Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանն ընդունեց «Ակցիոնա» ընկերության ներկայացուցիչներին
Նոյեմբերի 9-ին Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանն ընդունել է իսպանական «Ակցիոնա» ընկերության՝ բիզնեսի զարգացման հարցերով տնօրեն Միգել Առարասին, նույն ընկերության՝ Եվրոպայում բիզնեսի զարգացման մենեջեր Սառա Լառռազին և«Ակցիոնայի» Հայաստանում պաշտոնական ներկայացուցիչ Աշոտ Առաքելյան Ստեփանյանին:
Հանդիպմանը ներկա էին Գեղարքունիքի մարզպետի տեղակալ Ռուբիկ Նավոյանը, մարզպետի օգնական Մանանա Գալստյանը, Գեղարքունիքի մարզպետարանի շահագրգիռ ստորաբաժանումների ղեկավարներ:
Հանդիպման նպատակն էր մարզպետի հետ քննարկել պետություն-մասնավոր գործընկերության շրջանակներում մարզում կառուցվող հողմային կայանների աշխատանքային ընթացքին վերաբերող խնդիրներ, այդ ուղղությամբ մարզպետից ստանալ անհրաժեշտ խորհրդատվություն:
«Այս ծրագիրը ընդգրկում է Գեղարքունիքի և Կոտայքի մարզերի 12 համայնք, որից 7-ը ելնելով իրենց աշխարհագրական դիրքից՝ ընտրվել են Գեղարքունիքի մարզից: Հողմակայանի կառուցման նախագծային և նախապատրաստական բնույթի մի շարք աշխատանքներ իրականացվել են վերջին 4-5 տարիների ընթացքում:
Ծրագրի շրջանակներում նախատեսվում է 37 տուրբինների տեղադրում 202 մեգավատ հզորությամբ և 276 միլիոն դոլար արժողությամբ: Ծրագրի իրականացման իդեալական տարբերակը կլինի այն, որ մենք 2022 թվականին ստանանք շինարարական թույլտվություն, 2023-2024 թվականների ընթացքում իրականացնենք տուրբինների տեղադրման աշխատանքներ, իսկ 2025 թվականից արդեն գործարկենք դրանք:
Այս պահին ծրագիրը գտնվում է մշակման վերջնական փուլում և վերը նշվածին հասնելու համար մենք արդեն անհրաժեշտություն ունենք հողային իրավունքների ժամանակավոր և մշտական ձեռքբերման, որի կանոնակարգման հարցում ակնկալում ենք ՀՀ կառավարության, մարզպետարանի և ազդակիր համայնքների աջակցությունը»,- նշել է ընկերության բիզնեսի զարգացման հարցերով տնօրեն Միգել Առարասը:
Ծավալված երկկողմ ակտիվ քննարկումներից հետո Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը նշել է, որ ծրագիրը մարզի համար շատ գրավիչ է, որը, սակայն, լի է նաև զգալի բարդություններով: Մարզպետը պատրաստակամություն է հայտնել ՀՀ կառավարության կողմից ծրագրի անհրաժեշտ բաղադրիչներին համարժեք լուծումներ տալուց հետո մարզպետարանի լիազորությունների շրջանակներում ցուցաբերել աջակցություն խնդիրների կարգավորման հարցում՝ աշխատանքներում ընդգրկելով նաև մարզի ազդակիր համայնքների ներուժը: