Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Փարիզի Խաղաղության համաժողովի շրջանակում ճեպազրույցի ընթացքում պատասխանել է Ադրբեջանցի լրագրողի հարցերին, նաև իր՝ «Արցախը Հայաստան է և վերջ» հայտարարությանը։
- Երբ դուք, որպես մի երկրի վարչապետ, այցելում եք մեկ այլ երկրի միջազգայնորեն ճանաչված տարածաշրջան ու հայտարարում, որ «Լեռնային Ղարաբաղը Հայաստան է և վերջ», ինչպե՞ս է դա նպաստում խաղաղության բանակցությունների գործընթացին,- հարցրել է Բախտիյար ներկայացած և Վարդենիսում ծնված ադրբեջանցի լրագրողը։
- Դուք ասացիք, որ Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանի միջազգայնորեն ճանաչված մաս է։ Դա ճիշտ չէ, որովհետև գոյություն ունի բանակցությունների միջազգայնորեն ճանաչված ձևաչափ, որ կոչվում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահություն, և այդ ձևաչափի մանդատն է որոշում Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակը։ Եվ ձեր կառավարությունը, ձեր երկիրը ներգրավված է բանակցային գործընթացում։ Այսպիսով, եթե Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանի միջազգայնորեն ճանաչված մաս է, ինչո՞ւ եք դուք բանակցում Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի որոշման համար։ Դա տարօրինակ չէ՞։
Անդրադառնալով հարցին, որ Ադրբեջանը բարձր կարգավիճակ է առաջարկում Ղարաբաղին իր կազմում, Նիկոլ Փաշինյանն ասել է․
- Դուք ասացիք, որ դուք բարձր կարգավիճակ եք առաջարկում Լեռնային Ղարաբաղին՝ Ադրբեջանի տարածքում։ Ի դեպ Լեռնային Ղարաբաղն արդեն ուներ այդ կարգավիճակը։ Լեռնային Ղարաբաղը ինքնավար մարզ էր, և այդ կարգավիճակն էր,- ես դա անվանում եմ միջանկյալ կարգավիճակ,- որ մեզ բերեց այս արյունոտ հակամարտությանը։ Եվ կրկնել, ևս մեկ անգամ վաստակել այս կարգավիճակը, նշանակում է սկսել զրոյից՝ նույն հակամարտությունը, նույն ճանապարհով։
Հայաստանի վարչապետը հիշեցրել է իր մեկ այլ հայտարարություն, որ խաղաղությունը հնարավոր կլինի, երբ Ադրբեջանի ղեկավարը հայտարարի այն, ինչ ինքն է հայտարարել, այն է՝ ԼՂ հարցի որևէ կարգավորում պետք է ընդունելի լինի Հայաստանի ժողովրդի, Արցախի ժողովրդի և Ադրբեջանի ժողովրդի համար։
«Մեկ տարի ես սպասում էի՝ նման մի բան լսել Ադրբեջանի կառավարությունից։ Եվ ես անձամբ խնդրեցի նախագահ Ալիևին հանդես գալ նմանատիպ հայտարարությամբ, մի փոքր ճեղքել բանակցային գործընթացը։ Բայց, ցավալիորեն, Ադրբեջանի ղեկավարությունը շարունակում է պնդել, որ Զանգեզուրը Ադրբեջանի մաս է, Երևանը՝ անկախ Հայաստանի մայրաքաղաքը, ադրբեջանական քաղաք է, Սևանը ադրբեջանական լիճ է։ Եվ նրանք շարունակում են փորձել գրավել ոչ միայն Լեռնային Ղարաբաղը, այլև Սյունիքը, Երևանը»,- ասել է Փաշինյանը։
-Ինչո՞ւ ենք մենք նմանատիպ կոչով հանդես գալիս,- հարցադրում է արել Փաշինյանը և պատասխանել․
- Որովհետև չենք ուզում վախեցող ազգի տպավորություն թողնել։ Ոչ ոք չի կարող մեզ հետ խոսել սպառնալիքի լեզվով։ Մեր ուզածը խաղաղություն է, և մենք կարող ենք պատրաստել մեր ազգին, Լեռնային Ղարաբաղի բնակիչներին, Ադրբեջանի բնակիչներին այդ խաղաղությանը։ Եվ մենք մեր խաղաղության առաջարկն ենք անում Ադրբեջանին, և ես անձամբ պատրաստ եմ երկխոսություն սկսել ոչ միայն Ադրբեջանի ղեկավարության, այլև Ադրբեջանի բնակիչների հետ, որովհետև կարծում եմ՝ մենք քննարկելու շատ բան ունենք։