24.11.2024
Սուրբ Գայանե վանքում տեղի ունեցավ հոգեհանգիստ 44-օրյա պատերազմում զոհված քաջորդիների համար
prev Նախորդ նորություն

Հայ ժողովրդի կողքին եմ. աշխարհահռչակ օպերային երգիչ Դևիդ Սերերոն ելույթ կունենա Երևանում

Ֆրանսիացի ճանաչված երգիչ, դերասան եւ պրոդյուսեր Դեւիդ Սերերոն ելույթ կունենա Երեւանում: Երգչի մենահամերգը տեղի կունենա վաղը՝ նոյեմբերի 10 –ին, ժամը 19:00-ին Vivaldi Hall-ում:

Սերերոն առաջին անգամ է Հայաստանում, բայց ինչպես ինքն է նշում՝ այս այցը հաստատ վերջինը չի լինի.

«Ես արդեն վայելում եմ Երեւանը, այստեղ մնալու եմ 6 օր, բայց մի բանում վստահ եմ՝ մի օր էլի եմ գալու Հայաստան»,-ասում է երգիչը, որը հայ հանդիսատեսին կներկայացնի հայտնի օպերաներից ու մյուզիքլներից հատվածներ, ֆրանսիական շանսոն եւ, իհարկե, կկատարի Շառլ Ազնավուրի ստեղծագործություններից.
«Ես Փարիզում մեծացել եմ հայերի շրջապատում: Առաջին մարդիկ, որոնք ինձ հնարավորություն են տվել՝ որպես երգիչ ելույթ ունենալու, հայ են եղել, եւ իմ համերգի հանդիատեսի մեջ էլ միշտ գերակշռել են հայերը: Ես շատ շնորհակալ եմ ձեր ազգին՝ այդ մեծ աջակցության համար: Հայերը շատ բարեխիղճ ազգ են՝ միշտ հյուրընկալ եւ ընկերասեր: Ես շատ հայ ընկերներ ունեմ, բայց կցանկանայի ունենալ ավելին»:


Երգչին անչափ դուր է գալիս հայկական խոհանոցը, իսկ հայ կանայք արդեն հասցրել են հիացնել. «Կարծում եմ՝ հայ կանայք աշարհում ամենագեղեցիկ հոնքերն ունեն»,-ասում է նա:

Հայաստանում ելույթ ունենալը Սերերոն համարում է երազանքի իրականացում, իսկ սպասված հրավերը ստացել է իր լավ ընկերոջից՝ Արմանդո Ղուկասյանից:

«Նա իմ ընկերն է, որը շոու-բիզնեսում ամենաաշխատասեր մարդկանցից է, միշտ կարեւոր նախաձեռնություններ է իրականացնում: 2019-ին նրա հրավերով ես ելույթ եմ ունեցել Օդեսայում, եւ հենց այդ օրվանից նրան ասել եմ, որ մի օր անպայման ելույթ եմ ունենալու հայերի համար՝ գեղեցիկ Հայաստանում»:


Երգիչն անհամբերությամբ է սպասում հայ հանդիսատեսի հետ հանդիպմանը:
«Ես կանգնած եմ հայ ժողովրդի կողքին, կիսում եմ նրանց ցավը եւ ցանկանում եմ անել ավելին նրանց համար: Իմ սիրտը միշտ բաց է հայերի համար»:

Դեւիդ Սերերոն հայտնի է իր օպերային, հեռուստատեսային ու բեմական գործունեությամբ: Երգիչն աշխարհում ունեցել է ավելի քան 1600 համերգ, գլխավոր դերերով հանդես է եկել այնպիսի անվանի աշխատանքներում, ինչպիսիք են՝ «Սիրանո դը Բերժերակ», «Օթելլո», «Նաբուկկո», «Մարդը Լամանչիից», «Ռիչարդ III», «Կարմեն» եւ այլն: Երգիչն արժանացել է մի շարք հեղինակավոր մրցանակների, այդ թվում՝ Air France-ի՝ «Արվեստի եւ մշակույթի ոլորտում լավագույն ֆրանսիացի ձեռնարկատերը՝ դրսում», The Dale Wasserman հիմնադրամի կողմից՝ «Դոն Կիխոտի լավագույն երգիչ-դերակատար», ճանաչվել է «Բրաշով քաղաքի արտիստ-դեսպանը»: