Մատվիենկոն ահազանգում է՝ ԽՍՀՄ նախկին երկրներում ռուսաց լեզվի դիրքերը թուլանում են
ՌԴ Դաշնային խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն իր մտահոգությունն է արտահայտել նախկին ԽՍՀՄ մի շարք երկրներում ռուսաց լեզվի դիրքերի թուլացման և որոշ երկրներում դրա կիրառման արգելքների առնչությամբ:
ՏԱՍՍ հաղորդմամբ, նա նշել է, որ ռուսաց լեզուն լուրջ խնդիրների հետ է առնչվում, ինչը մի շարք գործոններով է պայմանավորված: Դա և՛ անվերջ փորձերն են դուրս թողնել ռուսաց լեզվի ուսուցումը դպրոցներում ու բուհերում ԽՍՀՄ նախկին երկրներում, և՛ մի շարք պետությունների խտրական քաղաքականությունն է, որն արգելում է ռուսաց լեզվի կիրառումը քաղաքական և գործարար շրջանակներում, ինչպես նաև ԶԼՄ-ներում:
Մատվիենկոն նշել է, որ այս ամենը լուրջ մտահոգվելու առիթ է տալիս, քանի որ XX դարի վերջից ռուսախոս մարդկանց թիվն աշխարհում նկատելիորեն նվազել է: Ռուս պաշտոնյան շեշտեց՝ այս վտանգավոր միտումը հարկավոր է հաղթահարել.
«Ռուսաց լեզվի նկատմամբ աշխարհում լիարժեք հետաքրքրությունը վերածնելու համար հարկավոր է մշտական լրջագույն աշխատանք տանել: Դա և մեթոդիկ ծրագրերի մշակումն է, որոնք կխրախուսեն ռուսաց լեզվի ուսուցումը արտերկրում, ինչպես նաև հասցեական աջակցությունն է ռուսիստների համար»,- ընդգծել է Վալենտինա Մատվիենկոն: