26.11.2024
Արման Անդրեասյանը նվաճել է ըմբշամարտի զինվորականների աշխարհի չեմպիոնի կոչումը
prev Նախորդ նորություն

Ակնկալում ենք, որ ՄԽ-ն կկազմակերպի Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հանդիպումը. Փաշինյան

Պաշտոնական Երևանն ակնկալում է, որ ԵԱՀԿ Մինսկի Խմբի համանախագահությունը կկազմակերպի Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հանդիպում։ Այդ մասին նոյեմբերի 23-ի առցանց ասուլիսի ժամանակ հայտարարել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ խոսելով այն մասին, թե ինչու Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարները որոշել են հանդիպել Բրյուսելում՝ Արևելյան գործընկերության հարթակում, որը դուրս է ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակից:


Փաշինյանը նախ հիշեցրեց, որ նախկինում մի քանի անգամ հայտարարել է Ադրբեջանի ղեկավարի հետ հանդիպման՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձևաչափով։ «Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարներն ԵԱՀԿ Մինսկի խմբի ֆորմատով հանդիպումներ արդեն ունեցել են», - հիշեցրեց նա՝ հավելելով, որ Հայաստանն ակնկալում և սպասում է, որ նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությունը կազմակերպի այդպիսի հանդիպում։


Հայաստանի և Ադրբեջանի ներկայացուցիչների շփումները, Փաշինյանի խոսքով, պետք է լինեն ավելի հաճախ, «որպեսզի կարողանանք լուծումներ գտնել և փորձել խուսափել ճգնաժամերից»։


Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշել է նաև, որ դեկտեմբերի 15-ին Բրյուսելում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ նախատեսված հանդիպումը պետք չէ ընկալել որպես սենսացիոն բան:


«Ես դեռ ամռանը հայտարարել եմ, որ Հայաստանը պատրաստ է բարձր մակարդակով հանդիպումներ ունենալ Ադրբեջանի հետ։ Դեկտեմբերի 15-ի հանդիպումը նորություն չէ, որովհետև Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը տարածաշրջան կատարած իր այցի ժամանակ առաջարկ է արել հանդիպել դեկտեմբերին, - ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը: - Ես չեմ հրաժարվել այդ առաջարկից և ասել եմ, որ դեկտեմբերին ավելի մոտ կորոշենք: Ավելի ուշ ես զանգեցի և ասացի, որ պատրաստ եմ հանդիպմանը»:


Վարչապետ Փաշինյանը հույս ունի Բրյուսելում Իլհամ Ալիևի հետ հանդիպմանը քննարկել տարածաշրջանում իրավիճակի կայունացման հարցերը:


«Առաջնային թեման պետք է լինի իրավիճակի գնահատումը և պետք է պարզել, թե ով է շահագրգռված իրավիճակի ապակայունացմամբ։ Եթե պարզվի, որ ոչ ինքը, ոչ էլ ես շահագրգռված չենք դրանում, իսկ կարող եմ վստահեցնել, որ հայկական կողմը դրանում շահագրգռված չէ, ապա ավելի լավ։ Իսկ եթե պարզվի, որ Բաքուն դրանում շահագրգռված է, որ այստեղ պետք է հետևի միջազգային հանրության արձագանքը», - պարզաբանեց Նիկոլ Փաշիյանը։