Պուտին–Փաշինյան հանդիպում. հայ–ռուսական հարաբերություններին ոչինչ չի սպառնում

Սոչիում կայացավ ՌԴ–ի նախագահ Վլադիմիր Պուտինի ու ՀՀ–ի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը։ Այն շատ ուշագրավ էր, քանի որ կայանում էր ՀՀ–ում «թավշյա հեղափոխությունից»` իշխանափոխությունից հետո ու կարևոր էր լսել Կրեմլի մոտեցումները Հայաստանի նոր իշխանությունների հետ հետագա հարաբերությունների կառուցման տեսլականի առումով։

ՌԴ–ի նախագահը իր խոսքում շեշտեց ՀՀ–ի հետ հարաբերությունների կարևորությունն ու այն տնտեսական ներուժն, որն առկա է և հայ–ռուսական տնտեսական հարաբերությունների ընդլայնման մասով լավատեսություն արտահայտեց։ Բացի այդ, Պուտինը հույս հայտնեց, որ ՀՀ–ՌԴ կապերը շարունակելու են զարգանալ միջազգային կառույցներում, որտեղ մինչ այդ Երևանի ու Մոսկվայի քայլերը շատ դեպքերում համահունչ էին։

Ինչ վերաբերվում է ՀՀ–ի վարչապետին, ապա Սոչիում Պուտինի հետ հանդիպմանը Փաշինյանը կրկին անգամ կարևոր շեշտադրումներ արեց` ՌԴ–ի հետ ռազմավարական, դաշնակցային հարաբերությունները շարունակվելու են ամրապնդվել ու ոչ ոք կասկածի տակ չի դնում Մոսկվա–Երևան դաշինքի կարևորությունը։

Փաշինյանը հատուկ շեշտեց Կրեմլի բալանսավորված դիրքորոշումը ներհայաստանյան քաղաքական ճգնաժամին՝ նշելով, որ  Մոսկվան որդեգրեց կառուցողական դիրքոշում, չնայած տարբեր ուժեր փորձում էին այս «թավշյա հեղափոխությունը» ներկայացնել, որպես հակառուսական Մայդան, սակայն դա այդպես չէր ու ռուսական կողմը դա շատ լավ գիտակցել է։
Բացի այդ, Փաշինյանը շեշտեց Մոսկվայի հետ ռազմա–տեխնիկական համագործակցության կարևորությունը` Երևանը չի փոխելու իր վեկտորը ռազմական համագործակցության առումով, ինչը հատկապես կարևոր է ղարաբաղյան հակամարտության առկայության ու Բաքվի կողմից սպառազինություննեի մրցավազքի ու նոր տեխնիկայի ձեռքբերման պարագայում։

ՀՀ–ի վարչապետը հատուկ ընդգծեց, որ հիացած է ՌԴ–ի ռազմաարդյունաբերական համալիրի ձեռքբերումներով, որոնք ներկայացվեցին մայիսի 9–ի շքերթի ընթացքում։ Այս առումով, հայ–ռուսական ռազմական համագործակցությունն ունի մեծ ներուժ` Մոսկվան իր դաշնակից ՀՀ–ին կարող է մատակարարել արդի զինտեխնիկա ու ՀՀ–ի Զինված ուժերը շարունակելու են մնալ ամենամարտունակը Հարավային Կովկասում։

ՀՀ–ն Ադրբեջանի հետ ռազմական բալանսը պահպանելու է դաշնակից ՌԴ–ի օգնությամբ` նրա հետ ռազմա–տեխնիկական համագործակցության խորացման վրա հենվելով։ Բաքվում հույս ունեին, որ Մոսկվայի ու Երևանի հարաբերությունները կվատթարանան ՀՀ–ում իշխանափոխությունից հետո ու Երևանը կսկսի արագ հեռանալ Մոսկվայից դեպի Արևմուտք: Բայց դա տեղի չունեցավ ու ըստ այսօրվա հանդիպման արդյունքների՝ արտաքին քաղաքական իմաստով ՀՀ–ն շարունակելու է նախկինում որդեգրված քաղաքականությունը, ինչը կարևոր էր նաև Մոսկվայի համար, քանզի ՌԴ–ն այստեղ ունի կենսական շահեր` ռուսական կապիտալի, ռազմական ներկայության ու հայ–ռուսական բազմաշերտ կապերի տեսանկյունից։

Փաշինյան–Պուտին հանդիպումը նոր խթան է հանդիսանալու բոլոր ոլորտներում առկա ներուժն օգտագործելու ու ավանդական կապերի շարունակականությունն ապահովելու համար։

Տպել

Թեմայի այլ նորություններ