18.07.2025
Դավոսում քննարկվել է ռուսական բիզնեսը Մեղրիի ազատ տնտեսական գոտում ներգրավվելու հարցը
26.01.2018
Դավոսում քննարկվել է ռուսական բիզնեսը Մեղրիի ազատ տնտեսական գոտում ներգրավվելու հարցը

Դավոսում կայացել է Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանի հանդիպումը Ռուսաստանի Դաշնության փոխվարչապետ Արկադի Դվորկովիչի հետ: Այս մասին հայտնում են կառավարության մամուլի ծառայությունից։ Զրույցի ընթացքում քննարկվել են հայ-ռուսական օրակարգի մի շարք հարցեր: Անդրադառնալով նախորդ տարի երկկողմ առևտրատնտեսական ցուցանիշներին՝ Կարեն Կարապետյանն ընդգծել է, որ աճ է գրանցվել ինչպես առևտրաշրջանառության, այնպես էլ ներմուծման և արտահանման ցուցանիշներում: «Այս թվերը վկայում են, որ մենք ճիշտ ուղու վրա ենք», - ասել է ՀՀ վարչապետը: Զրուցակիցները քննարկել են ԵԱՏՄ-ի շրջանակում համագործակցության հետ կապված հարցեր: Անդրադարձ է կատարվել հայ-իրանական սահմանին բացված Ազատ տնտեսական գոտուն և այնտեղ ռուսական բիզնեսի և կապիտալի ակտիվ ներգրավման հնարավորություններին: Կարեն Կարապետյանը և Արկադի Դվորկովիչը խոսել են նաև գյուղատնտեսության ոլորտում փոխգործակցության մասին: ՀՀ վարչապետը, մասնավորապես, ներկայացրել է անասնաբուծության բնագավառում Հայաստանում իրականացվող ծրագրերը՝ նշելով, որ այն կարող է հետաքրքիր լինել ռուս գործընկերների համար: Վարչապետը նաև մի շարք այլ բնագավառներ է մատնանշել, որտեղ Հայաստանը պատրաստ է նախագծեր իրականացնել պետություն-մասնավոր հատված գործընկերության սկզբունքով: