24.11.2024
Թուրքիան նոր ռազմական օպերացիա է սկսել քուրդ զինյալների դեմ
prev Նախորդ նորություն

Մոլորվելու հետևանքով Ադրբեջանի ԶՈւ-ի վերահսկողության տակ է անցել Արցախի բնակիչը. ԱԱԾ

Արցախի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը միջոցներ է ձեռնարկում մոլորվելու արդյունքում Ադրբեջանի զինված ուժերի վերահսկողության տակ հայտնված արցախցուն վերադարձնելու ուղղությամբ: Այդ մասին հայտնում են Արցախի ԱԱԾ-ի մամուլի ծառայությունից:


«Այսօր՝ ժամը 13։00-ի սահմաններում ԱՀ ազգային անվտանգության ծառայությանը հաղորդվել էր Մարտունու շրջանի Ճարտար քաղաքի 1956թ. ծնված բնակիչ Ս.Ս.-ի անհայտ կորչելու մասին: Ահազանգի հիման վրա ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ ԱՀ հիշյալ քաղաքացին մոլորվելու հետևանքով հայտնվել է Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերի վերահսկողության տակ գտնվող տարածքում և վերջիններիս կողմից վերցվել արգելանքի:


Դեպքի մասին անմիջապես հաղորդվել է ռուս խաղաղապահներին: Այս պահին բանակցություններ են ընթանում Ս.Ս.-ին հայկական կողմին վերադարձնելու ուղղությամբ», - ասված է հաղորդագրության մեջ:


Հատկանշական է, որ իշխանամերձ «Ինֆոտեկա24» տելեգրամային ալիքը հայտնում է այն մասին, որ ադրբեջանցի զինծառայողն այսօր՝ դեկտեմբերի 3-ին, սպանել է Արցախի Մարտունու շրջանի խաղաղ բնակչի: Դեռևս պարզ չէ՝ արդյոք խոսքը նույն միջադեպի մասին է, թե ոչ:


Ադրբեջանական քարոզչամեքենան, փորձում է մարդու սպանությունը ինքնապաշտպանություն ներկայացնել՝ իրավիճակը նկարագրելով որպես հայկական ծագում ունեցող անձի հարձակում ադրբեջանական բանակի դիրքերից մեկում հերթապահող զինծառայողի վրա։


Ըստ ադրբեջանական քարոզիչամեքենայի՝ «հարձակված տղամարդը փորձել է խլել զենքը, սակայն ադրբեջանցի զինծառայողը նախ նախազգուշական կրակոց է արձակել օդ, որից հետո կրակել է հարձակվողի վրա»:


Նշենք, որ վերջին շրջանում սա երրորդ ողբերգական միջադեպն է, երբ ադրբեջանցի զինծառայողի կրակոցից խաղաղ բնակիչ է սպանվում Արցախում:


Նոյեմբերի 9-ին Շուշիի մերձակայքում ադրբեջանցի զինվորականի կրակոցից սպանվել էր Ղարաբաղի ջրային տնտեսության աշխատակից Մարտիկ Երեմյանը, իսկ նրա երեք գործընկերները վիրավորվել էին: Իսկ դրանից մի քանի շաբաթ առաջ ադրբեջանական դիպուկահարի կրակոցից Արցախում տրակտորիստ է զոհվել, ընդ որում նրա կողքին տրակտորում ռուս խաղաղարար է եղել։