24.11.2024
Պուտին–Փաշինյան հանդիպում. հայ–ռուսական հարաբերություններին ոչինչ չի սպառնում
prev Նախորդ նորություն

Հաջողություններ արձանագրելու համար մեզ նվազագույնը 3 տարի է պետք. Բոստանջյան

Սերժ Սարգսյանի ու Հանրապետական կուսակցության իշխանությունից հեռանալուց հետո հանրությունը շունչը պահած սպասում է, թե երբ է իր վրա զգալու Նիկոլ Փաշինյանի հեղափոխության դրական արդյունքները: Երբ է տնտեսությունը խորը շունչ քաշելու՝ ազատվելով կոռուպցիայից, մենաշնորհներից ու երբ է հաստատվելու ազատ մրցակցային դաշտ:

Ի վերջո՝ որքա՞ն ժամանակ է պահանջվում դրական փոփոխությունների համար. VERELQ-ի զրուցակիցն է ՀՀ Ազգային Ժողովի «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր, տնտեսագետ Վարդան Բոստանջյանը:

-Պարոն Բոստանջյան, սովորաբար հեղափոխությունները և ներքին անկայուն վիճակը առաջին հերթին հարվածում են երկրի տնտեսությանը: Հայաստանի տնտեսությունն առանց այդ էլ վատ վիճակում էր. ի՞նչ ունենք այսօր թավշյա հեղափոխությունից հետո:

-Հայաստանի Հանրապետության տնտեսության վիճակը, մեղմ ասած, լավ վիճակում չէր և այդ մասին գիտեինք բոլորս: Եվ սա անկախ այն հանգամանքից, որ վերջերս, իբր, արձանագրվեց 7.5 տոկոս տնտեսական աճ, ինչը որոշ մասնագետների մոտ դեռևս հավաստիության առումով կասկածների տեղիք է տալիս: Նիկոլ Փաշինյանի «սիրո և համերաշխության» հեղափոխության միջոցով ՀՀ բնակչությունը թոթափեց համակարգային այն ոչ ցանկալի ու ոչ արդյունավետ վիճակը, ինչը գոյություն ուներ երկրում տարիներ շարունակ և այդ հեղափոխությունը, ըստ էության, դեռևս տնտեսության վրա չունի էական բացասական ազդեցություն: Բայց դա դեռ ոչինչ չի նշանակում, քանի որ նման գործընթացների ժամանակ՝ հեղափոխությունների պարագայում մեծանում է, օրինակ, կապիտալի արտահոսքի և որոշակի ուղղությամբ իրականացված ներդրումային գործունեության կասեցման հավանականությունը: Այդ ամենը տևում է այնքան ժամանակ, մինչև ցանկացած տնտեսավարող սուբյեկտի համար պարզ դառնա, թե զարգացումը ինչպիսին պետք է լինի տվյալ տարածքում: Այս դեպքում՝ Հայաստանում:

Կրկնում եմ՝ մեզ համար նորություն չէր ՀՀ տնտեսության անմխիթար վիճակը, ինչը պայմանավորված էր տասնամյակների ընթացքում ձևավորված կառավարման համակարգով, և այս հեղափոխությունը ոչ այլ ինչ էր, քան այդ համակարգի սկզբունքների և մոտեցումներրի մերժում: Հասկանալի է նաև, որ մերժելով մենք պետք է նորը տեղադրենք, իսկ դրա պարագայում էլ, քանի որ մենք գտնվում ենք դեռևս գործընթացի մեջ, պետք է բոլորին՝ և՛ ներդրողների, և՛ գործունեություն ծավալողների, և՛ տնտեսական ուղղություններ զարգացնելու հավակնություններ ունեցողների համար ստեղծենք այնպիսի պայմաններ, որոնք կապահովեն անհրաժեշտ պայմաններ փոքր և միջին բիզնեսի զարգացմանը, ազատ տնտեսական գործունեությանը, արտահանման և ներմուծման դյուրինացմանը և այլնին: Ես համոզված եմ, որ մենք, ամենայն հավանականությամբ, բավականին արագ կհասնենք ցանկալի արդյունքների, որի պարագայում, եթե իսկ մենք տնտեսական դաշտում ունենանք որոշակի կորուստներ, ապա դրանք շատ արագ կվերականգնվեն:

-Այսօր շատ դժվար է կանխատեսումներ անել, թե որքան ժամանակ հետո հանրությունը իր վրա կզգա դրական փոփոխությունները: Ըստ Ձեզ՝ որքա՞ն ժամանակ է պետք առաջին արդյունքներն արձանագրելու համար:

-Իրականում այս փուլում շատ կարևոր է հստակ գիտակցել, որ հասարակությանը պետք չէ ապակողմնորոշել: Ըստ իս, հաջողություններ արձանագրելու համար մեզ նվազագույնը 3 և ավելի տարի է պահանջվում: Սխալ է կարծել, թե հենց վաղը կհասնենք հաջողության. մենք ունենք բազմաթիվ խոցելի պահեր եկամուտների բևեռացվածության առումով, մենք ունենք խնդիրներ ազատ մրցակցության առումով, խնդիրներ փոքր և միջին բիզնեսի արդյունավետ գործունեության կտրվածքով, ՀՀ-ն ունի դժվարություններ ֆինանսական շուկայում և ենթադրել, թե այս ամենը ու դեռ այն խնդիրները, որոնք ես չնշեցի, հնարավոր մեկ-երկու ամսում կամ մեկ տարում լուծել իրատեսական չի: Դրա համար ես ասում եմ, որ նվազագույնը մեզ կպահանջվի 2-ից 3 տարի, որպեսզի մենք կարողանանք մուտք գործել ավելի կանոնակարգված դաշտ:

-Կառավարության նոր կազմը բազմաթիվ քննադատությունների է արժանանում՝ նախարարների երիտասարդ տարիքի ու անփորձության առումով: Կիսո՞ւմ եք այն մտահոգությունները, որ այդ գործոնները կարող են ձախողել կառավարության գործունեությունը:

-Ես շատ եմ ուզում, որ մենք վերջապես դեն շպրտենք այդ զուտ հայկական մոտեցումը: Մարդկության պատմությունը ցույց է տվել, որ ցանկացած պարագայում ցանկացած ճեղքում ու հաջողություն ուղղակիորեն պայմանավորված է երիտասարդներով: Այո՝ անփորձ են, այո՝ երիտասարդ են, բայց թող ձեռք բերեն այդ փորձը, անցնեն փորձությունով: Եկեք քննադատություն դա չանվանենք, անվանենք մտավախություն, բայց վստահ եմ, որ բոլորն էլ մեկ ցանկություն ունեն, որպեսզի նորանշանակ ղեկավարներից յուրաքանչյուրը շուտ կարողանա կենսագործել այն բոլոր դրական պահերը, ինչին մենք ձգտում ենք:

-Ձեր կարծիքով քաղաքական ճգնաժամը Հայաստանում հաղթահարվա՞ծ է:

-Անվանենք այն ճգնաժամ, թե ոչ, բայց դեռ հարկավոր է հաղթահարել այդ իրավիճակը: Պայմանավորված այն հանգամանքով, որ Հայաստանում դեռ պետք է տեղի ունենան նոր, արտահերթ խորհրդարանական ընտրություններ, պետք է քաղաքական դաշտի ամբողջ կազմն արդիականանա ավելի ժամանակակից մոտեցումներով, քանի որ հեղափոխությունից հետո չենք կարող պահպանել քաղաքական այն հարաբերակցությունն ու ինստիտուտները, որոնք եղել են մինչև այսօր: Նորին, արդիականին, ավելի դրականին ձգտելու համար մենք պետք է բազմաթիվ քայլեր դեռ անենք ու արագորեն: Եվ առաջին հերթին՝ փոխենք Ընտրական օրենսգիրքն ու արտահերթ ընտրություններ անցկացնենք:

-Ի՞նչ եք կարծում, ամենաարագը ե՞րբ հնարավոր կլինի ընտրություններ անցկացնել:

-Լավագույն տարբերակը կլինի ընտրություններ անցկացնել արդեն աշնանը: Բայց վատագույն դեպքում՝ եթե լինեն խնդիրներ, խոչընդոտներ և այլն, ապա կանխատեսելի է, որ ընտրությունները տեղի կունենան հաջորդ գարնանը:

-Պարոն Բոստանջյան, ինչպես կգնահատե՞ք ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ելույթը ԵԱՏՄ գագաթաժողովում՝ ըստ էության, այդ պաշտոնում իր առաջին շփումը ՀՀ գործընկեր պետությունների առաջնորդների հետ:

-Բավականին ողջամիտ ելույթ ու խելացի մոտեցում էր հնչեցնել այն բոլոր հիմնական թեզերը, որ նախկինում ինքը բազմիցս արդեն հայտարարել էր՝ հատկապես Ռուսաստանի Դաշնության և ԵԱՏՄ-ի հետ հարաբերությունների մասով: Ռուսաստանի հետ հարաբերությունների պահպանումն ու զարգացումը ՀՀ անվտանգության համար ունի սկզբունքային նշանակություն: Չմոռանանք նաև, որ բացի անվտանգությունից կան այլ զգայուն հարցեր ու ոլորտներ, որոնք մեզ կապում են Ռուսաստանի հետ՝ ՀՀ քաղաքացիներ աշխատում ու ապրում են ՌԴ-ում, այդ երկրից Հայաստան միլիոնավոր տրանսֆերտներ են գալիս, ինչը մեր տնտեսության գոյատևման կարևորագույն միջոցներից մեկն է և այլն: Եվ հաշվի առնելով այս ամենը մենք պետք է զարգացնենք ու ուժեղացնենք գործընկերությունը Ռուսաստանի հետ, ինչն էլ նախօրեին ևս շեշտեց վարչապետը:


Զրուցեց Լիա Խոջոյանը