Մոսկվայի դատարանը երեք ամսով երկարաձգել է ռուս նախկին հատուկջոկատային Նիկիտա Բելյանկինի սպանության գործով մեղադրվող չորս հայ ամբաստանյալների կալանքը: Ծեծկռտուքը, որի ընթացքում սպանվել էր Բելնայկինը, տեղի էր ունեցել Կրասնոգորսկի շրջանի Պուտիլկովո ավանում հունիսի 2-ի գիշերը: ՏԱՍՍ-ի թղթակիցը դատարանի դահլիճից հայտնում է, որ ըստ որոշման՝ Արթուր Հակոբյանը, եղբայրներ Համլետ և Հրանտ Հայրապետյաններն ու Սերգեյ Խոջայանը կալանքի տակ կմնան մինչև նոյեմբերի 2-ը: Միևնույն ժամանակ ՌԴ քննչական կոմիտեի նախաքննության ժամկետը ևս երկարաձգվել է 3 ամսով: Իր հերթին նախօրեին Վոլոկոլամսկի քաղաքային դատարանը նմանատիպ միջնորդություններ էր բավարարել գործով անցնող մյուս ամբաստանյալների` Դավիթ Եղիազարյանի, Սուրեն Մարկոսյանի,Ռուդիկ Մանուկյանի,Սահակ Սահակյանի և Նարեկ Ստեփանյանի դեմ: Ավելի վաղ Հայաստանում կալանավորվել էր քրգործով անցնող «ԲիրՀաուս» բարի սեփականատեր Գրիգոր Օհանյանը: Վերջինս ինքն էր ներկայացել ՀՀ իրավապահ մարմիններ, ինչից հետո ՀՀ գլխավոր դատախազությունը դիմել էր ռուսաստանցի գործընկերներին, հայտնելով ձերբակալման մասին և խնդրելով փոխանցել քրեական գործը ձերբակալվածի մասով: