Բնական աղետի չսպիացող վերքերը. Սպիտակի ավերիչ երկրաշարժից 33 տարի է անցել...
Այսօր Սպիտակի ավերիչ երկրաշարժի 33-րդ տարելիցն է:
1988 թվականի դեկտեմբերի 7-ին՝ տեղական ժամանակով ժամը 11:41֊ին 6.8 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժն ավերածությունների պատճառ դարձավ Սպիտակում, Գյումրիում, Ստեփանավանում, ու Սպիտակից Գյումրի ճանապարհի գյուղական համայնքներում:
Ավերիչ երկրաշարժի պատճառով տուժել է 21 քաղաք և շրջան, 342 գյուղ, անօթևան է մնացել 514 հազար մարդ, տարբեր աստիճանի վնասվածքներ է ստացել մոտ 20000 մարդ, որոնցից հոսպիտալացվել են 12500 մարդ, զոհերի թիվը կազմել է 25000 մարդ:
Չնայած Սառը պատերազմի լարվածությանը, երկրաշարժից մի քանի օր հետո Խորհրդային միության առաջնորդ Միխայիլ Գորբաչովը պաշտոնապես ԱՄՆ֊ից հումանիտար օգնություն խնդրեց (Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո առաջին անգամ)։ 113 երկիր զգալի քանակությամբ հումանիտար օգնություն է ուղարկել Խորհրդային Միություն՝ փրկարարական սարքավորումների, որոնողական խմբերի և բժշկական պարագաների տեսքով, բայց գաղտնի նվիրատվությունը և հասարակական կազմակերպությունների նվիրատվությունները նույնպես միջազգային օգնության մաս են կազմել։
Այսօր էլ, երկրաշարժից 33 տարի անց, Հայաստանում առկա է «աղետի գոտի» հասկացություն. տարբեր գնահատականներով անօթեւաների թիվը գերազանցում է 4-5 հազարը, 33 տարի շարունակ մարդիկ ապրում են դոմիկներում:
Նիկոլ Փաշինյանի կառավարությունը 2020 թվականի պետական բյուջեն բնութագրել էր, որպես հեղափոխական ու նաև այն իմաստով, որ լուծումներ են տրվելու աղետի գոտում բնակվող հազարավոր հայրենակիցների խնդիրներին: Սակայն նախ կորոնավիրուսի պանդեմիան, ապա նաև 44-օրյա պատերազմը, թերևս, խառնեցին բոլոր ծրագրերը՝ առաջ քաշելով ծախսերի այլ օրակարգ: Ու այդ իսկ պատճառող աղմկոտ հաշվետվություն այդպես էլ չեղավ այն մասին, որ "աղետի գոտի" հասկացությանը վերջ է տրվել....