25.11.2024
ԵՊԲՀ-ն դարձավ տարածաշրջանում եզակի սարքավորման շահառու
prev Նախորդ նորություն

Լրացուցիչ եկամուտներ` համայնքային բյուջեներին

ՀՀ ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովը դեկտեմբերի 1-ի հերթական նիստում Վահե Ղալումյանի նախագահությամբ քննարկել եւ դրական եզրակացություն է տվել ««ՀՀ բյուջետային համակարգի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» եւ ««Տեղական ինքնակառավարման մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենսդրական փաթեթին:


ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Հովհաննես Հարությունյանի տեղեկացմամբ` նախաձեռնության նպատակը համայնքների կայուն եւ շարունակական զարգացման նպատակով համայնքների բյուջետային հնարավորությունների մեծացման համար անհրաժեշտ օրենսդրական հենքի ստեղծումն է:


Առաջարկվում է յուրաքանչյուր ռոյալթի վճարող հանքարդյունահանող ընկերության կողմից հաշվետու տարում պետական բյուջե վճարված ռոյալթիի 2%-ից մասհանումներ կատարել համայնքային բյուջեների համար եւ բաշխել տվյալ հանքարդյունահանող ընկերության հանքի ազդակիր համայնքի եւ ՀՀ-ում ռոյալթի վճարող այլ հանքարդյունահանող ընկերությունների կողմից շահագործվող հանքերի ազդակիր համայնքների միջեւ` 50/50 հարաբերակցությամբ: Այսինքն, 50%-ը` տվյալ ռոյալթի վճարողի կողմից շահագործվող հանքերի ազդակիր համայնքներին հավասարապես բաշխման ենթակա ընդհանուր ռոյալթիի չափ, իսկ 50%-ը` ընդհանուր վերցրած` Հայաստանում ռոյալթի վճարողների կողմից շահագործվող հանքերի ազդակիր համայնքներին հավասարաչափ բաշխման ենթակա ռոյալթիի չափ:


Նաեւ առաջարկվում է համայնքին հնարավորություն տալ բաշխված համայնքային ռոյալթին ուղղել լրացուցիչ բնապահպանական ծախսերին եւ այլ կապիտալ ծախսերին, ինչպես նաեւ սահմանել համայնքներին բաշխված համայնքային ռոյալթիի ծախսերի մասով հաշվետվության լրացուցիչ առանձին հրապարակում` ապահովելու համար բաշխված ռոյալթիների օգտագործման թափանցիկությունը:


Ընդունվելուց հետո օրենքն ուժի մեջ կմտնի 2023 թվականի հունվարի 1-ից:


Մտքերի փոխանակության ընթացքում պատգամավորներն առաջարկել են օրենքի նախագծում հստակ նշել, թե ինչ նպատակով կարող են օգտագործվել վերոնշյալ ֆինանսական հատկացումները: Ըստ նրանց` նաեւ պետք է հստակեցնել, թե ո՞ր համայնքը որքան գումար է ստանալու:


Հանձնաժողովի նախագահ Վահե Ղալումյանը պարզաբանել է, որ փաթեթը միտված է համայնքների սեփական եկամուտների ավելացմանը, եւ գումարի բաշխումն էլ պետք է կատարի համայնքի ավագանին` իր հայեցողությամբ:


Փաթեթը կընդգրկվի ԱԺ ընթացիկ նստաշրջանի օրակարգի նախագծում: