Զաքարյան. Բաքուն ուշացած ու հերթական այս հայտարարությունից հետո իր ձեռքերն ավելի ազատ է արձակելու

25
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները դիվերսիայից շուրջ երկու շաբաթ անց հանդես են եկել հայտարարությամբ, որում անդրադարձել են դեկտեմբերի 29-ին հայ-ադրբեջանական սահմանին Ադրբեջանի դիվերսիայի փորձին։ Համանախագահները հերթական անգամ կոչ են արել կողմերին դադարեցնել փոխադարձ մեղադրանքներն ու ձեռնարկել անհրաժեշտ քայլերը իրավիճակը կայունացնելու ուղղությամբ: Նաև նշել, որ հրադադարի խախտումները անթույլատրելի են և հակասում են այն պարտավորություններին, որ ստանձնել են կողմերը, որոնք կրում են ամբողջ պատասխանատվությունը ուժ չկիրառելու համար: Ասել է թե` հերթական անատամ, անհասցե ու կողմերի միջև հավասարության նշան դնող հայտարարություն:

VERELQ-ի հետ զրույցում ՀՀ Ազգային Ժողովի արտաքին հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը բավականին տարօրինակ որակեց այս հայտարարությունը, քանզի այն ուշացած է և այս իմաստով որևէ ազդեցություն ունենալ ուղղակի չի կարող:

-Այն չի կարող նպաստել վերադառնալ խաղաղ բանակցություններին և Ադրբեջանը հերթական այս հայտարարությունից հետո իր ձեռքերն ավելի ազատ է արձակելու` ապագայում նմանատիպ դիվերսիոն և ագրեսիվ գործողություններ իրականացնելու համար` և' ղարաբաղա-ադրբեջանական սահմանին, և' հայ-ադրբեջանական սահմանին:
ԵԱՀԿ Մինսկի խումբը շատ մեծ անելիք ունի, դրա ջանքերը շատ էական ջանքեր են, և տարօրինակ է, որ ՄԽ-ն շարունակում է նման իրավիճակում դիվանագիտական պրակտիկա բանեցնել և պարիտետային հայտարարություններով հանդես գալ: Տպավորությունն այնպիսին է, որ հայկական կողմերը մեծ ոգևորությամբ սպասում են նույն ադրբեջանական դիվերսիային, որպեսզի հերթական անգամ մարտական գործողությունների մեջ մտնեն, բայց հասկանալի է, որ դա այդպես չէ և Մինսկի խումբն էլ շատ լավ գիտակցում է և գիտի, որ միակ կողմը, որին ձեռնտու է անընդհատ իրավիճակը լարել, ագրեսիա բանեցնել և սադրիչ գործողությունների միջոցով թեժացնել իրավիճակը Ադրբեջանն է:

Ադրբեջանի գործողությունները առաջին հերթին ուղղված են Մինսկի խմբի գործունեությունը չեզոքացնելուն ու ձախողելուն, հետևաբար ՄԽ-ն պետք է նաև շահագրգիռ լինի, որպեսզի հրադադարի ռեժիմի խախտման մեխանիզմները օր առաջ տեղադրվեն շփման գծում: Միայն ֆորմալ կոչերը, և կյանքն է դա ցույց տալիս, որևէ օգտակարություն չեն տալու և միամիտ կլինի նստել ու սպասել, թե երբ Ադրբեջանը բարի կամք կցուցաբերի այդ մեխանիզմները տեղադրման հարցում: Ե'վ Ռուսաստանը, և' ԱՄՆ-ն, և' Ֆրանսիան ունեն բավարար ռեսուրսներ պարտադրելու Ադրբեջանին հարգելու Վիեննայում և Սանկտ Պետերբուրգում ձեռք բերված պայմանավորվածությունները, հատկապես, որ այդ պայմանավորվածություններում իրենց շահագրգիռ դերակատարությունն են ունեցել նաև Մինսկի խմբի համանախագահող երկրները: Իսկ նմանատիպ հայտարարությունները այդ պարտավորությունները նվազագույնս կատարելու հայտարարություններ են, որոնք տվյալ պահին իրավիճակին օգտակար լինել չեն կարող:

-Պարոն Զաքարյան, ադրբեջանական դիվերսիայի մասով ՀԱՊԿ-ի արձագանքը անակնկալ բերեց` այն իմաստով, որ Նիկոլայ Բորդյուժան, ապա նաև կազմակերպության պաշտոնական կայքում տեղադրված հայտարարության տեքստում օգտագործվեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն բառակապակցությունը: Սա կարելի՞ է դիտարկել իբրև Բաքվին ուղղված ուղերձ ՌԴ-ից, որը նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկիր է:

-ՀԱՊԿ-ի պաշտոնական տեսակետը կազմակերպության պաշտոնական կայքում ներառված է. ասվել է այն, ինչ ասվել է և ես չեմ ցանկանում դա մեկնաբանել: Բայց շատ կարևոր մի հանգամանք կա, որ այս իրավիճակում ՀԱՊԿ-ը արագ արձագանքեց տեղի ունեցածին և ճիշտ շեշտադրումներ իրականացրեց, ի տարբերություն Մինսկի խմբի, որից ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացի ամբողջ համատեքստում ակնկալիքները շատ ավելի մեծ են:

-Գուցե հայկական կողմը ինչ-որ մարտավարություն կամ մոտեցում պետք է փոխի՞. դիվերսիաներ տարիներ շարունակ լինում են, անատամ ու անհասցե հայտարարություններ հնչում են, ձեռք են բերվում պարտավորություններ, որոնք Բաքուն հետևողականորեն ձախողում է, բայց ոչինչ չի փոխվում:

-Ես կարծում եմ, որ մեր տեսակետները միշտ համընկել են Մինսկի խմբի դիրքորոշումների հետ, մենք միշտ հարգանքով ենք վերաբերվել մեր ստանձնած պարտավորություններին ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման գործընթացի կոնտեքստում, բայց մի հարցում մեր տեսակետը համանախագահների տեսակետի հետ չի համընկնում` պարիտետային հավասարակշռող հայտարարությունները ուղղակի օգտակար չեն: Դրանից օգտվում է Ադրբեջանը, և խնդիր է առաջացնում այն բացատրությունը, թե չունենք մեխանիզմներ, որպեսզի իմանանք, թե ովքեր են դիմել դիվերսիայի կամ ովքեր են հետևողականորեն խախտում հրադադարի պահպանման ռեժիմը: Վստահ եմ, որ բոլորովին բարդ չէ երեք խոշոր գերտերությունների և համաշխարհային ուժային կենտրոններ հանդիսացող տերություններին քաղաքական առումով ստիպել Ադրբեջանին հարգել Վիեննայում և Սանկտ Պետերբուրգում ձեռք բերված պայմանավորվածությունները: Դրանից հետո արդեն այդ արձանագրությունների հիման վրա, այո, նույն Մինսկի խումբը կարող է թեկուզ ուշացած հայտարարություններ անել, բայց փաստացի: Իսկ հիմա հնչում են հենց այնպես , ֆորմալ հայտարարություններ, որոնք որևէ ազդեցություն չունեն:

-Այսինքն` առաջիկայում էլ առաջընթաց կամ փոփոխություններ Դուք չեք ակնկալում…

-Փոփոխությունները հետևյալն են. Մինսկի խմբի համանախագահները, որոնք շատ մեծ ու կարևոր դերակատարություն ունեն հակամարտության կարգավորման հարցում, պետք է ավելացնեն իրենց ջանքերը և ուղղեն դրանք Ադրբեջանին` ստիպելու, որպեսզի վերջինս չխոչընդոտի հրադադարի ռեժիմի խախտումներն արձանագրող մեխանիզմների տեղադրմանը:

Զրուցեց Լիա Խոջոյանը


Տպել

Թեմայի այլ նորություններ