Ռուսաստանի ԱԳՆ-ն կիրակի օրը հայտարարել է, որ ԱՄՆ-ն կդառնա Ռուսաստանի «ոչ բարեկամական» երկրներից մեկը, հաղորդում է BBC-ն: Որոշումը կայացվել է Չեխիայի հետ դիվանագիտական հակամարտության ֆոնին, որը Մոսկվային կասկածում է 2014 թվականին չեխական զինամթերքի պահեստների պայթյուններին մասնակցության մեջ եւ արտաքսել է ռուս դիվանագետների: Ի պատասխան՝ Մոսկվան արտաքսել է Չեխիայի դեսպանատան աշխատակիցներին։ Ռուսաստանի ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտնել է, որ կառավարությունն աշխատում է «ոչ բարեկամական պետությունների» ցուցակի վրա: «Իսկ ովքե՞ր են այդ նույն ոչ բարեկամական պետությունները։ Ցուցակը հիմա ձեւավորվում է», - ասել Է Զախարովան «Ռոսիա-1» հեռուստաալիքին տված հարցազրույցում՝ հստակեցնելով, որ այդ որոշման արդյունքում ԱՄՆ-ին և Չեխիային կարգելվի ռուսաստանցիներին աշխատանքի վերցնել իրենց դեսպանատներում: Վրբետիցայում տեղի ունեցած պայթյուններին Ռուսաստանի ենթադրյալ մասնակցության ֆոնին Չեխիան արտաքսել է Պրահայում Ռուսաստանի դեսպանատան 18 աշխատակիցների, ՌԴ ԱԳՆ-ն պատասխանել է քսանի արտաքսմամբ: Ապրիլի 22-ին Չեխիայի ԱԳՆ-ն հայտարարել էր ռուսական դիվանագիտական առաքելության ևս 63 աշխատակցի արտաքսման մասին: Դրանից հետո Մոսկվայում Չեխիայի դեսպանատանը արգելել են աշխատանքի ընդունել ՌԴ քաղաքացիներին։