Ոստիկանությունն ավելի ու ավելի է շեղվում օրենքի գերակայության սկզբունքից. պատգամավոր
Վերջին շրջանում բողոքի ակցիաների ընթացքում ոստիկանության գործողությունները գնալով ավելի են շեղվում համաչափության և օրենքի գերակայության սկզբունքից: Այս մասին այսօր՝ նոյեմբերի 30-ին, պետական-իրավական հարցերի հանձնաժողովի նիստում հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդեւանյանը։
Նրա խոսքով, ոստիկանության համակարգում, անշուշտ, կան արժանապատիվ մարդիկ, որոնք աշխատում են հասարակության և օրենքի օգտին, սակայն, ցավոք, նրանց հետ միասին աշխատում են նաեւ մարդիկ, որոնք ուղղակի հակադիր են: «Կան ոստիկանության աշխատակիցներ, ովքեր ամեն ինչ անում են, որպեսզի հնարավորինս դուր գա գործող իշխող վերնախավին, ինչն անընդունելի է», - նշեց Վարդևանյանը:
Նա հիշեցրել է, որ ոստիկանությունը պարտավոր է զբաղվել հասարակական կարգի պաշտպանությամբ եւ ապահովել օրենքի գերակայությունը, այլ ոչ թե փորձել հաճոյանալ քաղաքական իշխանությանը:
Պատգամավորը հանձնաժողովի նիստին ներկա ՀՀ փոխոստիկանապետ Արա Ֆիդանյանին կոչ է արել միջոցներ ձեռնարկել եւ թույլ չտալ ոստիկանության կողմից անհամաչափ ուժի կիրառում խաղաղ ցույցերի եւ զանգվածային հավաքների մասնակիցների նկատմամբ: