VERELQ-ը ներկայացնում է հայաստանյան մամուլի ամենաուշագրավ հրապարակումները:
«Հրապարակ» թերթը գրում է. «Կառավարության հետ հարցուպատասխանին երեկ ընդդիմությունից մասնակցում էր միայն «Պատիվ ունեմ» խմբակցության մի մասը, որը որոշել էր գալ եւ հարցերով նեղել Նիկոլ Փաշինյանին: Բայց ամբողջ կազմով չէր ներկայացել, ընդամենը 4 հոգի էին ներկա՝ Տարոն Մարգարյանը, Հայկ Մամիջանյանը, Տիգրան Աբրահամյանն ու Աննա Մկրտչյանը: Այն էլ կեսից, երբ վեճ առաջացավ Մամիջանյանի եւ ՔՊ-ականների միջեւ, ցուցադրաբար լքեցին դահլիճը: Ինչ վերաբերում է խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանին, ապա նա տեւական ժամանակ է՝ հարցուպատասխանին չի մասնակցում, ինչը, մեզ հասած լուրերով, նյարդայնացնում է Փաշինյանին։ Վանեցյանն էլ, իմանալով այդ մասին, հավանաբար, որոշել է շարունակել բոյկոտը` հարցուպատասխանին չգալով, որ չառերեսվի իր նախկին ղեկավարի, այսօրվա ախոյանի հետ»:
«Հրապարակ» թերթը գրում է. «Ռուսաստանում բնակվող հայազգի քաղաքագետ Անդրանիկ Միհրանյանին հարց ուղղեցինք՝ հայ հասարակությունը, որին տարիներ շարունակ կերակրել են նրանով, որ ՌԴ-ն Հայաստանի անվտանգային համակարգի միակ երաշխավորն է եւ ռազմավարական գործընկերը, վերջին մեկ տարվա իրադարձություններից հետո իրավունք ունի՞ նման բան պնդելու, եւ օբյեկտիվ չե՞ն այն դժգոհությունները, որ Ռուսաստանը դավաճանել է մեզ։ «Այ քեզ բան, դուք աննորմալ եք․ եթե մի ազգ իրեն չի պաշտպանում, ինչի՞ պետք է գա ուրիշը պաշտպանի։ Մենք լսում ենք, չէ՞, ծնողներն ասում են. «Մեր էրեխեքը թող չգնան Ղարաբաղ, մեր էրեխեքը չգնան պատերազմ»։ Չէի՞նք ուզում պատերազմ` դե հիմա ստացեք հա՛մ պատերազմը, հա՛մ նվաստացումը։ Ո՞վ էր մեղավոր»,- բարկացավ Միհրանյանը։ Փորձեցինք առարկել, թե 2020-ին ռազմական գործողություններն Արցախի տարածքում էին, հիմա խոսքը ՀՀ սուվերեն տարածքի մասին է: Այն ժամանակ ՌԴ-ն ասում էր, թե քանի որ Արցախը Հայաստանի կողմից ճանաչված չէ, եւ ինքը պարտավորություններ չունի նրա տարածքի հետ կապված, այժմ Հայաստանի նկատմամբ է ագրեսիան, որը ՀԱՊԿ անդամ է, ՌԴ-ի դաշնակիցը: Մինչդեռ այսօր հարյուրին հասնող գերեվարվածներ ունենք, զոհեր, վիրավորներ, ռուսները շարունակում են այս ամենը որակել «սահմանային միջադեպ»։ Անդրանիկ Միհրանյան․ «Դա ոչ մի կապ չունի ոչ էդ սուվերեն տարածքի հետ։ Եթե դու քո սուվերեն տարածքում անգամ քեզ չես պաշտպանում, բոլորը թքած ունեն քո վրա։ Եթե կկանգնես, կկռվես, քեզ կպաշտպանեն ու կհարգեն։ Եթե դա չես անում, ուրեմն զիբիլանոց ես, ուրեմն իրավունք չունես պետություն ունենալու»։
«Փաստ» օրաթերթը գրում է. «Նոյեմբերի 16-ի ադրբեջանական հերթական ագրեսիայից առաջ, մոտ տասն օր շարունակ ռուսաստանյան լրատվամիջոցները ավելի ու ավելի հաճախակի էին բարձրաձայնում այն մասին, որ Հայաստանում նոր թափ է ստացել հակառուսական հիստերիան: Նշում էին, որ այս դաշտում «առաջամարտիկներն» են ոչ միայն ԱԺԲ-ն, որի առանձին ներկայացուցիչներ, ըստ ռուսական ԶԼՄ-ների, նույնիսկ սպառնալիքներ են հնչեցնում ռուս խաղաղապահների ու Ռուսաստանի դեսպանատան հասցեին, ոչ միայն այս թեմայում «մշտական» ունեցող, այսպես կոչված, սորոսականները, այլև հենց իշխանության առանձին շրջանակներ, որոնք Արցախում և Հայաստանի սահմաններում տեղի ունեցող ցանկացած բախում կամ միջադեպ փորձում են ռուսների «գրպանը» գցել: Եվ ահա, նախօրեի իրադարձությունների ֆոնին ռուսական ԶԼՄ-ները հատուկ շեշտադրումներ են անում այն հանգամանքին, որ ԱԺ նիստում մեծամասնություն կազմող խմբակցության պատգամավորները «հերթով-շարքով» օգնության էին կանչում Ռուսաստանին՝ միևնույն ժամանակ շանտաժ անելով Մոսկվային, թե հակառակ դեպքում կդիմեն այլ ուժերի: Ռուսաստանյան մի շարք փորձագետներ կարծիք են հայտնում, որ ոչ միայն նոյեմբերի 16-ի իշխանական ելույթներն ու հայտարարությունները, այլև վերջին շրջանում առավել սրված հակառուսական «քաոսը» հուշում են, որ պաշտոնական Երևանը արտաքին քաղաքականության վեկտորի փոփոխության խնդիր է դրել: Ի դեպ, մեր ունեցած տեղեկություններով, ԱԺ նոյեմբերի 16-ի նիստի բոլոր ելույթներն անխտիր մշակված կամ հաստատված են «ամենավերևում», այն է՝ անձամբ Նիկոլ Փաշինյանի կողմից: Այն, որ ՔՊ-ում ելույթների գերակշիռ մասը նախապես համաձանեցվում է, նորություն չէ, սակայն, մեր աղբյուրների փոխանցմամբ, այս դեպքում աշխատել են ամեն մի ձևակերպման վրա, որպեսզի «կուրսը» նույնական լինի»:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Ազգային ժողովում այդպես էլ չի հանգուցալուծվում պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալի հարցը: Երեկ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Ղազինյանը ռեկորդ սահմանեց եւ արդեն տասներորդ անգամ չընտրվեց հանձնաժողովի փոխնախագահի պաշտոնում: Իշխանական խմբակցությունն այդպես էլ չի ցանկանում նրան ընտրել եւ նոր տարբերակներ է մտածում: Այժմ էլ ՔՊ խմբակցության պատգամավոր Վիլեն Գաբրիելյանն է օրենսդրական նախաձեռնությամբ հանդես եկել եւ ցանկանում է փոփոխություն կատարել «ԱԺ կանոնակարգ» օրենքում: Նա առաջարկում է օրենքով ամրագրել՝ եթե մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալը չի ընտրվում, ապա իրավասու խմբակցությունը քվեարկությունից հետո՝ հինգ աշխատանքային օրվա ընթացքում, առաջադրում է նոր թեկնածու: Հիմնավորման մեջ նա նկատում է, որ 8-րդ գումարման ՀՀ Ազգային ժողովի պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովը տեւական ժամանակ չի կարողանում ընտրել հանձնաժողովի նախագահի տեղակալ: Միեւնույն ժամանակ մեկ այլ փոփոխություն էլ է առաջարկվում. օրենքում լրացումներ կատարելու արդյունքում կլրացվի նաեւ 138-րդ հոդվածի 12-րդ մասը, եւ եթե թեկնածու առաջադրելու իրավունք ունեցող խմբակցությունը հինգ աշխատանքային օրվա ընթացքում մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալի նոր թեկնածու չառաջադրի, ապա տվյալ պաշտոնում թեկնածու առաջադրելու իրավունքը կանցնի 4-րդ մասով սահմանված կարգով խմբակցությունների գործակիցների հաշվարկի սկզբում ամենամեծ գործակիցն ունեցող խմբակցությանը: Այսինքն՝ եթե մեկ անգամ էլ ընդդիմադիր խմբակցության թեկնածուն չընտրվի, ապա այդ իրավասությունը կանցնի ՔՊ-ին»:
«Հրապարակ» թերթը գրում է. «Արդարադատության նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Լուսինե Մարտիրոսյանը երեկ հայտարարեց, թե ավարտում է արդարադատության նախարարությունում աշխատանքը, սակայն չի նշել, թե մոտ 10 տարի աշխատելուց հետո ինչու է հեռանում նախարարությունից: Ի՞նքն է հեռանում, թե՞ նոր նախարարը չի ցանկացել իր հետ աշխատել: Նշենք, որ լրագրողները նրա աշխատանքից, ընդհանուր առմամբ, գոհ էին։ Մենք տեղեկացանք, որ Կարեն Անդրեասյանը որոշել է Լուսինեին փոխարինել իրեն հավատարիմ կադրով եւ պատրաստվում է խոսնակ նշանակել իրեն եւ ընկերոջը՝ Գրիգոր Մինասյանին պատկանող «Shabat.am» կայքի խմբագիր Մարիամ Մելքումյանին։ Հիշեցնենք նաեւ, որ սեպտեմբերին էլ նախարարի տեղակալ նշանակվեց ժամանակին ՄԻՊ Կարեն Անդրեասյանի տեղակալ Երանուհի Թումանյանցը»:
«Հրապարակ» թերթը գրում է. «Նախօրեին խորհրդարանում «Քաղպայմանագիր» խմբակցության անդամ, ՄԱԿ առաջնորդ Գուրգեն Արսենյանն ակնհայտ նյարդային պահվածք էր դրսեւորել։ Իշխանական շրջանակներից մեզ ասացին, որ Արսենյանը նեղսրտած է իշխանությունից «Գավառի թեմայով»։ Պարզվում է` նա ցանկացել է Գավառում իր երբեմնի կուսակից` ՄԱԿ անդամ, գործող համայնքապետ Գուրգեն Մարտիրոսյանին առաջադրել որպես ՔՊ թեկնածու, սակայն վերջին պահին պատգամավոր Հայկ Սարգսյանը (Շիշ բռնող) ու նորատուսցի Բանդուրյան եղբայրները տապալել են այդ ծրագիրը` առաջ քաշելով իրենց թեկնածուին` նորատուսցի պատգամավոր Նարեկ Գրիգորյանին, որը, ըստ տեղեկությունների, ինքնավնասումով ազատվել է բանակից: Նա 2020-ի դեկտեմբերին է ստացել ԱԺ պատգամավորի մանդատը, իսկ ԱԺ բեմելը նշանավորել է «սեկտեմբեր» բառով ու խոստանալով, որ նախագիծ է բերելու խորհրդարան, որ կաթը թանկանա։ Գուրգեն Մարտիրոսյանը 2012-ին հայտարարել է ՄԱԿ-ից դուրս գալու մասին, այժմ անկուսակցական է, Գավառի քաղաքապետի պաշտոնը զբաղեցնում է 2005 թվականից։ Մեզ հետ զրույցում նա ընդգծեց, որ Գուրգեն Արսենյանի հետ ջերմ հարաբերություններ է պահպանում։ Այժմ նա առաջադրվել է «Գուրգեն Մարտիրոսյան» դաշինքով, որի կորիզը ՔՈ-ն է՝ «Քաղաքացու որոշում» կուսակցությունը։ Մեզ ասացին նաեւ, որ Գավառում որոշ համայնքապետեր եւս առաջադրվելու մտադրություն են ունեցել, սակայն իշխանությունների կողմից հովանավորվող Բանդուրյանների բանդան կանխել է դա` սպառնալիքներով ստիպել, որ չառաջադրվեն»:
«Փաստ» օրաթերթը գրում է. «Հայաստանն ու հայ ժողովուրդը չհասցրեց հաղթահարել 44-օրյա պատերազմի հետևանքով առաջացած քաղաքական, տնտեսական, տարածքային, սոցիալական և այլ խնդիրները, հերթական պատերազմի վտանգը կախվեց մեր գլխին՝ արդեն ՀՀ ինքնիշխան տարածքում։ Իրականում, այն, ինչ տեղի ունեցավ նոյեմբերի 16-ի կեսօրին, սկսվել էր ոչ թե դրանից երկու օր առաջ, երբ ադրբեջանական զինվորը հայ զինվորին առանց կրակելու դիրքը լքել էր պարտադրում, այլ ավելի վաղ՝ ընթացիկ տարվա մայիսի 12-ին, երբ նույն ադրբեջանական զինված ստորաբաժանումները, ներխուժելով ՀՀ ինքնիշխան տարածք, կասկածի տակ դրեցին տարածքների պատկանելիությունը՝ հայկական կողմին պարտադրելով դելիմիտացիայի և դեմարկացիայի վերաբերյալ քաղաքական և պաշտոնական հայտարարություններ։ Հանուն արդարության պետք է նշել, որ այդ հայտարարությունները իրավիճակի լարվածությունը թոթափելու տեսանկյունից ավելի շատ ոչ թե արդարացված էին, այլ չափազանց ռիսկային, իսկ շատ փորձագետներ ասում են՝ նաև կործանարար։ Այլ կերպ ասած՝ մայիսի 12-ի իրադարձությունների հանդուրժողականությունը տալիս է մաքսակետերի տեղադրման, ՀՀ ինքնիշխան տարածքի այլ հատվածներում հաստատվելու, ռազմական գործողություններ սկսելու լեգիտիմ հնարավորություն։ Ինչ վերաբերում է լարված իրավիճակից նվազագույն վնասներով կամ շահեկան դուրս գալուն, ապա առաջին հերթին պետք է դիտարկենք իրադրության քաղաքական գնահատական տալու հանգամանքը, որին պետք է հաջորդեն դրա վերաբերյալ նպատակին ծառայող գործողություններ։ Իրադրությունը շատ հեռու է «սահմանային միջադեպ», «սահմանային լարվածություն կամ բախում» լինելուց։
Կարելի է փաստել, որ Ադրբեջանի գործողությունները գնահատելու համար չպետք է բավարարվել միայն վերջին իրադարձությունները հաշվի առնելով։ Ադրբեջանը 30 տարի որպես թշնամական պետություն է դիրքավորվել Հայաստանի նկատմամբ ու դա չի թաքցրել։ Մինչև 44-օրյա պատերազմը Ադրբեջանը տարիներ շարունակ հնարավոր և անհնարին առիթներն օգտագործել է Հայաստանին որպես ագրեսոր երկիր ներկայացնելու համար՝ բերելով հորինովի հիմնավորումներ, իսկ Հայաստանի ինքնիշխամ տարածքում Ադրբեջանի զինուժի ստորաբաժանումների գտնվելու հանգամանքը պետք է և անհրաժեշտ է ձևակերպել ագրեսոր պետության գործելակերպ։ Ընդգծենք՝ ոչ թե ագրեսիվ գործողություններ, այլ ագրեսոր երկրի գործելակերպ։ Կարևոր է նաև նշել այն, որ ճգնաժամային իրավիճակներում պետությունը, որպես կենսունակ և ինքնառեֆերենտ համակարգ, ունի դրանից դուրս գալու, լուծելու կամ կառավարելի դարձնելու մեխանիզմներ, այն է՝ կատարել սահմանադրորեն իրեն վերապահված պետության և քաղաքացու անվտանգությունն ապահովելու իր կարևորագույն գործառույթը, դիմել գործընկեր պետություններին, միջազգային կառույցներին և ռազմական դաշինքներին՝ ներկայացնելով իրավիճակը՝ հասնելու այն բանին, որ լինի հասցեական սանկցավորված գնահատական։ Պետք է մեկընդմիշտ հասկանալ, որ սեփական երկրի ու բնակչության անվտանգությունն ապահովելու պարզագույն գործառույթը ոչ մի գործընկեր երկիր կամ միջազգային կառույց չի ապահովելու, այդ գործառույթը միայն ու միայն Հայաստանին է պատկանում, որի չիրականացումը ոչ միայն կործանարար է պետական և հասարակական լինելիության տեսանկյունից, այլև անհասկանալի է միջազգային սուբյեկտայնության տեսակետից»:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Առողջապահության նախարարությունը մինչեւ օրս չի կարողանում հստակ վիճակագրություն ներկայացնել, թե կորոնավիրուսի հետեւանքով քանի մարդ՝ տանը, քանիսն են հիվանդանոցում մահացել։ «Ժողովուրդ» օրաթերթը նախարար Անահիտ Ավանեսյանից հետաքրքրվեց՝ վիճակագրությունն ինչու արդյոք մինչ օրս հասանելի չէ։ Ի պատասխան՝ տիկին նախարարը նշեց. «Քանի որ «Արմեդ» համակարգը փուլերով է ներդրվել, ապա այս պահին սինքրոնիզացիան ընթացքի մեջ է։ Այս մասով աշխատող աշխատանքային խումբ ունենք, առաջիկայում լրացուցիչ հաղորդագրություն կտրամադրենք»։ Հիշեցնենք, որ նույնաբովանդակ հարց մոտ մեկ ամիս առաջ նաեւ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության ու հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանն էր բարձրաձայնել՝ հետաքրքրվելով, թե ինչու են տարբերվում ԱՎԾ-ի ու Հիվանդությունների կանխարգելման եւ վերահսկման ազգային կենտրոնի՝ մահվան մասին տվյալները. շուրջ 700 մարդ կորել է ցուցակներում։ Նախարարի պատասխանը նորից նույնն էր եղել, թե ստեղծվել է հանձնաժողով, որ ստուգում է երկու կառույցների ներկայացրած տվյալները։ «Արդյունքների մասին հրապարակում կլինի»,- մեկ ամիս առաջ ասել էր նա։ Թե ինչով է զբաղված Ավանեսյանի մատնանշած աշխատանքային խումբը, թերեւս միայն իրենք կիմանան։ Հստակ է, որ դրա կատարած աշխատանքի արդյունքն ավելի քան մեկ ամիս որեւէ մեկի համար տեսանելի չէ։ Պարզ է նաեւ, որ գործադրի անդամներն իրենց վերահսկողների՝ պատգամավորների ուշադրության կենտրոնում հայտնվելուց ու կոնկրետ, հասցեական «մեսիջ» ստանալուց հետո օր առաջ առկա խնդիրը, հարցը կամ քննադատությունը հարթելու, տեղը գցելու համար տեսանելի քայլեր չեն ձեռնարկում։ Ու ստացվում է, որ մինչեւ այսօր մեզ հրամցված վիճակագրությունը, թե օրը քանի մարդ է մահացել կորոնավարակից, իրականում սխալ թվեր են»:
«Փաստ» օրաթերթը գրում է. «Վերջերս տեղի ունեցավ հանրակրթական դպրոցների տնօրենների մրցույթ, որի միջոցով համապատասխան հանձնաժողովները, կոնկրետ ընթացակարգերի համաձայն, պետք է կատարեն իրենց ընտրությունը։ Ինչպես հայտնի է, իշխանությունները բավական ակտիվ են այս գործընթացում և ամեն կերպ փորձում են սեփական թեկնածուներին, ինչ գնով էլ լինի, դարձնել տնօրեն։ Սակայն, «Փաստ» թերթի տեղեկություններով, ամեն ինչ չէ, որ իշխանությունների սրտով է ընթանում։ Բանն այն է, որ կան իշխանությանը «ոչ հաճելի» տնօրեններ, որոնք պրոֆեսիոնալ են և ունեն բազմամյա փորձ, իսկ վերջին մրցույթներն անցել են առանց որևէ խնդրի։ Ավելին, քանի որ նրանք դպրոցական կոլեկտիվում ևս ունեն բավական լուրջ աջակցություն, ուստի նրանց չվերընտրվելու ոչ մի տարբերակ գրեթե չկա։ Մեր աղբյուրների փոխանցմամբ, նման դեպքերի համար իշխանություններն իրենց համար պահեստային տարբերակ են մշակել, ըստ որի, նման տնօրենների դեպքում փորձում են հրապարակ բերել տարբեր մութ պատմություններ, գործարքներ, ընդ որում, նույնիսկ այնպիսիք, որոնք այդ տնօրեններից առաջ են եղել, և դրանց հիման վրա քրեական գործեր «կարել»։ Այսինքն, հասկանալով, որ օրինական և սահմանված կարգով ոչ մի տարբերակ չունեն ազատվելու «անցանկալիներից», առաջին պլան են բերում իրենց սիրելի գործելաոճը։ Ի դեպ, այս ճանապարհով իշխանությունները փորձում են կա՛մ ձերբազատվել այդ մարդկանցից, կա՛մ շանտաժով «սվոյ» դարձնել»:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Երեկ ոստիկանությունը պաշտոնապես հաղորդագրություն տարածեց, որ ծավալուն օպերատիվ միջոցառումների շնորհիվ հավաստի տեղեկություններ էին ստացել, որ, այսպես ասած, քրեական հեղինակություն համարվող մի քանի անձ նոյեմբերի 16-ին պատրաստվում են պարզաբանումների համար հանդիպել։ Հավաստի տվյալներ կային նաեւ, որ նրանք ապօրինի զենք-զինամթերք ունեն, եւ հնարավոր է, որ պարզաբանումներն ավարտվեն զինված բախումով, ինչը կանխվեց։ Մյասնիկյան պողոտայում հայտնաբերվեցին ու մեքենայով հանդերձ ոստիկանության Կենտրոնական բաժին բերման ենթարկվեցին երեք տղամարդ՝ 35, 37 եւ 39 տարեկան, երեքն էլ՝ Երեւանի բնակիչ։ Խուզարկությամբ նրանցից մեկի մոտից հայտնաբերվեց «Մակարով» ատրճանակ՝ 6 փամփուշտով։ Օպերացիայի արդյունքում ոստիկանության Կենտրոնական բաժին են բերման ենթարկվել 3 անձ։ Նրանցից մեկը քրեական աշխարհում հայտնի Մոնումենտցի Վարդգեսիկ մականվամբ 39-ամյա Վարդգես Իսպիրյանն է, մյուսը Երրորդմասցի Ռուժ Արթուրիկ մականվամբ 35-ամյա Արթուր Փոխարյանն է, իսկ մյուսը Երրորդմասցի Արմենչիկ մականվամբ 37-ամյա Արմեն Հարությունյանն է։ Իսկ ո՞ւմ էին նրանք պատրաստվում հանդիպել: «Ժողովուրդ» օրաթերթին այս դեպքից ուշագրավ հանգամանքներ են հայտնի դարձել, մասնավորապես՝ այն, որ Մյասնիկյան պողոտայում բերման ենթարկված երեք տղամարդիկ Երեւանում ցանկացել են հանդիպել «օրենքով գող» Անդրանիկ Սողոյանին՝ Զապին, Մոսկվայից վերջերս Հայաստան վերադարձած Մասկովսկի Արամչոյին, որը Աժ պատգամավորներից մեկի խնամին է եւ հեղինակություն է համարվում: Ի դեպ, մեզ հասած լուրերի համաձայն՝ իրավապահները բերման են ենթարկել նաեւ «օրենքով գողերին»:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Մանկական կերերի գները բարձրացել են: «Ժողովուրդ» օրաթերթն արդեն մի քանի օր է, ինչ այս խնդրի շուրջ երիտասարդ մայրերից դժգոհություններ է ստանում: Նրանց խոսքերով՝ տարվա մեջ մանկական կերերի գներն արդեն մի քանի անգամ է, ինչ բարձրանում են: Օրինակ՝ Nutrilon կոչվող մանկական կաթնային խառնուրդը 4450 դրամից բարձրացել էր՝ դառնալով 5850 դրամ, հիմա այն 7500 դրամից դարձել է 11 հազար 200 դրամ: Թանկացել են նաեւ «Սիմիլակ Գոլդ», «Սիմիլակ Կլասիկ» կաթնային խառնուրդները. «Սիմիլակ պրեմիում 3»-ը արժե 5680 դրամ, իսկ 700 գրամանոց «Սիմիլակ 1»-ը վաճառվում է 7600 դրամի սահմաններում: Տեղեկացնենք, որ Nutrilon-ը Հայաստան ներմուծում է «Սլավ գրուպ» ընկերությունը, որն էլ պատկանում է ԱԺ ՀՀԿ խմբակցության նախկին պատգամավոր Արկադի Համբարձումյանին: Փորձեցինք պարզաբանում ստանալ ընկերությունից, սակայն մեր հեռախոսազանգերն անպատասխան մնացին:
«Փաստ» օրաթերթը գրում է. Համաճարակային իրավիճակը և անցած տարվա պատերազմն Արցախում ծանր տնտեսական հետևանքներ են ունեցել Հայաստանի տնտեսության վրա։ Եվ չնայած, ըստ պաշտոնական վիճակագրության, անցած տարվա խոր անկման ֆոնին տնտեսությունը փոքր-ինչ աճի միտումներ է ցույց տալիս, այնուամենայնիվ, այդ աճը շատ փխրուն է ու դյուրաբեկ։ Եվ ուշագրավն այն է, որ ներկա պայմաններում անգամ խոսք չկա նախաճգնաժամային փուլի տնտեսության վիճակի՝ 2019 թվականի մակարդակին հասնելու մասին։ Այս տարվա հունվար-սեպտեմբերին Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշն աճել է ընդամենը 4,4 %-ով, այն դեպքում, երբ 2020 թվականին 7,6 % անկում ենք ունեցել։ Ստացվում է, որ դեռ մեկ տարի ևս պետք է, որպեսզի կարողանանք հասնել նախաճգնաժամային մակարդակին։ Այսինքն, մեկ տարվա անկումը հաղթահարելու համար մեզ երկու տարի է պետք։ Սակայն 2022 թվականին նշված նպատակակետին հասնելը նույնպես հարցականի տակ է դրվում։ Խնդիրն այն է, որ ինչքան 2021 թվականը մոտենում է ավարտին, այնքան մեր տնտեսական ցուցանիշները նվազում են։ Դրանով է պայմանավորված, որ այս տարվա վերջին ամիսներին նկատվող տնտեսական ակտիվության աճը ապրիլից սկսած բարձր աճի համեմատությամբ մի քանի անգամ դանդաղել է։ Օրինակ՝ արդեն 2021թ. սեպտեմբերին անցած տարվա նույն ամսվա համեմատ ցուցանիշն ավելացել է ընդամենը 2,4%-ով, ինչը տնտեսության վերականգնման տեսանկյունից շատ փոքր ցուցանիշ է։ Այսինքն՝ տնտեսական ակտիվության շարունակ նվազող տեմպը լուրջ անհանգստության առարկա է, քանի որ շարունակվելու դեպքում կարող ենք արդեն բացասական ցուցանիշներ ունենալ։ Ու այս ֆոնին ավելի ու ավելի անհավանական է թվում այն, որ կառավարությունը 2022 թվականի բյուջեի համար ընտրել է 7 տոկոս տնտեսական աճի նշաձողը։ Ու հետաքրքիրն այն է, որ ԱԺ-ում 2022 թվականի բյուջեի նախնական քննարկումների ժամանակ Փաշինյանն այս մասին հատուկ համոզվածությամբ էր հայտարարում։