Հոգեբուժարաններում համակարգային խնդիրները տարիներ շարունակ չեն լուծվում. մեծ առաջընթաց չկա նաև այդ ոլորտին առնչվող մեր արտահերթ զեկույցի հրապարակումից հետո: Այս մասին ասել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն աշխատակազմի կանխարգելման ազգային մեխանիզմի ստորաբաժանման կողմից կազմակերպված «Հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց իրավունքների ապահովումն ազատությունից զրկման վայրերում» խորագրով կլոր սեղան քննարկմանը:
ՄԻՊ-ից հայտնում են, որ քննարկմանը մասնակցել են դատավորներ, փաստաբաններ, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի, առողջապահության և արդարադատության նախարարությունների, «Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ի, հոգեբուժական կազմակերպությունների, ծերերի և հաշմանդամների հատուկ տիպի տուն-ինտերնատների, ինչպես նաև հասարակական դիտորդների խմբերի և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ:
Միջոցառման ընթացքում քննարկվել են հոգեբուժական կազմակերպություններում անձանց հոժարակամ կամ ոչ հոժարակամ բուժման գործընթացի խնդիրները և դատական պրակտիկան, անգործունակ անձանց իրավունքների հիմնախնդիրները, ինչպես նաև քրեակատարողական հիմնարկներում հոգեբուժական օգնության և սպասարկման հետ կապված հարցերը:
Արման Թաթոյանը շեշտել է, որ հոգեկան առողջության խնդիրներ ունեցող մարդիկ մեր հասարակության լիարժեք անդամ են։
Նրանք էլ բոլորիս պես ունեն արժանապատվություն, զգացմունքներ և գնահատաման արժանի ներուժ:
Խտրականությունը ու կարծրատիպերը նրանց մեկուսացած են պահում հասարակությունից, իսկ իրավունքներն ինքնուրույն պաշտպանելու դժվարությունները կամ անկարողությունն ավելի են խորացնում նրանց խնդիրները:
Խրոնիկ խնդիրներ ունի հոգեբուժարաններում մարդկանց իրավունքների ապահովումը: Չկան անհրաժեշտ համայնքահեն ծառայություններ, թերի են կառավարումն ու վերահսկողությունը, անհիմն ձգձգվում են դատական գործընթացները ու մարդկանց դնում երկարատև քաշքշուկների մեջ, չկա գործառույթների հստակ տարանջատում և այլն:
Արման Թաթոյանը, այս ամենին զուգահեռ, նշել է, որ գնահատված չէ հոգեկան առողջության ոլորտի աշխատանքը:
Բավարար չէ մասնագետների քանակը, խիստ թերի են մասնագիտական վերապատրաստումները, ինչը թույլ չի տալիս ոլորտը զարգացնել միջազգային պահանջներին համահունչ:
Անընդունելի են հոգեբուժարաններում կամ այլ հատուկ հաստատություններում աշխատանքային պայմանները, ցածր է աշխատողների սոցիալական երաշխիքների մակարդակը: Այս ամենն էլ անմիջական բացասական ազդեցություն է ունենում մարդու հոգեկան առողջության և մատուցվող ծառայությունների որակի վրա:
Իսկ գործնականում էլ շատ են դեպքերը, երբ հարցերը լուծվում են ոչ թե պետական քաղաքականության, այլ մասնագետների անձնական ջանքերով ու նրանց անձնական բարեխղճության շնորհիվ:
Հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց իրավունքների երաշխավորման գործում Մարդու իրավունքների պաշտպանը կարևորում է ոչ միայն իրավասու պետական մարմինների և կազմակերպությունների, այլև քաղաքացիական հասարակության հետ ձևավորված արդյունավետ համագործակցությունը: