VERELQ-ը ներկայացնում է հայաստանյան մամուլի ամենաուշագրավ հրապարակումները:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Մինչ Հայաստանի տարբեր մարզերում իրավիճակը լարված է, եւ հակառակորդն ամեն պահի սահմանին նոր սադրանք է հրահրում սեփական նկրտումներն օր առաջ կյանքի կոչելու համար, հայրենի իշխանությունը մտածում է՝ ինչպես լրացնել թափուր մնացած պաշտոնները։ Սուրեն Պապիկյանի՝ պաշտպանության նախարարի պաշտոնը ստանձնելուց հետո իշխանականները գցում-բռնում են՝ ում ընծայել փոխվարչապետի աթոռը։ «Ժողովուրդ» օրաթերթի՝ ՔՊ-ին մոտ կանգնած աղբյուրները հայտնում են, որ թեկնածուի փնտրտուքը երկար չի տեւել, ու վարչապետ Նիկոլ Փաշինյանը կանգ է առել վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանի վրա։ Կրթության, գիտության, մշակույթի ու սպորտի ոլորտը տապալած նախարարին, փաստորեն, պետության համար խիստ առանցքային պաշտոն է վստահվում։ Կրթությունն ու մշակույթը, իհարկե, ոչ պակաս ռազմավարական նշանակության ոլորտներ են, բայց մի այլ բան է նախարարություն, մեկ այլ բան՝ տնտեսություն ու պետություն կառավարելը։ Փաշինյանի կադրային քաղաքականության վրա զարմանալ իհարկե պետք չէ, պարզապես սա եւս մի ապացույց է, որ իշխող «Քաղաքացիական պայմանագիրը» կադրերի լրջագույն խնդիր ունի, իսկ պաշտոններ բաժանելիս առաջնորդվում է ՀՀՇ-ի հայտնի՝ «պոլի փայտ լինի, մերը լինի» սկզբունքով»:
«Իրավունք» թերթը գրում է. «Իրավունքի» ունեցած տեղեկությունների համաձայն` կառավարական առանձնատունը երեկվանից ուժեղացված հսկողության տակ է առնվել: Թե որտեղ էր գտնվում Նիկոլ Փաշինյանը, երբ սահմանին խիստ լարված էր իրավիճակը, անգամ կառավարությունում տեղյակ չէին: Իսկ Ազգային ժողովում անորոշությունն ու սարսափն էր պատել ԱԺ իշխող խմբակցության պատգամավորներին: Մասնավորապես` ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի անդամները դյուրագրգիռ եւ լարված գնում ու գալիս էին խորհրդարանական միջանցքների մի ծայրից մյուսը, տպավորություն էր, որ «մարտական օպերացիա» են իրականացնում` միայն թե թիրախը չէին գտնում: Իհարկե, ավելի ուշ պարզվեց, որ թիրախը ՀԱՊԿ-ն էր, որի դեմ ձեն ձենի տված ելույթներով պետք է հանդես գային ԱԺ ամբիոնից: Իսկ որեւէ ադեկվատ պարզաբանում ՔՊ-ականներից այդպես էլ չհաջողվեց ստանալ: Թե Անդրանիկ Քոչարյանի, թե Վահագն Ալեքսանյանի, թե Արփի Դավոյանի, թե Վահագն Հովակիմյանի «դուխները» հերիքում էր միայն ասել` «ոչ» հարցազրույցի ու ճեպազրույցի առաջարկներին»:
«Հրապարակ» օրաթերթը գրում է. ԱԺ օրակարգից երեկ հանվեց ռազմագերիների, պատանդների, անհետ կորածների ու պահվող այլ անձանց ճակատագրի պարզման ու հայրենիք վերադարձնելու խնդիրների քննարկումը, քանի որ հիմնական զեկուցողը` Աննա Գրիգորյանը, բացակայում էր: Հարցն օրակարգ էր բերել «Հայաստան» դաշինքը, որը երեկ բոյկոտեց ԱԺ նիստերը՝ ի նշան ստեղծված իրավիճակի շուրջ իշխանության պահվածքի։ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը դեռ առավոտյան հայտարարել էր, որ հարցը կքննարկվի դռնփակ ռեժիմով: Սակայն օրվա երկրորդ կեսին ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանն ասաց, որ հարցը հանվում է օրակարգից:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Հայաստանի Հանրապետությունը երեկ դիմեց Ռուսաստանի Դաշնությանը 1997 թվականից երկու երկրների միջեւ գործող պայմանագրի համաձայն պաշտպանելու երկրի տարածքային ամբողջականությունը, քանի որ հարձակում է եղել Հայաստանի սուվերեն տարածքի վրա: Երկու երկրների միջեւ 97թ.-ին կնքված «Բարեկամության եւ փոխադարձ օգնության պայմանագրի» 3-րդ հոդվածի համաձայն` «կողմերը համատեղ կձեռնարկեն իրենց համար բոլոր մատչելի միջոցները` խաղաղության դեմ սպառնալիքը, խաղաղության խախտումը վերացնելու կամ նրանց դեմ ցանկացած պետության կողմից ձեռնարկված ագրեսիայի գործողություններին հակազդելու համար եւ կցուցաբերեն միմյանց անհրաժեշտ օգնություն՝ ներառյալ ռազմական»: Պայմանագրի երկրորդ հոդվածում ասվում է. «Բարձր պայմանավորվող կողմերը միմյանց հետ սերտորեն կհամագործակցեն Հայաստանի Հանրապետության եւ Ռուսաստանի Դաշնության ինքնիշխանության ու տարածքային ամբողջականության պաշտպանության եւ անվտանգության ապահովման գործում: Նրանք անհապաղ կխորհրդակցեն ամեն անգամ, երբ նրանցից մեկի կարծիքով առաջացել է նրա վրա զինված հարձակման սպառնալիք համատեղ պաշտպանության ապահովման եւ խաղաղության ու փոխադարձ անվտանգության պահպանման նպատակով: Այդ խորհրդակցությունների ընթացքում կորոշվեն այն օգնության անհրաժեշտությունը, ձեւերն ու չափերը, որը ստեղծված իրավիճակը հաղթահարելու նպատակով կցուցաբերի մի Բարձր պայմանավորվող կողմը մյուս Բարձր պայմանավորվող կողմին»:
Իսկ երրորդ հոդվածում էլ ասվում է. «Բարձր պայմանավորվող կողմերը համատեղ կձեռնարկեն իրենց համար բոլոր մատչելի միջոցները խաղաղության դեմ սպառնալիքը, խաղաղության խախտումը վերացնելու կամ նրանց դեմ ցանկացած պետության կամ պետությունների խմբի կողմից ձեռնարկված ագրեսիայի գործողություններին հակազդելու համար եւ կցուցաբերեն միմյանց անհրաժեշտ օգնություն՝ ներառյալ ռազմական` ՄԱԿ-ի կանոնադրության 51-րդ հոդվածին համապատասխան հավաքական ինքնապաշտպանության իրավունքի իրականացման կարգով»: Նկատենք՝ մայիսին, երբ ադրբեջանական զորքերը մուտք գործեցին Հայաստանի տարածք, դիմում էր եղել ՀԱՊԿ-ին, սակայն հետագայում օգնությունն անարդյունավետ էր դիտարկվել: Իր հերթին արտգործնախարարությունը, նշելով, որ Ադրբեջանի նախահարձակ գործողությունները հանգեցրել են մարդկային կորուստների, կոչ է անում միջազգային գործընկերներին ՝ ՌԴ-ին, ՀԱՊԿ-ին, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությանը «հստակորեն եւ հասցեական արձագանքել տարածաշրջանային խաղաղությունը եւ անվտանգությունը լրջորեն վտանգող ադրբեջանական կողմի գործողություններին եւ քայլեր ձեռնարկել դրանց կանխարգելման, Հայաստանի տարածքից Ադրբեջանի զինված ուժերի ամբողջական դուրսբերման ուղղությամբ»:
«Հրապարակ» օրաթերթը գրում է. Երեկ կրկին պատերազմը բախեց մեր դուռը: Բոլոր նրանք, ովքեր կարող էին գրել եւ կարդալ, հայտարարություններ արեցին՝ սկսած ֆեյսբուքյան օգտատերերից մինչեւ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի ներկայացուցիչ: Ոմանք կոչ արեցին ապաէսկալացնել իրավիճակը (Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշել), մյուսները՝ «քայլեր ձեռնարկել հրատապ հարցերի լուծման նպատակով» (ԵԱՀԿ նախագահ Անն Լինդեն): Գարեգին Բ-ն կոչ արեց «միջազգային հանրությանը, միջեկեղեցական կառույցներին եւ քույր եկեղեցիների առաջնորդներին՝ հասու բոլոր միջոցներով ձայն բարձրացնելու եւ կասեցնելու ադրբեջանական հերթական ոտնձգությունները»: Ընդդիմությունը նկատեց, որ պատասխանատուն իշխանությունն է, որը «բերում է զոհեր, տարածքային կորուստներ, պառակտում, քաոս» («Հայաստան» դաշինք):
«Հրապարակ» թերթը գրում է. «Չնայած արդեն մի քանի օր է՝ հայկական սուվերեն տարածքի նկատմամբ ադրբեջանցիները ոտնձգություններ են իրականացնում, իսկ երեկ լայնածավալ ռազմական գործողություններ սկսվեցին Սյունիքի մարզի Սիսիանի հատվածում, սակայն հայկական կողմը հապաղում էր դիմել ռուսական կողմին` օգնության խնդրանքով: Միայն երեկ ԱԽՔ Արմեն Գրիգորյանը հայտարարեց. «Դիմում ենք ՀՀ-ի եւ ՌԴ-ի միջեւ գոյություն ունեցող 1997 թ․ պայմանագրի շրջանակներում՝ ՀՀ-ի տարածքային ամբողջականությունը պաշտպանելու կոչով»։ Եվ ասաց, որ գրավոր ընթացակարգով պաշտոնապես կդիմեն։ Սակայն խնդիրն անգամ պաշտոնապես` որպես պետությանը դիմելը չէ, այլ Հայաստանում եւ Արցախում տեղակայված ռուսական զորամիավորումների հետ տարրական համագործակցությունը: Մինչեւ վերջերս թե՛ Արցախում, թե՛ Սյունիքի սահմանային գոտում ցանկացած միջադեպի ժամանակ, անգամ երբ ադրբեջանցիները մի ոչխար են առեւանգել հայ գյուղացուց, հայկական կողմը կապ է հաստատել ռուսական խաղաղապահների ղեկավարության հետ եւ փորձել է հնարավորինս արագ եւ անկորուստ շտկել իրավիճակը։ Ինչ-որ պահից այդ համագործակցությունը դադարել է, եւ ռուսներին այլեւս չեն դիմել: Մենք տեղեկացանք, որ ռուսները զարմացած են հայ պաշտոնյաների այս անփութությունից ու անտարբերությունից»:
«Հրապարակ» թերթը գրում է. «Մենք հարցում էինք արել ԱԳՆ, թե որ երկրներում Հայաստանն այս պահին չունի նշանակված դեսպան` պաշտոնը թափուր է։ Մեզ պատասխանել են. «Դեսպաններ նշանակված չեն հետեւյալ դիվանագիտական ծառայության մարմիններում՝ Ղազախստանում, Ինդոնեզիայի Հանրապետությունում, Իսրայելի Պետությունում, Արաբական Միացյալ Էմիրություններում, Իրաքի Հանրապետությունում եւ Եվրոպայի խորհրդի ՀՀ մշտական ներկայացուցչությունում»:
«Հրապարակ» թերթը գրում է. «Սահմանադրական դատարանը տեւական հետաձգումներից հետո երեկ քննել է մի շարք համայնքապետերի դեռ մարտին ներկայացված բազմաչարչար դիմումը եւ մերժել այն։ «Նշված գործով ձայների հավասարության հետեւանքով, ըստ էության, որոշում չի ընդունվել, ուստի, համաձայն «ՍԴ-ի մասին» սահմանադրական օրենքի 62-րդ հոդվածի 9-րդ մասի՝ դիմումը համարվում է մերժված»,- մեզ տեղեկացրին ՍԴ-ից: Հիշեցնենք, որ խոսքն այն մասին է, որ Սահմանադրությամբ՝ տեղական ինքնակառավարման մարմինների ղեկավարն ու ավագանին ընտրվում են համայնքների կողմից, մինչդեռ նախորդ տարի իշխանությունների թեթեւ ձեռքով փոփոխություններ կատարվեցին ԸՕ-ում․ ամրագրվեց, որ 4 հազարից ավելի ընտրող ունեցող համայնքներում ավագանու ընտրություններն անցկացվում են համամասնական ընտրակարգով, այսինքն՝ ավագանին է ընտրելու համայնքի ղեկավար։ Նաեւ օրենքում, օրենքի անցումային դրույթներում կատարված փոփոխությամբ, ամրագրեցին համայնքապետերի ժամանակավոր պաշտոնակատարների ինստիտուտը: Այսինքն` իշխանությունն իրեն իրավունք վերապահեց ոչ թե ժամկետը լրանալուն պես ընտրություններ նշանակել, այլ իր ուզած անձին նախ ԺՊ նշանակել, ապա նրա միջոցով կազմակերպել ընտրությունները, որ իշխանական թեկնածուի հաղթանակը երաշխավորված լինի: ՍԴ-ն մարտ ամսից բազմիցս հետաձգում էր հարցի քննությունը, մինչեւ Նիկոլ Փաշինյանը, ըստ էության, ՏԻՄ ընտրություններով վերջնականապես ուզուրպացներ իշխանությունը, երեկ, սակայն, որոշել է քննության առնել եւ մտածելով, որ այս խառը ժամանակներում հանրությունը չի նկատի իրենց ապօրինի որոշումը, որոշել է սղղացնել այն»:
«Հրապարակ» թերթը գրում է. «Պաշտպանության նախարար նշանակված Սուրեն Պապիկյանի կենսագրությունից տեղեկացանք, որ նա 2016 թվականին պարգեւատրվել է ՀՀ զինված ուժերի «Գարեգին Նժդեհ» մեդալով։ Ըստ պաշտպանության նախարարության պաշտոնական կայքի՝ ՀՀ զինված ուժերի «Գարեգին Նժդեհ» մեդալով պարգեւատրվում են.
1. Բանակաշինության, ՀՀ ԶՈւ մարտական պատրաստության ռազմահայրենասիրական դաստիարակության բնագավառում նշանակալի ներդրում ունեցող սպաները եւ ենթասպաները։
2. Ժամկետային ծառայության ընթացքում հայրենիքի սահմանների պաշտպանության, զինծառայողների կյանքին սպառնացող վտանգը վերացնելու գործում անձնական խիզախություն ցուցաբերած զինծառայողները։
3. Հայկական բանակի կայացման եւ ամրապնդման գործում զգալի ավանդ ունեցող անհատները։
Սրանք են այն չափորոշիչները, որոնցից գոնե մեկի առկայության դեպքում անձը կարող է պարգեւատրվել «Գարեգին նժդեհ» մեդալով։
Ինչպես նշվում է, այս մեդալով պարգեւատրվում են սպաներն ու ենթասպաները, որոնք մարտական պատրաստության ռազմահայրենասիրական դաստիարակության բնագավառում նշանակալի ներդրում են ունեցել։ Բանն այն է, որ Սուրեն Պապիկյանը ո՛չ ենթասպա է, ո՛չ էլ, առավել եւս՝ սպա, հետեւաբար, այս կետը նրան չէր կարող վերաբերել։ 2-րդ կետը վերաբերում է ժամկետային զինծառայության ընթացքում խիզախություն ցուցաբերելուն, հայրենիքի սահմանները պաշտպանելուն եւ զինծառայողների կյանքին սպառնացող վտանգը չեզոքացնելուն, սակայն Սուրեն Պապիկյանը մեդալն ստացել է 2016 թվականին, իսկ ժամկետային զինվորական ծառայություն է անցել դրանից մոտավորապես 10 տարի առաջ, եւ այդ ծառայությունն էլ անամպ չի անցել․ նա դանակահարել է իր հրամանատարին, ինչի համար դատապարտվել է 1 տարի ազատազրկման, ապա՝ 2007 թվականին, համաներմամբ ազատ արձակվել։
3-րդ կետն էլ վերաբերում է հայկական բանակի կայացման գործում մեծ ներդրում ունենալուն, մինչդեռ պարզ է, որ Սուրեն Պապիկյանը չէր կարող մեծ ներդրում ունենալ հայկական բանակի կայացման գործում, քանի որ ծառայել է ռուսական զորամասում, իսկ զորացրվելուց հետո էլ հայկական բանակում զինծառայություն չի անցել։ Հարց է առաջանում․ ո՞ր արժանիքի համար է Պապիկյանը 2016 թվականին պարգեւատրվել այս բարձր պարգեւով։ Ի դեպ, Պապիկյանը 2012-16 թվականներին Սանկտ Պետերբուրգի պետական համալսարանի ասպիրանտուրայում է ուսանել, այսինքն՝ այդ ժամանակահատվածում Հայաստանում չի գտնվել, որպեսզի բանակաշինության գործում զգալի ավանդ ունենար։ Նրա պաշտոնական կենսագրության մեջ նշված չէ, թե ինչ հանգամանքներում է ստացել մեդալը, բաց աղբյուրներում եւս որեւէ տեղեկություն չկա, թե կոնկրետ ինչ արարքի համար է Պապիկյանը պարգեւատրվել։ Պաշտպանության նախարարությունից փորձեցինք ճշտել, սակայն ինչ-որ ժամանակից սկսած՝ ՊՆ լրատվականն այլեւս գոյություն չունի, ուստի մեր զանգերին էլ պատասխանող չեղավ: Մեր աղբյուրները հայտնեցին, որ Պապիկյանն այդ մեդալը ստացել է ապրիլյան քառօրյա պատերազմին մասնակցության համար, ավելի ճիշտ` ոչ թե պատերազմին, այլ հետպատերազմական փուլին:
Բանն այն է, որ «ՔՊ ջոկատը», որի կազմում՝ նաեւ Սուրեն Պապիկյանը, 2016 թվականի մայիսի 14-ին գործուղվել է Պաշտպանության բանակ: Արցախում պատերազմն ավարտվելուց 40 օր անց, Արցախի Մարտակերտի շրջանի Ճանկաթաղ բնակավայրում նրանք ինժեներական աշխատանքներ են կատարել, այսինքն՝ խրամատ են փորել: Ի դեպ, Ճանկաթաղն էլ սահմանագծից հեռու է 36 կմ։ Այս մասին մի առիթով խոսել է նաեւ այդ օրերին պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը։ «Ապրիլյան պատերազմի ընթացքում, դրանից հետո շատ կամավորական ջոկատներ մեկնել ու աջակցել են բանակին, որովհետեւ անհրաժեշտ է եղել արագ լրացնել բնագծերը։ Ինչ վերաբերում է Նիկոլ Փաշինյանի ղեկավարած ստորաբաժանմանը, ապրիլյան պատերազմին կոնկրետ մարտական գործողությունների չեն մասնակցել, մասնակցել են ինժեներական ապահովման աշխատանքներին։ Դա չի հաշվվում մարտական գործողությունների մասնակից։ Ինժեներական աշխատանքների համար բանակի հրամանատարությունը գնահատել է, իմ կողմից պատվոգիր է տրվել»,- ասել է Սեյրան Օհանյանը։ Մեզ ասացին, որ Պապիկյանի «Գարեգին Նժդեհ» մեդալը հենց խրամատ փորելու կամ ինժեներական աշխատանքներին մասնակցելու համար է տրվել: Փաստորեն ստացվում է, որ Նիկոլ Փաշինյանի կողմից այդչափ ատելի նախկինները Սուրեն Պապիկյանի խրամատ փորելը համարել են «բանակաշինությանը մասնակցություն» եւ անգամ մեդալ են տվել, իսկ Նիկոլ Փաշինյանը ոչ միայն պատերազմից մեկուսացրեց գեներալներին ու նախկին զինվորականներին, այլեւ նրանց բոլորի նկատմամբ մեղադրանքներ հարուցեց, վարկաբեկեց ու պատերազմում պարտության մեղքը դրեց նրանց վրա: Ավելին` հայտարարեց, թե ընդդիմության այն ներկայացուցիչները (Գագիկ Ծառուկյան, Արթուր Վանեցյան, ՀՅԴ), որոնք ջոկատներ կազմեցին եւ գնացին մասնակցելու պատերազմին, փախել են մարտադաշտից, դասալիք են ու դավաճան: Իսկ նախկինները մի քանի շաբաթ Արցախում խրամատ փորած «ՔՊ ջոկատի» անդամներին մեդալներ են տվել: Ի դեպ` Արարատ Միրզոյանը, Ռուբեն Ռուբինյանը եւ այլք այդ նույն ժամանակ ՊՆ պատվոգրերով են պարգեւատրվել»:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Նոյեմբերի 11-ին Քանաքեռի սեփական տներից մեկում կրակոցներ էին հնչել, ինչի հետեւանքով սպանվել էր 4 անձ, իսկ երեքը մարմնական տարբեր վնասվածքներով տեղափոխվել էին հիվանդանոց: Սպանվածների մեջ էր քրեական հեղինակություն Քանաքեռցի Տույը՝ Արթուր Ղազարյանը, եւ ԱԺ նախկին պատգամավոր 61-ամյա Արտյուշ Սիմոնյանը: Վիրավորների մեջ է սպանված նախկին պատգամավորի որդին՝ Վլադիմիր Սիմոնյանը: Ի դեպ, կրակոցները հնչել էին հենց նախկին պատգամավորի տանը: Սպանված պատգամավորի 3 որդիներին կալանավորելու միջնորդություն էր ներկայացվել դատարան, ինչը դատարանը կիրակի օրը բավարարել է: Սակայն այս պատմության մեջ կան բավականին ուշագրավ հանգամանքներ , ինչը լուրջ հետեւությունների տեղիք է տալիս: Մասնավոապես, մեզ հասած տեղեկությունների համաձայն, նոյեմբերի 11-ի գիշերը քրեական հեղինակություն Արթուր Ղազարյանի՝ Տույի հետ նախկին պատգամավոր Արտյուշ Սիմոնյանի տան մոտ է եղել նաեւ Աժ պատգամավոր Հայկ Սարգսյանը: Լուրեր կան, որ իշխանական պատգամավոր Հայկ Սարգսյանը նախկին պատգամավոր Սիմոնյանի տան մոտ՝ դրսում՝ մեքենայի մեջ սպասել է քրեական հեղինակություն Տույին, սակայն երբ լսվել են կրակոցի ձայները, նա դեպքի վայրից անհետացել է: Ավելին՝ մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ դեպքից հետո նրան օգնել են հեռանալ Հայաստանից: Այս տեղեկությունը փորձեցինք անձամբ պարզել Հայկ Սարգսյանից, սակայն վերջինս որեւէ կերպ չարձագանքեց մեր հեռախոսազանգերին եւ նամակներին, ու չկարողացանք իմանալ՝ եղել է արդյոք Տույի հետ Քանաքեռում դեպքի օրը եւ ինչու: Հավելենք, որ Հայկ Սարգսյանը չէր մասնակցում երեկվանից մեկնարկած Ազային ժողովի քառօրյա աշխատանքներին»:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Հայաստանում ցեմենտի գինը բարձրացել է: «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ ցեմենտի մեկ տոննան թանկացել է 2000 դրամով: Շինարարները փոխանցում են, որ 50 կգ ցեմենտի պարկի գինը 2500 դրամից դարձել է 2650 դրամ: Շինանյութի որոշ կետեր կան, որտեղ հայկական արտադրության 50 կգ-անոց ցեմենտը վաճառվում է 2800-3000 դրամով: Բացի այս, բարձրացել է նաեւ իրանական արտադրության ցեմենտի գինը՝ 2900 դրամից դառնալով 3000, 3200 դրամ: Մասնագետները ցեմենտի թանկացումը կապում են ոչ միայն բեռնափոխադրումների գների բարձրացման, այլեւ պահանջարկի ավելացման հետ: Սրան նպաստել է կառավարության որոշումը, ըստ որի՝ Երեւանում եկամտահարկի հետ վերադարձի ծրագիրը դադարեցվելու է: Այս որոշումից հետո Երեւանում շինարարությունը բավականին ակտիվացել է: