24.06.2026
Նախագահ Խաչատուրյանն ու Ֆրանսիայի դեսպանը քննարկել են ՀՀ-ում ԵՄ առաքելության աշխատանքը
20.10.2023
Նախագահ Խաչատուրյանն ու Ֆրանսիայի դեսպանը քննարկել են ՀՀ-ում ԵՄ առաքելության աշխատանքը

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը նախագահական նստավայրում հանդիպել է Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյիի հետ: Ողջունելով դեսպանին նախագահը շնորհակալություն է հայտնել նրա ակտիվ գործունեության համար ինչպես նաև՝ ի դեմս դեսպանի Ֆրանսիայի կառավարությանն ու ժողովրդին՝ առկա իրողությունների համապատկերում Հայաստանի նկատմամբ ցուցաբերած աջակցության համար: Դեսպան Օլիվիե Դըկոտինյին շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և իր տպավորություններն է ներկայացրել վերջին օրերին իր կողմից Հայաստանի սահմանային հատվածներ կատարած այցելությունների վերաբերյալ: Հանդիպման ընթացքում քննարկվել է հայ-ֆրանսիական բազմաշերտ հարաբերությունների հետագա ամրապնդման և շարունակական զարգացմանն առնչվող հարցերի լայն շրջանակ: Մտքեր են փոխանակվել Հայաստանում Եվրամիության քաղաքացիական դիտորդական առաքելության գործունեության և վերջինիս կարևոր դերակատարության շուրջ: Երկուստեք ընդգծվել է Հայաստանում ընթացող ժողովրդավարական բարեփոխումների կարևորությունը, ինչպես նաև տարածաշրջանում կայուն և հարատև խաղաղության հաստատման ու այս ուղղությամբ արվող հետևողական քայլերի անհրաժեշտությունը: Հանդիպման ավարտին պայմանավորվածություն է ձեռ բերվել շարունակել արդյունավետ աշխատանքային շփումները: