24.11.2024
ԱՄՆ-ն հայտարարությամբ է հանդես եկել՝ Վրաստանում անկարգությունների հետ կապված
prev Նախորդ նորություն

Մայդան-2.0. Վրաստանում հակառուսական պլատֆորմով փորձ է արվում իշխանափոխություն իրականացնել

Վրաստանի խորհրդարանի մոտ տեղի ունեցած բողոքի ցույցի հետևանքով կան բազմաթիվ տուժածներ: Գործող իշխանություններն անկարգությունների հրահրման համար մեղադրում են նախկին իշխանություններին՝ Միացյալ ազգային շարժում կուսակցությանն ու Միխեիլ Սահակաշվիլիին:


Վրաստանի քաղաքական էլիտայում կան ուժեր, որոնք նախօրեին կայացած ակցիաների համար մեղադրում են ՌԴ-ին՝ Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին երկրի ապակայունացման մեջ Մոսկվային է մեղադրել։ Դա իր մեջ որևէ տրամաբանություն չունի, քանի որ ՌԴ-ն ցանկանում է Վրաստանի հետ կապերի ամրապնդում բոլոր ոլորտներում՝ տնտեսական, էներգետիկ, տրանսպորտային, հումանիտար և այլն: Մոսկվայի շահերից չի բխում իր Հյուսիսային Կովկասի հարևանությամբ ապակայունացում մտցնելն ու հակառուսական պլացդարմ ունենալը, այն էլ աջակցելով Սահակաշվիլիի կողմնակիցներին:


Վրաստանում ներքաղաքական պայքարը նոր թափ է հավաքում և նախօրեին ընդդիմության ակցիան՝ հակառուսական և հակակառավարական կոչերով, փորձ է Վրաստանը պահել հակառուսական կոալիցիայի շարքերում և թույլ չտալ ռուս-վրացական հարաբերությունների կարգավորում: Վերջին շրջանում ռուս-վրացական հարաբերությունները զարգանում էին տնտեսական և այլ ոլորտներում՝ չնայած առկա լուրջ հակասություններին Աբխազիայի և Հարավային Օսիայի հարցերում:


Այսօրվա վրաց իշխանությունները շարունակում են հակառուսական հռետորաբանությունը՝ աբխազական և օսական թեմաներով, ինչպես նաև հայտարարում են ԵՄ և ՆԱՏՕ անդամակցելու ցանկության մասին:


Սակայն դա չի խանգարում իրական քաղաքականության դաշտում շարունակել զարգացնել կապերը ՌԴ-ի հետ՝ հանդիսանալով ռուսական գազի տարանցման տարածք դեպի ՀՀ, ինչպես նաև լոգիստիկ կարևոր միջանցք Հյուսիս-Հարավ ուղղության վրա:


Ընդդիմությունն այսօրվա իշխանություններին մեղադրում է ՌԴ-ի հետ հարաբերությունների կարգավորման համար և իրենց ակցիաներով պահանջում լինել ավելի հակառուսական ու կոշտ դիրքորոշում որդեգրել Մոսկվայի նկատմամբ:


Նախկին իշխանություններն ու Միխեիլ Սահակաշվիլին կփորձեն այս ցույցերն ակումուլացնել ու հասնել, այսպես կոչված, Մայդան-2.0-ի: Այսինքն՝ քաղաքական դաշտից հեռացնել այսպես կոչված ռուսամետ քաղաքական ուժերին ու չեզոքացնել միլիարդատեր, Վրաստանի գորշ կարդինալ Բիձինա Իվանիշվիլիին:


Վրաստանում խորհրդարանի մոտ տեղի ունեցած բախումները  իրավապահների և ցուցարարների միջև, որոնք ցանկանում էին գրոհով ներխուժել խորհրդարան, հիշեցնում են գունավոր հեղափոխությունների սցենար՝ Մայդանի սցենարներ, որոնք իրականացվում են ԱՄՆ-ի աջակցությամբ և ֆինանսավորմամբ:


Ընդդիմությունը փորձում է հակառուսական պլատֆորմի վրա ակումուլացնել հանրային դժգոհությունն, այդ թվում և բազմաթիվ սոցիալ-տնտեսական խնդիրներով պայմանավորված ու այն ուղղել այսօրվա կառավարության տապալման ուղղությամբ:


Գեոպոլիտիկ առումով Արևմուտքը շարունակում է աջակցել հետխորհրդային տարածքում այն քաղաքական ուժերին ու շարժումներին, որոնք հանդես են գալիս հակառուսական թրեքի վրա ու պատրաստ են սահմանափակել ՌԴ-ի ազդեցությունն իր սահմանների երկայնքով կամ հետխորհրդային տարածքում: