ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել, որ ռուսական կողմը որևէ խնդիր չի տեսնում Աբխազիայով Հայաստան բեռների տրանզիտի վերականգնման մասով: Այս մասին նա հայտարարել է Սուխումում ասուլիսի ժամանակ: Նա նշել է, որ տրանզիտի վերականգնման համար անգամ կա իրավական հիմք, որը կարող է հիմնվել այն պայմանավորվածությունների վրա, որոնք ձեռք էին բերվել ՌԴ և Առևտրի համաշխարհային կազմակերպության միջև 2011 թվականին, երբ ՌԴ-ն անդամակցեց այդ կազմակերպությանը: «Մենք գիտենք, որ մեր հայ գործընկերները հետաքրքրված են տրանզիտը վերականգնելու մեջ: Այսօր Աբխազիայի նախագահն ասաց, որ իրենք դեմ չեն դրան, այնպես որ դա արդեն մեզանից չէ կախված, այլ այն պետություններից, որոնց տարածքով անցնելու է տրանզիտը», - ընդգծել է ԱԳ նախարարը, փոխանցում է EADaily-ն: Իր հերթին Աբխազիայի նախագահ Ռաուլ Խաջիմբան նշել է, որ հանրապետությունը պատրաստ է Ռուսաստանից Հայաստան բեռնափոխադրումների տրանզիտի վերականգնմանը, քանի որ այդպիսով պետական բյուջե հավելյալ միջոցների հոսք կապահովվի: «Այս հարցերը պետք է լուծել քաղաքակիրթ ճանապարհով: Եթե վրացական կողմը պատրաստ լինի, ապա ես չեմ կասկածում, որ գործընթացը լուծում կստանա և շահավետ կլինի Աբխազիայի համար», - ընդգծել է Խաջիմբան: