտագաղթել» Էջմիածնից, Մանվել Գրիգորյանի ձերբակալությունից հետո գեներալի ընտանիքի և նրա բարեկամների ու մերձավորների նկատմամբ քաղաքում անհանդուրժողական մթնոլորտ է ձևավորվել։ Մանվելականների ռեժիմից ազատագրված էջմիածնեցիներից ոմանք որոշել են վրեժ լուծել գեներալի շրջապատից։ Տեղեկություններ կան, որ շատերն այս օրերին լքում են իրենց բնակարանները և կվերադառնան, երբ կրքերը հանդարտվեն։ Ի դեպ, ասացին նաև, որ Մանվել Գրիգորյանի հեկտարներով խոտհարքներն ու այգիներն անմշակ են մնացել, որևէ բանվոր այլևս չի ցանկանում աշխատել այդ տարածքներում»։


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովը հրապարակել է բարձրաստիճան պաշտոնատար անձանց շահերի բախման խնդիրների վերաբերյալ 2017թ. հոկտեմբերից 2018թ. մարտն իրենց իրականացրած ուսումնասիրությունների արդյունքները: Պատկերն առավել քան ուշագրավ է: Պարզվել է, որ 2014-2017թթ. բարձրաստիճան պաշտոնատար անձանց եւ նրանց հետ փոխկապակցված անձանց մասնակցությամբ 91 առեւտրային կազմակերպություն ճանաչվել է գնումների հաղթող, նրանց հետ կնքվել է 709 պայմանագիր: Այդ պայմանագրերից 99-ում առկա է շահերի առերեւույթ բախում. բարձրաստիճան պաշտոնատար անձանց կամ նրանց հետ փոխկապակցված անձանց մասնակցությամբ կազմակերպությունները հաղթող են ճանաչվել այն մարմինների գնումների մրցույթներում, որտեղ անձը պաշտոն է զբաղեցրել: Ըստ էթիկայի հանձնաժողովի` թեեւ պայմանագրերում բացակայել են կոնկրետ պաշտոնյաների ստորագրությունները, բայց մրցույթների իրականացման եւ հաղթող մասնակիցների որոշման գործընթացում նրանց շահագրգիռ միջամտության հնարավորությունը չի բացառվում: Ու, բնականաբար, խոսքը ՀՀԿ-ական պատգամավորների կամ պաշտոնյաների մասին է»:


«Հրապարակ» թերթը գրում է. «Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի հրաժարականի պահանջով բողոքի ակցիաների նախաձեռնողները որոշել են նոր թափով սկսել պայքարը։ Շաբաթ օրը, երեկոյան ժամը 6-ին հանրահավաք է նշանակվել Էջմիածնի կենտրոնական հրապարակում։ Հիշեցնենք, որ նախաձեռնողների շարքում է Գայանե վանքի վանահայր հայր Կորյունը։ Տեղեկություններ կան, որ եթե հրապարակում կրիտիկական զանգված հավաքվի, ապա եպիսկոպոսները ևս կմիանան ժողովրդին»։


«Փաստ» օրաթերթը գրում է. Հայաստանյան հասարակական, քաղաքական ու լրատվական միջավայրի առանցքային թեմաները, ուզենք, թե չուզենք, շարունակում են մնալ բացահայտումներն ու ձերբակալությունները, ավելի ճիշտ՝ «բերման ենթարկումները»: Նախորդիվ անդրադարձել ենք այս գործընթացների, այսպես ասած, «լուսաձայնային էֆեկտների» ենթատեքստերին և բեմականացման որոշակի տարրերին, սակայն, սրանից զատ, այսօրինակ գործողություններով իշխանությունները մի շարք հստակ հաղորդագրություններ են հղում իրենց ներկա և առաջիկա մրցակիցներին: Այլ կերպ ասած՝ իշխանությունը ուժի ցուցադրություն է իրականացնում, թերևս միայն հենց այս տրամաբանության մեջ կարող է տեղավորվել որոշ անհատների բերման ենթարկելն ու ազատ արձակելը: Ի դեպ, այստեղ հարկ է նշել նաև, որ բացի ուժի ցուցադրությունից, նման, թվում է, անտրամաբանական գործողությամբ լուծվում է նաև նշանակետում գտնվող անձանց տեսադաշտում պահելու խնդիրը:


Մի կողմից իշխանության կողմից նման ուժի ցուցադրությունը կարող է թվալ, թե ուղղված է որոշակի անհատների կամ, առավելագույնը, խմբերի դեմ, սակայն իրականում ուժի ցուցադրության հասցեատերը կարող է լինել հասարակությունը: Խնդիրն այն է, որ ապրիլ–մայիսյան իրադարձություններից հետո, ոստիկանության նկատմամբ որոշակիորեն վերաբերմունք է փոխվել, ավելին, ոստիկանությունը, ԱԱԾ–ն դարձել են հանրայնորեն, եթե ոչ սիրելի, ապա գոնե ընդունելի կառույցներ: Սա շատ հետաքրքիր ու դրական իրողություն է մասնավորապես ԱԱԾ–ի պարագայում, որովհետև դժվար է գտնել որևէ այլ հետխորհրդային երկիր, որտեղ «КГБ»–ի ժառանգորդ համարվող կառույցները վայելեն հանրային համակրանք: Մյուս կողմից այս համակրանքի մեջ թաքնված է որոշակի վտանգ: Ի վերջո Ոստիկանությունը, ԱԱԾ–ն և նմանատիպ կառույցները կոչված են իրականացնելու պետության բռնության մենաշնորհը՝ այսինքն հենց այս կառույցներին է տրված լիովին օրինական կերպով բռնություն գործադրել: Ընդհանրապես, բռնության մենաշնորհը համարվում է պետության առաջնային հատկանիշներից մեկը և ցանկացած պետություն կայացած է այնքանով, ինչքանով կարողանում է օրենքին համապատասխան և տեղին կիրառել բռնության իրավունքը՝ դրա անհրաժեշտության դեպքում:


Նման իրավիճակում ոստիկանությունը, ԱԱԾ–ն, մյուս կառույցները և, ամենակարևորը, հանրությունը պետք է պատրաստ լինեն այն մտքին, որ վերոնշյալ կառույցները հեղափոխությունից հետո չեն զրկվել բռնության մենաշնորհից, չեն դարձել բովանդակությամբ այլ, բարեփոխվել են, մաքրվել են օդիոզ դեմքերից և այլն, սակայն բովանդակության մեջ մնացել են իրավապահ համակարգ և հենց այդպես էլ պետք է լինի: Անշուշտ, ոստիկանության ու ընդհանրապես ուժային մարմինների նկատմամբ առկա հանրային վստահության բարձր մակարդակը հեղափոխության կարևորագույն ձեռքբերումներից մեկն է, սակայն միևնույն ժամանակ հենց այս վստահությունն է արտոնում նաև բռնության մենաշնորհը, որին պատրաստ պետք է լինեն և՛ հանրությունը, և՛ պետական կառավարման բոլոր օղակները:

Տպել

Թեմայի այլ նորություններ
Загрузка...