Մեկնարկում է «ՀԱՅ ՖԵՍՏ» 19-րդ միջազգային թատերական փառատոնը
«Խոսքեր, խոսքեր, խոսքեր». «ՀԱՅ ՖԵՍՏ» 19-րդ միջազգային թատերական փառատոնի այս տարվա կարգախոսն է: 19-րդ «ՀԱՅ ՖԵՍՏ»-ը կկայանա նոյեմբերի 21-24-ը՝ ժամանակակից կատարողական ձևաչափերի ու մոտեցումների մատուցմամբ։
«ՀԱՅ ՖԵՍՏ»-ն այստարինվիրված է փառատոնի գեղարվեստական ղեկավար Եվգենիա Պոդպոմոգովայի հիշատակին։
Փառատոնի մեկնարկը կտրվի Առնո Բաբաջանյան համերգասրահում։ Նոյեմբերի 21-ին կբացվի ցուցահանդես, որտեղ կներկայացվեն հայ թատրոնի անվանի բեմանկարիչների աշխատանքներ, բացառիկ ցուցանմուշների տեսքով՝ սկսած հեռավոր ժամանակներից մինչև մեր օրերը։ Բեմական տարածքներով շրջելու գաղափարը՝ վերջերս կյանքից հեռացած փառատոնի գեղարվեստական ղեկավար Եվգենիա Պոդպոմոգովայինն է։ Այն կյանքի է կոչել և համադրել ռեժիսոր, պրոդյուսեր Հրաչյա Քեշիշյանը։Աշխատանքներին աջակցել է հայ մեծ բանաստեղծ Եղիշե Չարենցի անունը կրող գրականության և արվեստի թանգարանը (խորհրդատու՝ Մարինե Հարոյան)։ Ցուցահանդեսը հասանելի կլինի այցելուների համար մինչև նոյեմբերի 24-ը։
Առցանց հարթակում փառատոնի մեկնարկը կազդարարի Arlekin Players թատրոնը (ԱՄՆ)։ Հանդիսատեսի դատին կհանձնվի բեմադրիչ Իգոր Գոլյակի «chekhovOS» /փորձարարական խաղ/ առցանց ներկայացումը՝ ըստ Ա․ Չեխովի «Բալենու այգին» պիեսի։
Այս ներկայացման ձևաչափն անսովոր է հանդիսատեսի համար․ինտերակտիվ ներկայացման մասնակիցը դառնալու համար պետք է գործի դնել սեփական սմարթֆոնը։ Ներկայացման ընթացում այն հեռակառավարման վահանակի դեր է տանում, և սյուժետային գիծը հնարավոր է փոխվի՝ կախված հանդիսատեսի ընտրությունից։
Անտոն Չեխովի դերում բալետի լեգենդ, դերասան, պրոդյուսեր Միխայիլ Բարիշնիկովն է։ Ռանևսկայի դերում «Թոնի» թատերական մրցանակակիր Ջեսիկա Հեքթը։
Փառատոնի օրերին առաջին անգամ կցուցադրվեն մեծանուն բեմադրիչ Քշիշտով Գարբաչևսկու (Լեհաստան) «Բացատրություն» և «Աստծո դատաստանը վերջ տալով» VR (ներկայացում վիրտուալ իրականության մեջ) ներկայացումները։ VR ներկայացումներ կցուցադրի նաև Աուքսբուրդի (Գերմանիա) պետական թատրոնը։
Գերհագեցած կլինեն փառատոնի առցանց հարթակները. հեղինակային ներկայացումների ցուցադրույթուն, միջազգային կոնֆերանս՝ «Վերանայելով թվայինը՝ վերակերտում ենք արվեստը», ինչպես նաև zoomհանդիպումներ՝ թատրոնի հայտնի դեմքերի հետ՝ Կիրիլ Սերեբրեննիկովև այլք։
Փառատոնը կամփոփի«Տրոյացի կանայք» ներկայացումը՝ ըստ Եվրեպիդեսի։ Այն «Ռոյալ Դիստրիքթ» (“Royal District”) թատրոնի (Գերմանիա-Վրաստան) համատեղ նախագիծ է, որը կցուցադրվի Կ․Ստանիսլավսկու անվան ռուսական թատրոնի բեմում։ Ներկայացման առանցքում կանայք են, որոնք հայտնվել են ռազմական գործողությունների կիզակետում և անցել դաժան փորձությունների միջոցով։
Փառատոնը կանցկացվի նաև Գյումրիում, Վանաձորում և Դիլիջանում։ Նախատեսված են ներկայացում-ցուցադրություններ, որոնք տեսապատկերի միջոցով կարտացոլվեն բնակելի շենքերի պատերին։
«ՀԱՅ ՖԵՍՏ» միջազգային թատերական փառատոնն անց է կացվում ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ:
2019-2021թթ. Եվրոպական Փառատոների Ասոցիացիան թվով 715 եվրոպական փառատոներից «ՀԱՅ ՖԵՍՏ» միջազգային թատերական փառատոնն ընտրել և ընդգրկել է 24 լավագույնների ցանկում: