Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) նախագահ Պետեր Մաուրերը «ՌԻԱ Նովոստիին» հայտնել է, որ իր վերջին տեղեկատվության համաձայն՝ ղարաբաղյան հակամարտության կողմերն արդեն փոխանակել են 200 զոհվածների մարմինները, կազմակերպությունը շարունակելու է ջանքեր գործադրել այդ ուղղությամբ: Մաուրերի խոսքով՝ Լեռնային Ղարաբաղում ԿԽՄԿ գործունեության առաջնահերթությունները տեղահանված բնակչությանը օգնելն է, զոհվածների մարմինների էվակուացնելը, ինչպես նաեւ գերիներին այցելելը՝ հնարավոր բանակցություններին նախապատրաստվելու եւ փոխանակումներ իրականացնելու նպատակով: «Ինչ վերաբերում է զոհվածների մարմինների էվակուացմանը, ապա ես ուրախ եմ հայտնել, որ ռուս խաղաղապահների եւ ԿԽՄԿ-ի ներկայությամբ կողմերը սկսել են դիակներ հանել եւ փոխանակել։ Իմ վերջին տեղեկություններով (կողմերը) արդեն փոխանակել են 200 մարմին։ Մենք շարունակելու ենք ջանքեր գործադրել», - ասել է ԿԽՄԿ նախագահը։ Երեքշաբթի Մաուրերը Մոսկվայում կհանդիպի Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ։ Ինչպես ուրբաթ օրը հայտնել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, հանդիպման ընթացքում կողմերը մտադիր են փոխանակել Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցող իրադարձությունների գնահատականները եւ քննարկել կորոնավիրուսի պայմաններում հնարավոր փոխգործակցությունը: