Արդյունավետ հանդիպում տեղի ունեցավ ԱՄՆ պետքարտուղար Բլինքենի հետ. Արարատ Միրզոյան
ՀՀ ԱԳՆ նախարար Արարատ Միրզոյանը Ստոկհոլմում ԵԱՀԿ ԱԳ նախարարների խորհրդի նիստի շրջանակում հանդիպել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենին։ Այս մասին տեղեկանում ենք Միրզոյանի թվիթերյան գրառումից։
«Արդյունավետ հանդիպում տեղի ունեցավ պետքարտուղար Բլինքենի հետ։ Հանդիպման ընթացքում ընդգծվել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացի լիարժեք վերսկսման կարևորությունը՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության մանդատով»,- ասվում է գրառման մեջ։
VERELQ-ը հիշեցնում է, որ այսօր՝ դեկտեմբերի 2-ին, Ստոկհոլմում ԵԱՀԿ արտգործնախարարների խորհրդի նիստի շրջանակներում Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը ևս բանակցություններ է վարել ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենի հետ:
Համաձայն պաշտոնական հաղորդագրության՝ հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են երկկողմ համագործակցության օրակարգը, այդ թվում ՝ տնտեսության, էներգետիկայի եւ անվտանգության ոլորտներում: