28.03.2026
«Հարավկովկասյան երկաթուղիների» հետ պայմանագիրը խզելու հարց օրակարգում չկա. փոխվարչապետ
09.10.2019
«Հարավկովկասյան երկաթուղիների» հետ պայմանագիրը խզելու հարց օրակարգում չկա. փոխվարչապետ

«Հարավկովկասյան երկաթուղիների» հետ պայմանագիրը խզելու հարց օրակարգում չկա։ Այսօր «Ի՞նչ անել-2 տնտեսական հեղափոխություն. ընկալումը եւ գործարկումը» գիտագործնական խորհրդաժողովի ընթացքում լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։ «Հայ-ռուսական քննարկումների օրակարգում է երկաթգծի ապագա զարգացումը եւ իրենց ռազմավարությունը։ Պայմանագիրը խզելու հարց ընդհանրապես չկա օրակարգում»,- ասաց Գրիգորյանը։ Հիշեցնենք, որ ռուսական մամուլն օրեր առաջ գրել էր, թե իբր «Ռուսական երկաթուղիներ» ընկերությունը պատրաստվում է Հայաստանի իշխանության հետ խզել պայմանագիրը։ Փոխվարչապետն անդրադարձավ նաեւ գազի սակագնի հնարավոր փոփոխություններին. «Ռուսաստանից գնվող գազի սակագինը բաղկացած է առնվազն 3 կարեւորագույն, ֆունդամենտալ բաղադրիչներից, գինը`սահմանին, հայկական «Գազպրոմ Արմենիայի» ներդրումային ծրագիրը եւ վերջինիս ընթացիկ ծախսերը: Երեք ուղղություններով էլ բանակցություններն ընթանում են, եւ դրանց արդյունքը կոչվում է գլխավոր սխեմա, որն այսօր եւս քննարկվում է»,- նշեց Գրիգորյանը՝ հավելելով, որ բանակցությունների ավարտի վերաբերյալ հստակ ժամկետ չի կարող նշել: «Ես կարծում եմ` շատ երկար չի տեւի, բայց կոնկրետ ժամկետ չնշեմ, որովհետեւ բանակցություններ են ընթանում, ամեն օր` նոր հարց, նոր պատասխան, նոր քննարկման տարր կարող է առաջանալ»,- ասաց փոխվարչապետը: