Հայկական կողմի տեսակետից, արցախյան հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի խնդրո առարկան Արցախում բնակվող 150 հազար մարդկանց անվտանգությունն է։ Այդ բնակչությունը մշտական սպառնալիքի տակ է: Այս մասին հայտարարել ֆրանսիական «Լը Ֆիգարո» պարբերականին տված հարցազրույցում ասել է ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը: «Երկուշաբթի Մոսկվայում ես հանդիպեցի իմ ադրբեջանցի գործընկերոջը։ Հանդիպմանը ներկա էին ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները (Ֆրանսիա, Ռուսաստան, ԱՄՆ)։ Այդ հանդիպումը տեղի ունեցավ Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների՝ մարտի 29-ի գագաթաժողովից հետո։ Մեր տեսակետից, խնդրո առարկան Արցախում բնակվող 150 հազար մարդկանց անվտանգությունն է։ Այդ բնակչությունը մշտական սպառնալիքի տակ է՝ հաշվի առնելով ատելության այն մթնոլորտի առկայությունը, որը սերմանվել է հայերի հանդեպ ։ Կարգավորումը կարող է լինել միայն քաղաքական, իսկ դրան հասնելու միակ ձևաչափը Մինսկի խմբի համանախագահությունն է։ Բայց միևնույն ժամանակ, պետք է այստեղ լինեն խաղաղությանը նպաստող մթնոլորտ և մարդկանց միջև շփումներ։ Մենք չենք կարող մի կողմից բանակցություններ վարել, իսկ մյուս կողմից ունենալ ատելության դրսևորումներ։ Մարդկանց անվտանգությունը, Արցախի կարգավիճակն առաջնային հարցեր են։ Այնտեղ բնակվող 150 հազար մարդիկ պետք է մասնակցեն այս գործընթացին։ Նրանք հայկական ինքնության երաշխավորներն են, մի ինքնության, որը դեռ բախվում է ցեղասպանության ժխտողականությանը», - ասել է նա։